Լուրջ բան է տեղի ունենու՞մ:

մարտ 16, 2017 - 07:15        Viewed: 339       

Մարտի լույս 12-ի գիշերն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջին անգամ բախվեց ինքնաբուխ ժողովրդական բունտի, որն անդառնալիորեն քաղաքական նշանակություն ստացավ: Ի՞նչն առաջացրեց այդ պայթյունն ու ինչպե՞ս է այն բնութագրում երկրի ներկայիս իրավիճակը:

Մեզ կարող է օգնել պատմական անալոգիան. հիշենք, մասնավորապես, 2005թ-ի հուլիսին «Ազգային շարժման» կառավարման ժամանակ տեղի ունեցած «ըմբշամարտիկների բունտը»: Այն ժամանակ բողոքի պատճառ էր դարձել մի քանի հայտնի ըմբշամարտիկներին դրամաշորթության համար մեղավոր ճանաչելու որոշումը՝ չնայած այն բանին, որ շուտով նրանք պետք է Վրաստանի պատիվը պաշտպանեին կարևոր միջազգային մրցաշարում: Բողոքն արտահայտվեց դատարանի դահլիճի ավերմամբ, շարունակվեց որպես ցույց Ռուսթավելու փողոցում և ավարտվեց ոստիկանության ճնշմամբ:

Բաթումիում ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ոստիկանը տուգանեց վարորդին սխալ կայանած մեքենայի համար, վարորդը խոսքով վիրավորեց նրան, ոստիկանությունն ագրեսիվ պահվածքին ձերբակալությամբ պատասխանեց: Դա ականատեսների վրդովմունքն առաջացրեց: Ոչ ոք չի վիճում, որ օրենք է խախտվել, սակայն խախտողին արդարացնում են նրանով, որ նա թաղումից է վերադառնալիս եղել, հետևաբար ավելի մեղմ վերաբերմունքի էր արժանի: Ակցիան շարունակվեց Բաթումիի փողոցներում զանգվածային վանդալիզմի տեսքով և ավարտվեց նրանով, որ ոստիկանությունը ճնշեց այն:

Այս երկու դրվագներն ընդհանուր բաղկացուցիչ ունեն. որոշակի համատեքստում պետության կողմից օրենքի իրագործումը որոշակի մարդկանց բողոքն է հարուցում: Նրանց կարծիքով՝ պետությունը պետք է «հասկանա» իր քաղաքացիներին և որոշակի դեպքերում բացառություններ անի. մասնավորապես, երբ խախտում կատարածը հայտնի ըմբիշ է կամ հարազատի թաղումից վերադարձող մարդ: Նման դեպքերում օրենքի իրագործումն արդարության մասին մարդկանց պատկերացումներին հակասում է:

Կարելի է, գլուխը մոխրով ծածկելով, հայտարարել, որ օրենքի հանդեպ անհարգալից վերաբերմունքը մեր ազգային գիծն է: Ինչ-որ առումով, հնարավոր է, որ այդպես էլ կա, սակայն դա ճշմարտության միայն մի մասն է: Զանգվածային անարխիայի և վանդալիզմի դրվագներ, ընդ որում ավելի մասշտաբային, ավելի կայացած ժողովրդարություն ունեցող երկրներում էլ են եղել: Այնտեղ խորքային պատճառներ կային:

«Ըմբիշների բունտի» դեպքում բնակչության մի մասի մոտ տպավորություն կար, որ «Ազգային շարժումն» առաջարկել է ինչ-որ օտար և այն «գաղափարներին» հակասող մի բան, որոնցով մինչ այդ շատերն էին առաջնորդվում: Հետևաբար, պետք էր դիմակայել այդ օտարածին երևույթին՝ գոնե կոտրելով դատարանի դահլիճի աթոռները: Այն ժամանակ գլխավորը ոչ թե «ըմբիշների եղբայրության» արձագանքն էր, այլ այն, որ գրեթե ողջ ընդդիմադիր սպեկտրը համերաշխություն հայտնեց մարզիկներին և ակցիայի ճնշումն անվանեց «մարդկության դեմ հանցագործություն»:

