Վերադարձ տուն՝ գիտակցված որոշում

մարտ 30, 2017 - 07:51        Viewed: 297       

Անկախության 25 տարիներին Հայաստանից հեռացողների կողքին, հայտնվել է մարդկանց մի խումբ, ովքեր ներգաղթելով հայրենիք`փորձում են կայանալ ու ստեղծագործել հայրենի հողում, նպաստելով աշխարհասփյուռ 10 միլիոնանոց հայության նվազմանը`փոխարենը ավելացնելով երկրում ապրող 3 միլիոն հայերի թիվը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի տվյալների 25 տարում Հայաստանից հեռացել է 1 միլիոն 10 հազար մարդ: Այսպիսի ցուցանիշ ԱՎԾ ստացել է միջազգային մեթոդաբանությամբ`հաշվի առնելով 2001 և 2011 թվականների մարդահամարի տվյալները: 2012 թվականին ստեղծված «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի տվյալներով էլ իրենց կազմակերպության աջակցությամբ ամեն տարի 1000-1500 մարդ տեղափոխվում է Հայաստան:

«Մենք խորհուրդ ենք տալիս, աջակցում նրանց ովքեր ցանկություն ունեն Հայաստան տեղափոխվելու: Մենք կապող օղակ ենք, ինչպես գործ գտնել Հայաստանում, որոնք են հեռանկարային մասնագիտությունները հայրենիքում, օգնում ենք կապ հաստատել գործատուների հետ: Ամենակարևոր նվաճումն այն է, որ ունենք շուրջ 4000 հոգանոց խումբ ֆեյսբուքում: Աշխատում ենք նաև արդեն տեղափոխվածների հետ», -ասում է Մարաշլյանը, ով նույնպես Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունում երկար տարիներ ապրելուց հետո:

Մարաշլյանը ծնողների հետ Մոսկվա է տեղափոխվում 1980-ին: 1998-ին՝ 24 տարեկանում, վերադառնում է Հայաստան ու հայրենիքում անցկացնում 2,5 տարի: Ասում է, որ եթե այդ ժամանակ Հայաստան չգար, ապա հիմա բոլորովին այլ մարդ կլիներ ու ոչ էլ կգտնվեր Հայաստանում. «Հենց այդ տարիներին հասկացա, որ պետք է վերադառնամ այստեղ ապրելու: Անցավ ևս 10 տարի, ու ես հասկացա, որ պատրաստ եմ հայրենիք վերադառնալու: Ու վերադարձա արդեն կնոջս ու դստերս հետ, տղաս ծնվեց Հայաստանում:

Այստեղ հաճախ բացասաբար են վերաբերվում վերադարձողներին: Բոլորը՝ սկսած տաքսու վարորդից, քննադատում են՝ ի՞նչ ես էստեղ կորցրել, փախի, քանի ուշ չի: Մենք չենք ասում՝ էստեղ դրախտ է, հա՛, էստեղ դժվար է, բայց սա մեր երկիրն է, որը մեծ առավելություն է տալիս կյանքի որակի և հայ մնալու առումով: Այս բացասական վերաբերմունքը, այս մթնոլորտը պետք է ինչ-որ ձևով փոխել»:

14 տարի Դոնի Ռոստովում ապրելուց հետո Հայաստան տեղափոխված Նարե Բեջանյանն էլ նշում է, որ իրեն հայրենիք բերեցին հիշողությունները, որոնցով ապրում էր Ռուսաստանում. «14 տարի չեմ ապրել ներկայով, ապրել եմ անցյալով կամ ապագայով: Այն, ինչ թողել ու գնացել էի, եկել եմ ու վերագտել: Ես տանն եմ, ինձ համար նախընտրելի է հաղթահարել դժվարությունները հայրենի հողի վրա, ամեն տեղ էլ կան այդ դժվարությոունները: Մարդիկ դուրս են գալիս երկրից ֆինանսապես ավելի բավարար են ապրում, ինձ համար միայն դա չափանիշ չէ երջանիկ լինելու համար: Զգում եմ դժվարությունները, բայց հոգեպես ուժեղ եմ»:

