Փոխվել է հարվածի ուղղությունը

մարտ 28, 2017 - 07:02        Viewed: 284       

Սերժ Սարգսյանը այցելել է Արցախի պաշտպանության հարավային տեղամաս եւ հետեւել զորավարժության ընթացքին, պարգեւատրել զինծառայողներին ու ելույթ ունեցել: Արցախի պաշտպանական գծի հարավային հատված Սարգսյանը նախորդ անգամ այցելել էր Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումից հետո, որտեղ Մոսկվան ու Բաքուն փորձ արեցին գործընթացը վերադարձնել նախաապրիլյան հուն: Սերժ Սարգսյանը քաղաքացիական հագուստով էր, Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ, եւ շատերը դա մեկնաբանեցին որպես հարավում հաստատված նոր սահմանը «ճանաչելու» քայլ:

Այս անգամ Սերժ Սարգսյանը զինվորական հագուստով էր եւ բավական կոշտ ելույթ ունեցավ, որն ուղղված էր թե ներքին, թե արտաքին լսարանին: Մասնավորապես, նա համոզմունք հայտնեց, որ բանակն անառիկ է պահելու ներկայիս սահմանները:

«Մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն», -ասել է նա։

Ապրիլյան պատերազմը, մեծ կորուստների գնով, հայկական կողմին հանեց փակուղուց, որն առաջացել էր ղարաբաղյան խնդրում զիջողական քաղաքականության արդյունքում, փոխարենը փակուղի մտցրեց Ադրբեջանին ու Ռուսաստանին: Ադրբեջանը կորցրեց «պատերազմի իրավունքը», իսկ Ռուսաստանը՝ Հայաստանն իր ուղեծրում պահելու փաստարկները:

Ռուսաստանը հայտնվեց իր դաշնակցային պարտավորությունը կատարելու կամ Հայաստանի դեմ բացահայտ քաղաքականությունը շարունակելու երկընտրանքի առջեւ, որն իրականում երկընտրանք էլ չէ, այլ կատարյալ փակուղի: Հայաստանը «բռնեց» այս վիճակը եւ կոշտացրեց բանակցային գործընթացում իր դիրքերը, դնելով նախապայման՝ Արցախի կարգավիճակի ճանաչումը:

Բաքուն հետապրիլյան ժամանակաշրջանում փորձում է Ռուսաստանին վերադարձնել նախկին քաղաքականության տրամաբանությանը, խնդիրը կրկին տեղափոխելով եռակողմ ձեւաչափ: Հայաստանը եւ արեւմտյան համանախագահները պնդում են հետաքննության մեխանիզմի ներդրումն ու այդպիսով ագրեսորի սահմանումը, ինչը մի կողմից ներկայիս սահմանների ճանաչման քայլ է, մյուս կողմից՝ Ադրբեջանի քաղաքականության վախճանը: Ադրբեջանը մերժել է այն:

Հայաստանն այս ընթացքում ամրացրել է սահմանները եւ ստացել տեխնիկական նոր հնարավորություններ, որոնք թույլ են տալիս խորքային հետախուզության միջոցով արձանագրել հակառակորդի տեղաշարժերը: Դրան զուգահեռ, հայկական բանակն անցավ կանխարգելիչ հարվածների մարտավարության, ինչն անակնկալ էր Ադրբեջանի համար: Փետրվարի 25-ի գործողությունն այդ իմաստով վերջ դրեց Ադրբեջանի բոլոր պատրանքներին:

Այս քաղաքականության արդյունքում «պատերազմի իրավունքն» անցավ Հայաստանին, այն իմաստով, որ միջազգայնորեն փաստացի ամրագրվեց խաղաղություն պարտադրելու հայկական կողմի իրավունքը, այն պայմաններում, երբ Ադրբեջանը մերժում է հետաքննության մեխանիզմի ներդրումը:

Փոխվեց հարվածի ուղղությունը, ինչն արդյունք էր մի կողմից Հայաստանի կոշտ դիրքորոշման, մյուս կողմից՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի փակուղու:

Հայաստանի նվազագույն խնդիրը ներկայում այս իրավիճակը եւ նախեւառաջ Ռուսաստանի փակուղին պահելն է: Հայերն ունեն Ղարաբաղյան առաջին պատերազմի դասը՝ հայերը հաղթում են, երբ ռուսները հեռանում են շրջանից, կամ առնվազն չեզոքություն են պահպանում:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի ղեկավարությունը պահել այս իրավիճակը: Դրա համար կան թե ներքին, թե արտաքին բարենպաստ պայմաններ: Սա խաղաղությունը պահելու առայժմ միակ գործուն տարբերակն է:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների վրա պահված զենքի ու մասնավորապես Իսկանդերի մասին մի կողմից կարող է դիտվել ինչ որ բանից մտահոգվածության նշան, մյուս կողմից՝ նախընտրական ռազմատենչ ելույթ: Սակայն դա խոշոր հաշվով այս իրավիճակը պահելու հայտարարություն է, եւ պետք է հուսալ, որ այս քաղաքականությունը հետեւողական կլինի: Ադրբեջանը պետք է համոզված լինի, որ այդ զենքը կրակելու է, որի հետեւանքը լինելու է ադրբեջանական պետականության փլուզումը:

Հայկազն Ղայրիյան

Օրացույց