Բաթումի իրադարձությունների ֆոնը բոլորովին այլ է: Բոլորովին վերջերս այստեղ ոստիկանության նոր պետ է նշանակվել, որը տեղացիների համար օտար է, նա Վրաստանի այլ շրջանից է: Նման բանն այլ շրջաններում էլ կարող է դժգոհություն առաջացնել: Սակայն Աջարիայում լրացուցիչ գործոն է կրոնական հարցը: Բունտի շատ մասնակիցներ որպես շարժառիթ են նշել այն, որ ոստիկանության նոր պետն Աջարիայի մուսուլմաններին «թաթարներ» է անվանել: Փաստագրական ապացույց այս ամենը չունի, և, հնարավոր է, որ նման ասեկոսեները հատուկ են տարածվում նոր պետի ախոյանների կողմից. այս դեպքում «հանրային վրդովմունքի» տակ իրականում կարող է տարբեր իշխանական խմբավորումների միջև պայքարը թաքնվել: Սակայն դա ենթադրություն է. իսկ գլխավորն այն է, որ մեղադրանքը պարարտ հողի վրա է ընկել: Աջարիայի մուսուլմանները հաճախ են լսում, որ իրենց կրոնը կասկածի տակ է դնում նրանց վրացական ծագումը, և նրանք դրան շատ ցավոտ արձագանք են տալիս:

Սակայն այդ ֆոնն իր հերթին ավելի մեծ ֆոն ունի: «Վրացական երազանքը» քաղաքական ընդդիմադիրների հետ պայքարում հաճախ է հիմնվում կրոնական ազգայնականության կրողների վրա, այսինքն՝ այն մարդկանց, որոնք աջարցիներին «թաթարներ» են անվանում:

Բաթումի ճգնաժամը, պետք է ենթադրել, որ երկրորդ բաղկացուցիչ էլ ունի: Իշխող «Վրացական երազանքն» ինքնաբուխ (կամ թվացյալ ինքնաբուխ) ժողովրդական հավաքին ավելի մեծ ըմբռնումով մոտեցավ, քան նրա նախորդները: Ավելին, այն հաճախակի խրախուսում էր ժողովրդական վրդովումնքը, եթե այն ուղղված էր նրանց մրցակիցների՝ «ազգայինների» դեմ: Այսպես, անպատիժ մնաց 2013թ-ի մայիսի 17-ին սեռական փոքրամասնությունների դեմ բռնության խրախճանքը: Դրանով այն ժամանակ դեռ նոր իշխանություններն օրինականացնում էին ամբոխի բռնի գործողությունները. եթե ժողովուրդն ի սրտե վրդովված է, ինչո՞ւ չի կարող դա արտահայտել դարավոր ավանդույթների համաձյան:

«Ազգային շարժման» ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ Բաթումում մարտի 11-12-ը գործող վանդալների շրջանում նրանք նկատել են մարդկանց, որոնք նախկինում մասնակցել են իրենց կուսակցության դեմ ուղղված նմանատիպ ակցիաներին: Ինչ-որ մեկը կարող է չհավատալ այս հայտարարությանը, սակայն անհնար ոչինչ դրանում չկա: Եթե դա իրոք այդպես է, ինչպես պնդում է կուսակցությունը, ապա այդ դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը. անպատժելիությանը սովոր բռնություն գործողները, որոնց կառավարությունն օգտագործում է սեփական նպատակներով, ինչ-որ պահի պետության դեմ են դուրս գալու:

Չնայած ի սկզբանե կոշտ հայտարարություններին, իշխանությունները կարծես Բաթումի վանդալների հանդեպ խիստ միջոցներ չեն ձեռնարկի. չնայած ոստիկանական և այլ գույքի զանգվածային ոչնչացմանը, ընդամենը մի քանի մարդ է տուգանվել սիմվոլիկ գումարով: Այդ դեպքում հավանաբար պետք է սպասել բռնի ակտերի շարունակությանը:

Այն, ինչ ժողովուրդը ճգնաժամ է համարում, քաղաքական գործիչները կարող են գնահատել որպես իրենց համար լրացուցիչ հնարավորություն: Դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Սակայն ինչպիսի՞ հստակ հաշվարկներ են արել քաղաքական գործիչները, և ինչպես պետք է նրանց գործողությունները գնահատենք մենք:

