Հայաստանը զգուշացնում է` ռուս-թուրքական նոր դավադրություն թույլ չի տա

մարտ 20, 2017 - 08:06        Viewed: 232       

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Երևանում երկու օր առաջ անցկացված «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ֆորումի ժամանակ ունեցած ելույթում, ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի վրա ռուս-թուրքական հարաբերությունների ազդեցությանը: Նա ասել է, որ եթե Ռուսաստանին հաջողվի ձեռք բերել կախատեսելի Թուրքիա, դա կբխի Հայաստանի շահերից: «Որովհետեւ ավելի հասկանալի եւ կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին մենք միշտ մտածել ենք: Վստահ չեմ, թե դա արագ կարող է տեղի ունենալ՝ հաշվի առնելով Թուրքիայում հիմա տեղի ունեցող գործընթացները: ...Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն արտահայտված է նաեւ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայության մեջ: Այն տարածաշրջանում անչափ լուրջ զսպող գործոն է»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտոնական Երևանի կողմից այս ուղերձը հնչում է ռուս-թուրքական հարաբերությունների՝ վերջին ամիսներին կայծակնային արագություն ստացած վերականգնման գործընթացի ֆոնին: Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկ տարվա ընթացքում իր երրորդ այցը կատարեց Մոսկվա: Բանակցություններից հետո նա նախագահ Պուտինի հետ գոհունակությամբ արձանագրեց, որ երկկողմ հարաբերությունները գրեթե ամբողջ ծավալով վերականգնվել են 2015-ին սկսված խոր ճգնաժամից հետո: Հանդիպումից հետո նրանց հայտարարություններից պարզ դարձավ, որ թեև կողմերը համաձայնությունների չեն հանգել Ղրիմի, սիրիական քրդերի հարցերում, բայց կարողացել են ընդհանուր մոտեցում որդեգրել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և 2015թ. նոյեմբերից առկախված խոշոր տնտեսական երկու նախագծերը՝ «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը և Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցումը վերսկսելու շուրջ:

Մոսկվան և Անկարան ոչնչի առջև կանգ չեն առնում հարաբերությունները նախկինից ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Ռուսաստանը դրանում շահագրգռված է Թուրքիայի մասնակցությամբ մերձավորարևելյան տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման մեջ Արևմուտքի դերը նվազագույնի հասցնելու, այնտեղ ամուր հաստատվելու և իր նկատմամբ Արևմուտքի կողմից շարունակվող տնտեսական շրջափակման հետևանքները մեղմելու համար: Այս իմաստով` Ռուսաստանին իսկապես անհրաժեշտ է գործ ունենալ հնարավորինս կանխատեսելի և վստահելի Թուրքիայի հետ:

Սակայն հարցն այն է, որ որքան Ռուսաստանը մերձենում է Թուրքիային, այնքան միջազգային մակարդակով վերջինիս դարձնում է ավելի անկանխատեսելի: Բանն այն է, որ Ռուսաստանն իր այս քաղաքականությամբ սպասարկում է Թուրքիայում օսմանյան կայսրությունը վերականգնելու և դեպի արևելք ծավալվելու` պանթուրքիստական մարազմով տառապող Էրդողանի տոտալիտար ռեժիմի հաստատմանը, որը լեգիտիմ բնույթ կստանա ապրիլին կայանալիք սահմանադրական փոփոխություններով: Ամբողջ Եվրոպան որդեգրել է Թուրքիայում սուլթանության հաստատման էրդողանական շարժընթացին խոչընդոտելու դիրքավորում: Դրա համար են Գերմանիայի, Հոլանդիայի, Դանիայի իշխանություններն արգելում իրենց երկրներում թուրքական համայնքների հետ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրքական կառավարության ներկայացուցիչների հանդիպումները՝ չխորշելով միջպետական դիվանագիտական սկանդալներից: Էրդողանի հետևողական քաղաքականության ներքո Եվրոպան ոչ այնքան ժողովրդավարական արժեքներից Թուրքիայի օտարման, որքան վերջինիս լիարժեք անվերահսկելի դառնալու իրական վտանգ է տեսնում:

Ի հեճուկս Արևմուտքի` Էրդողանի առջև բացելով գիրկը՝ Մոսկվան ոչ միայն նրան միջազգային մեկուսացումից ձերբազատվելու հնարավորություն է ընձեռում, այլև լուրջ խաղաքարտ է տալիս Էրդողանին` պրոռուսական կողմնորոշում որդեգրելու իմիտացիա ստեղծել և դրանով իսկ իր պահանջարկը ԵՄ-ի և Արևմուտքի մոտ մեծացնել: Մոսկվան ուղղակիորեն սպասարկում է Արևմուտքի և իր հակասությունների վրա խաղալու և երկու բևեռներից էլ դիվիդենդներ ստանալու` Անկարայի ավանդական արտաքին քաղաքականությունը՝ բացարձակապես որևէ երաշխիք չունենալով, որ Անկարան գոնե իր համար բավականաչափ վստահելի է:

Թուրքիայի հարցում ռուսական դիվանագիտության՝ հավերժական թվացող կուրությունը, պատմության սխալներից դասեր չքաղելու հանգամանքը ոչ միայն միշտ աշխատել է հենց Ռուսաստանի դեմ, այլև վտանգի տակ է դրել Թուրքիային հարակից տարածաշրջանները:

Դեռևս պարզ չէ՝ այդ ինքնուրույնացումն ինչպե՞ս է անդրադառնալու հարավկովկասյան տարածաշրջանի վրա, օրինակ` Իրանի և ԱՄՆ-ի միջև օր օրի սրվող ճգնաժամի համատեքստում, մանավանդ, որ դրան զուգահեռ ու գուցե դրա ազդեցությամբ գնալով սրվում են Թեհրանի և Անկարայի հարաբերությունները: Իրանական թնջուկը միտումնավոր շրջանցվում է Անկարայի և Մոսկվայի օրակարգում: Մինչդեռ տարածաշրջանի համար դա կենսական է, քանի որ ուղղակիորեն վերաբերում է նրա բոլոր երկրների և Հայաստանի անվտանգությանը:

Այս իմաստով չափազանց կարևոր էր երևանյան ֆորումում Վիգեն Սարգսյանի արած այն դիտարկումը, թե հայերի պատմական հիշողության մեջ մնում է խոր վիրավորանքն անցած դարասկզբի այն պայմանավորվածություններից, որոնցով Հայաստանի պատմական հողերը հանձնվեցին Թուրքիային։ Պարզ է՝ նախարարի ակնարկը վերաբերում է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի մերձեցման արգասիք` 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, որոնցով Հայաստանը, ըստ էության, բաժանվեց նրանց միջև: Առաջին անգամ է, որ Երևանը նման մակարդակով Մոսկվային հիշեցնում է այն գինը, որը վճարել է Թուրքիայի հետ Ռուսաստանի մերձեցման համար: Իսկ հիշեցման նպատակն էր, թերևս, պարզաբանել, որ նախ՝ Երևանը չի հավատում երկարաժամկետ հեռանկարով Մոսկվայի և Անկարայի միջև վստահելի տանդեմի ձևավորմանը: Երկրորդ՝ Մոսկվային հասկանալի է դարձնում, որ թեև ռուս-թուրքական կանխատեսելի, կայուն հարաբերությունները Հայաստանի համար ավելի նախընտրելի են, քան քաղաքական կոնֆրոնտացիան կամ պատերազմը, սակայն Երևանը նաև հասկանում է, թե ինչպես կարող են թիկունքում լարվող դավադրությամբ իրեն կամ իր կենսական շահերը զոհաբերվել այդ հերթական սիրախաղերին, հետևաբար` ամեն ինչ անելու է` նման հեռանկար թույլ չտալու համար:

Այդ հայտարարությունը թեև նկատելիորեն թույլ, սակայն պատասխան էր նաև Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանի արած այն բացահայտմանը, թե Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության Խորհրդի նիստում բարձր մակարդակով քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ միության ստեղծման և այդ համատեքստում Արցախյան հակամարտության կարգավորման հարցերը: Այս համատեքստում կարելի է հասկանալ նաև Վիգեն Սարգսյանի հիշեցումը թե՛ հայ-իրանական սերտ բարեկամական հարաբերությունների և թե՛, հատկապես, Հայաստան-ՆԱՏՕ գործակցության մասին:

Դրանցով Երևանն անուղղակիորեն զգուշացրեց իր անվտանգության ապահովման այլընտրանքային ուղղության ընտրության հնարավորությունը, եթե չաշխատեն անվտանգության ապահովման ռուսական երաշխիքները, կամ Մոսկվան փորձի գործել դրանց հակառակ:

Գևորգ Դարբինյան

Օրացույց