Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

մարտ 18, 2017 - 18:17        Viewed: 253       

Սահմանադրական պետական Հանձնաժողովի աշխատանքին մասնակցող մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ հայտարարել են տվյալ կազմը լքելու իրենց մտադրության մասին։ «Եթե մենք նկատենք, որ Սահմանադրական Հանձնաժողովի աշխատանքին մեր մասնակցությունը զուտ ձևականություն է, ապա մենք՝ ոչ կառավարական կազմակերպության մասնակիցներս, դուրս կգանք տվյալ Հանձնաժողովի կազմից։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերի կառավարությունը։ Մենք չենք, ցանկանում, որպեսզի մեր մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին անիմաստ լինի», -հայտարարել է «Միջազգային թափանցիկություն» կազմակերպության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Սահմանադրական հանձնաժողովը պետք է ավարտի իր աշխատանքը մինչ 2017թ․-ի ապրիլի ավարտը։

«Բաթումիում տեղի ունեցածը ծրագրված առճակատմանը ազգային երանգ տալու փորձ է համարվում։ Դա երկրում ապրող տարբեր բնակչություններին միմյանց հակադրելու փորձ էր՝ ըստ ազգային, կրոնական նշանի։ Անկարգությունների ընթացքում հնչում էր վիրավորական արտահայտությունը՝ «թաթարներ»՝ այս վիրավորանքը բնականաբար ազգային հենք չի ենթադրում», -հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը։ Հիշեցնենք, որ Բաթումիում մարտի 11 լույս 12-ի գիշերը տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնք տևել են 8 ժամ և դադարեցվել են իրավապահպան մարմինների ակտիվ միջամտությունից հետո։

«Մարտի 11-12-ի դեպքերը Բաթումի քաղաքին 150 000 լարիին համարժեք վնաս են հասցրել», -հայտարարել է Բաթումիի քաղաքապետը։ Նշենք, որ պետական սեփականությանը հասցված վնասից բացի Բաթումիի գիշերային անկարգությունների ընթացքում վնաս է հասցվել նաև քաղաքացիական անձանց՝ ոչնչացված է քաղաքացիների մասնավոր սեփականությունը։

«Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունից ստացած տեղեկության համաձայն՝ Բաթումիում գիշերային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 40 մարդ։ Մինչդեռ, մեր տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված է 75 մարդուց ոչ պակաս», -ասված է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի հայտարարությունում։

Բաթումիում տեղի ունեցած անկարգություններից երկու օր անց՝ մարտի 14-ին, ոչ պաշտոնական այցով (մի քանի ժամով) Աջարիայի Ինքնավար Հանրապետություն է ժամանել Թուրքիայի վարչապետը։ Թուրք վարչապետի Բաթումի կատարած այցելության հստակ օրակարգը չի հրապարակվում, մինչդեռ հայտնի է, որ նա հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ։ «Կողմերը նշել են թուրք-վրացական ռազմավարական համագործակցության դրական աճի միտումը», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության կողմից տարածած համառոտ տեղեկության մեջ։

Անցյալ տարիների համեմատությամբ 2016թ․-ին Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում արված նեդրումները աճել են 17%-ով և կազմել 427 900 000 դոլար։ 2016թ․-ին Աջարիայում ներդրվել է 301 700 000 դոլար արտասահմանյան ներդրում և 126 200 000 դոլար տեղական ներդրում։ Էներգետիկայի բնագավառում ներդրվել է ներդրումների ընդհանուր ծավալի 45․5%, զբոսաշրջության բնագավառում՝ 31․65%, շինարարության մեջ՝ 20․8%, իսկ այլ բնագավառներում՝ 2.1%:

Ավարտվել է Վրաստանի հանրային դպրոցների ուսուցիչների և առաջին դասարանցիների համար համակարգիչների ձեռքբերման պետական տենդերը։ «Պետական պատվերի շրջանակներում ձեռք է բերվել 53 700 համակարգիչ, որոնք 2017-18թթ․ անփոխհատույց կտրամադրվեն առաջին դասարանցիներին և ուսուցիչներին», -ասված է Վրաստանի Կրթության նախարարության հայտարարությունում։

Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ Գարդաբանիում (Քվեմո Քարթլի շրջան) ձերբակալված է Ադրբեջանի 2 քաղաքացի՝ ռազմական հրազեն կրելու և պահելու մեջ մեղադրվող։

«Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2017թ․-ի հունվար-փետրվարին կազմել է 1 423 000 000 դոլար, ինչը 18%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Արտահանման ծավալը կազմել է 356 000 000 դոլար (27% ավելի 2016թ․-ի հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ), իսկ ներկրման ծավալը՝ 1 067 000 000 դոլար (15% -ով ավելի)։ Ապրանքաշրջանառության բացասական հաշվեկշիռը նշված ժամանակահատվածում կազմել է 712 000 000 դոլար, ինչը կազմում է երկրի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 50%-ը», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

2017թ․փետրվարին արտասահմանից Վրաստան է փոխադրվել 94 100 000 դոլար, ինչը 17․9%-ով ավելի է, քան 2016թ․-ի փետրվարին։ Վրաստանում ամենաշատը գումար է փոխանցվել Ռուսաստանից՝ 32 200 000 դոլար, ԱՄՆ-ից՝ 10 800 000 դոլար, Հունաստանից՝ 10 700 000 դոլար, Իտալիայից՝ 10 500 000 դոլար, Թուրքիայից՝ 8 100 000 դոլար։ 2017թ․-ի փետրվարին Վրաստանից արտասահման է փոխանցվել 14 600 000 դոլար։

2011-2016թթ․ Եվրամիությունից արտաքսվել է Վրաստանի 5 416 քաղաքացի։ Եվրամիությունից ամենաշատը Վրաստանի քաղաքացիներ արտաքսվել են 2013թ․-ին՝ 1 240 մարդ, իսկ ամենաքիչը 2011թ․-ին՝ 737 մարդ։ 2012թ․ արտաքսվել է 972 Վրաստանի քաղաքացի, 2014թ․-ին՝ 855 մարդ, 2015թ․-ին՝ 787 մարդ, իսկ 2016թ․-ին՝ 825 մարդ։

Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է Վրաստանի 48 քաղաքացու ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Իսպանիայի տարածքում կազմակերպված հանցագործությանը մասնակցելու մեջ։

«2017թ․-ի փետրվարին Վրաստան է ներկրվել 72․2 տոննա բենզին և դիզել վառելիք, ինչը 2․4 տոննայով (3,3%) պակաս է 2016թ․-ի փետրվարի համեմատությամբ։ 2017թ․-ի փետրվարին ներկրվել է 36․1 տոննա բենզին և 36․1 տոննա վառելիք դիզել։ Ռուսաստանից ներկրվել է 20․8 տոննա բենզին և դիզել (ընդհանուր ծավալի 28,8%), Ռումինիայից՝ 19,1 տոննա (26,5%), Բուլղարիայից՝ 13,8 տոննա (19,1%), Ադրբեջանից՝ 12,6 տոննա (17,5%), Թուրքմենստանից՝ 3 տոննա (4,1%), Հունաստանից՝ 1,6 տաննա (2,2%), Կիպրոսից՝ 1,3 տոննա (1,8%)։ Ընթացիկ տարվա փետրվարին Վրաստան է ներկրվել 2․3 տոննա բիթումի նավթ, ինչը 43․5%-ով ավելի է, քան անցյալ տարի փետրվարին։ Ներկրված 69․6%-ը 2017թ․-ի փետրվարին ձեռք է բերվել Իրանից», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

«Մեր այցելությունն Ադրբեջան շատ կարևոր է։ Մեզ համար կարևոր է աշխատանքը մեր գործընկերների հետ, քանի որ Ադրբեջանը մեր ռազմավարական համագործակիցն է համարվում։ Մենք միասին իրականացնում ենք բազմաթիվ նախագծեր», -հայտնել է Վրաստանի նախագահը, որը մարտի 16-17-ը այցելել է Բաքու, մասնակցելու V Գլոբալ ֆորումին։

«Մեր տնտեսական համագործակցության պոտենցիալը դեռևս ամբողջովին օգտագործված չէ։ Մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ավելի բազմակողմանի զարգացման հնարավորություն գոյություն ունի», -Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին։ «Նախագահները նշել են, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվեն միջազգային իրավունքի կանոննների շրջանակներում», -ասված է Վրաստանի նախագահի վարչության տարածած հայտարարությունում։

«2017թ․-ին ընթացիկ ծախսերը կկրճատվեն 26,5%-ից մինչ 21,5%։ Ըստ մեր կանխատեսումների՝ 2018թ․-ին ծախսերը կկազմեն Վրաստանի ՀՆԱ-ի 23,5%-ը», -հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարը։

Օրացույց