Վիրահայոց Թեմում նշվեց Միջինքը

մարտ 29, 2017 - 08:04        Viewed: 254       

ՎիրաՀայոց Թեմ -Քրիստոնեական եկեղեցիներում Մեծ Պահքի շրջան է: Մարտի 22-ին Պահքը կիսվեց, Պահքի երկրորդ կեսը կշարունակվի մինչև Հրաշափառ Հարության տոնը:Ժողովուրդը Պահքի կիսվելու օրը անվանում է Միջինք և այն ուղեկցվում է մի շարք սովորություններով, օրինակ գաթա կամ բաղարջ պատրաստելով:

2017 թվականի մարտի 22-ին Վիրահայոց թեմի եկեղեցիներում տիրում էր Միջինքի պարգևած ուրախ տրամադրությունը, որն ուղեկցվում էր «Հայկական գաթա» փառատոն-մրցույթով:

Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում գտնվող Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցիները բազմամարդ էին: Ավանդական տոնին ներկա էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, բազում հավատացյալներ:Եկեղեցիներում հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց երեկոյան ժամերգություն: Այնուհետև օրհնվեցին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամների և հրուշակագործ Լարա Հարությունյանի գլխավորությամբ «Հայարտուն» կենտրոնում պատրաստած Միջինքի գաթաները, որոնցից մի քանիսի մեջ դրված էին Եկեղեցիների խաչքավորների և Թբիլիսիի հայ ոսկերիչների նվիրած արծաթե խաչերը:

Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» համույթի տղաների ու աղջիկների կողմից եկեղեցու հավատացյալներին բաժանվեցին «Միջինքի» ավանդական գաթաները:

Միջինքի օրը գաթայի փառատոն-մրցույթով նշվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում:Եթե Ախալքալաքում և Նինոծմինդայում այն դարձել է ավանդական, ապա Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Միջինքը հանդիսավորապես նշվեց առաջին անգամ: Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով: Հայոց Եկեղեցին իրենց ներկայությամբ պատվել էին Ախալցիխեի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն, Սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն, այլ պաշտոնյաներ և համայնքային գործիչներ:

Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Թեմի պաշտոնեության ուղեկցությամբ:

Թեմակալ առաջնորդը ողջունելով ներկաներին, հավուր պատշաճի քարոզ խոսեց ժամերգության խորհրդի մասին, հավատացյալներին մաղթեց սիրով և հավատքով անցնել նաև Պահքի երկրորդ կեսը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսի հանդիսապետությամբ և Ախալցիխեի և Բորժոմի տարածաշրջանների հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի մասնակցությամբ կատարվեց խաղաղական ժամերգություն:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու, հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ժողովրդական ավանդույթները իրենց խոսքում արժևորեցին Վիրահայոց թեմի առաջնորդը և վրացի պաշտոնյաները: Ուրախալի է, որ բացի հայ տիկնանցից գաթայի փառատոնին իր մասնակցությունն էր բերել Ախալցիխեի կույրերի միությունը՝ նախագահ Թինա Աբեսաձեի գլխավորությամբ:

Ախալցիխեի հավատացյալներին շնորհավորելով Գաթայի փառատոնի կազմակերպման կապակցությամբ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը փառատոնին նվիրեց Թբիլիսիից բերած միջինքի գաթաները:

Օրը տոնական էր նաև Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում:

Հավատացյալները ժամերգության էին եկել այդ օրվա համար հատուկ թխած տարատեսակ գաթաներով:Տարեցտարի փառատոնի մասնակիցների թիվն ավելանում է, հարստացնելով հայկական գաթայի տեսականին: Փառատոնին ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, պաշտոնյա այրեր, մշակույթի գործիչներ։

Հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվների կատարվեց հանդիսավոր ժամերգություն։ Ապա արարողակարգը շարունակվեց Միջինքի և ավանդաբար Ջավախքում անցկացվող «Հայկական Գաթա» փառատոնի մասին կարճ ակնարկով, որից հետո երաժշտական համարներով հանդես եկան ուխտավոր Արմա Գալոյանը և Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համույթը:Փառատոնի մասնակիցները ստացան շնորհակալագրեր և ՋԱՀ-ի կողմից գոգնոցներ՝ «Հայկական գաթա» տարբերանշանով: Տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցու բակում, որտեղ հանդես եկան Առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» և «Վաչիան» պարային համույթները (գեղարվեստական ղեկավար՝ Նասլետ Քեյան): Տոնն ուղեկցվեց գաթայի հյուրասիրությամբ:

«Միջինքի» օրը հոծ բազմություն էր հավաքվել Նինոծմինդայի Սբ. Սարգիս եկեղեցում: Նինոծմինդայի շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանի և հոգևոր դասի մասնակցությամբ երեկոյան ժամերգությունից հետո օրհնվեցին մրցութային գաթաները, որոնք ներկայացվեցին Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում (տնօրեն Ժորա Սնխչյան) կազմակերպված «Հայկական գաթայի» փառատոն-մրցույթին:

Տոնահանդեսը շարունակվեց կենտրոնի բակում: Մինչ մրցութային հանձնաժողովը կընտրեր լավագույն գաթաները, երգչախումբը և կենտրոնի պարային համույթը բացօթյա համերգ տվեցին հանրության համար: Հաղթողներն ստացան դիպլոմներ և նվերներ:

Պահքի Միջինքի տոնը հավուր պատշաճի և ժողովրդական սովորությամբ նշվեց նաև Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, որին մասնակցեցին տեղի բնակիչ շուրջ 50 տանտիկիններ: Ժամերգությանը ներկա էին Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը, համայնքային գործիչներ: Մրցույթ-փառատոնի հաղթողները ստացան հուշանվերներ, իսկ հավատացյալներից «բախտաբերներին» բաժին ընկան Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քհն Գումբալյանի կողմից օրհնված և գաթայի մեջ դրված խաչերը: Միջինքը ուրախ ժողովրդական տոնի վերածվեց Վիրահայոց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:

Եկեղեցական տոներին զուգորդվող ժողովրդական սովորությունների վերականգնումը նոր աշխուժություն է մտցնում հավատացյալների կյանքում, տարեցտարի ստանալով ավանդույթի ուժ: 

Օրացույց