2005թ-ին «ըմբիշների բունտին» ընդդիմության արձագանքի մոդելը մի քանի տարով կանխագուշակեց խաղի կանոնները. ընդդիմությունն ավտոմատ կերպով կանգնում է նրանց կողքին, ովքեր ցանկացած առիթով իշխանության դեմ են դուրս գալիս: Իր կողմից իշխանությունն առավելագույնս օգտագործեց նման իրավիճակն ընդդիմությանը վարկաբեկելու համար: Իշխանությունները դեռ շատ երկար են ընդդիմությանը վերաբերվելու որպես «բունտերի պաշտպանի». «ազգայինները» փորձեցին ապօրինությունների գիրկն ընկած ըմբիշին վերածել ընդդիմության անսկզբունքայնության խորհրդանիշ:

Արդյո՞ք այդ պրակտիկան պետք եկավ այն ժամանակվա ընդդիմությանը: Նա կարողացավ զանգվածային բողոք մոբիլիզացնել 2007-08թթ-ին, սակայն արդյունքում՝ օպորտունիստական արմատականությունը լիակատար մարգինալացման բերեց: Բիձինա Իվանիշվիլիի հայտնվելու ժամանակ ընդդիմությունը փաստացի մեռած էր. միլիարդատեր քաղաքական գործչի հաջողության առաջին բացատրությունը տանում է դեպի հսկայական ֆինանսական ռեսուրսները, սակայն պետք չէ մոռանալ, որ նա արմատապես փոխել է մարտավարությունը. հրաժարվել է անարխիստական պայքարի մեթոդներից և պայքարի բացառապես օրինական մեթոդներ գործարկել: Եվ դա շահեկան էր:

Ինչպես իրեն պահեց նմանատիպ իրավիճակում ընդդիմության վերածված «Ազգային շարժումը»: Նրա գործողությունները ծայրահեղ անհետևողական էին: Որոշ առաջնորդներ և ակտիվիստներ չդիմացան գայթակղությանն և Բաթումի ավերածությունն ազատագրական շարժման սկիզբ հայտարարեցին: Հաջորդ օրը կուսակցության ղեկավարությունը փորձեց ուղղել այդ կոպիտ քաղաքական սխալը, սակայն վնասն արդեն կրել էին:

Բունտը սեփական ձևով փորձեց մեկնաբանել նաև իշխանությունը՝ դրա կազմակերպման համար մեղադրելով «Ազգային շարժմանը»: Դրանով իշխանությունները փորձեցին իրենց վրայից գցել զարգացած ճգնաժամի համար պատասխաննատվությունը: «Վրացական երազանքի» «հիմնական բնազդն»՝ «Ազգային շարժմանը» երկրում տեղի ունեցող ամեն վատ բանում մեղադրելը, վաղուց ծիծաղ է առաջացնում:

Վերջերս «ազգայիններից» առանձնացած «Եվրոպական Վրաստանի համար» կուսակցության համար Բաթումի դեպքերը շանս էին բնակչությանն ավելի խորը և հասկանալի ձևով բացատրելու, թե ինչով է այն տարբերվում նախկին կուսակիցներից. նրանով, որ, չնայած իշխանության հանդեպ ունեցած ծայրահեղ քննադատական վերաբերմունքին, այն չփորձեց օգտագործել ստեղծված իրավիճակը և կասկածելի սուբյեկտների կողքին չկանգնեց: Սակայն արդյո՞ք կուսակցությունը կարող է լիովին այդ ուղերձը մարդկանց հասցնել:

Եվ վերջապես, գլխավոր հարցը՝ Բաթումի բունտը նոր միտման նախանշա՞ն է, թե՞ մեկուսացված դրվագ կմնա: Այս հարցի պատասխանը դեռևս վաղաժամ է: Գիշերային խրախճանքը համընդհանուր քննարկման առարկա է դարձել. սա ակնհայտ առաջընթաց է, եթե համեմատենք «ըմբիշների բունտին» տրված արձագանքի հետ: Սակայն այդ գիշերն այնուամենայնիվ չափազանց ցավոտ էր երկրի և իշխանությունների համար. այն ցույց տվեց, որ գործերը վատ են: Երբ անպատժելի բռնությունը սովորություն է դառնում, ոչ ոք չգիտի, թե երբ և ինչ պայմաններում նոր պայթյուն տեղի կունենա:

Գիա Նոդիա

Օրացույց