Նարեն աշխատում է «Music of Armenia» կազմակերպությունում որպես event manager: Կազմակերպությունը զբաղվում է հայկական երաժշտության տարածմամբ, կազմակերպում է համերգներ, փառատոններ:

Վարդան Մարաշլյանը նշում է. անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ընդունի հայրենադարձության մասին օրենք: Սփյուռքի նախարարությունը մշակել է օրենքի նախագիծը, ներկայացվել է կառավարություն, որից հետո այն հասել է Աժ, սակայն օրենքի մասին հիմա խորհրդարանում հիշող չկա:

«Պետք է հստակեցնել թե ով է հայրենադարձը, սահմանել կարգավիճակը: Պետք է հասկանանք, այդ մարդկանց համար ինչ կարող ենք ստեղծել երկրում, ինչ հնարավորություններ կան, որպեսզի խթանենք հայրենադարձությունը: Խոսքը չի վերաբերում ֆինանսական խնդիրներին, այստեղ խնդիրը իրավական է, խորհրդատվական: Նրանք, ովքեր գալիս են, շատ բաներից տեղյակ չեն անգամ, մի գուցե նրանց համար հատուկ դասընթացներ պետք է կազմակերպվեն, նույնիսկ անձնական իրերի տեղափոխման կարգը լուրջ խնդիրներ է առաջացնում նրանց համար»:

Մարաշլյանը նշում է, որ այսօր երկրում չի իրականացվում հայրենադարձության ակտիվ քաղաքականություն ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ էլ սփյուռքի դասական կազմակերպությունների կողմից, ինչի պատճառները տարբեր են. «Համարում են, որ հայրենադարձներին պետք է պահել ու նրանց վրա հարկավոր է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ծախսել: Չեն հավատում, որ մարդ իր կամքով կարող է գալ Հայաստան, իսկ եթե գալիս է՝ ապա ստիպված, ինչպես օրինակ սիրիահայերը: Երկրորդ, կարծում են, որ հայրենադարձները հարմար քաղաքացիներ չեն կարող լինել, քանի որ կարող են քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել, հաճախ են մտնում քաղաքականություն, պրոբլեմատիկ են, քանի որ չափից դուրս անկախ ու այլ տեսակի են»:

«Վերադարձ Հայաստան»-ի թիրախը հաջողակ, կրեատիվ, էներգիայով լի երիտասարդներն են, ովքեր գալով Հայաստան`ինքնառեալիզացվում են: Հայրենադարձները դառնում են նաև այն մարդիկ, ովքեր հույս են ներշնչում տեղացիներին. այս երկրում կարելի է շարունակել ապրել, փոփոխություններ կատարելով:

«Շատ հարցերում հայենադարձները համարվում են պիոներներ, առաջին «նոն սմոքինք» կաֆեները բացել են նրանք, տուրիստական ռեստորանները մարզերում, նրանք գինեգործության, բարձր տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում են: Հայրենադարձները, գալով Հայաստան, շատ հաճախ ստեղծում են մի բան, որը Հայաստանում չկա և ամենակարևորը կապում են Հայաստանը ավելի մեծ աշխարհի հետ: Նրանց հիմնական նպատակը էքսպանսիան է: Կապել Հայաստանը տնտեսապես այլ երկրների հետ: Ու իրենք ունեն այդ առավելությունը, որը տեղացիների զգալի մասը չի կարող ունենալ, քանի որ այնտեղ չի ապրել ու չունի այդ կապերը, պատկերացումները», -ասում է Մարաշլյանը:

Արա և Անահիտ Մարկոսյանները 25 տարի առաջ Հայաստանից տեղափոխվում են ԱՄՆ՝ Սիլիկոնային հովտում որպես ծրագրավորող աշխատելու:

90-ականների վերջից պարբերաբար հայրենիք այցելելով՝ որոշում են տեղափոխվել Հայաստան, այստեղ բնական կոսմետիկայի արտադրություն հիմնելով:

Իրենց ապրանքի որակի ամենակարևոր նախապայմանը համարում են Հայաստանի մաքուր ջուրը, հավելելով, որ ստացված բոլոր բաղադրիչները բարձրորակ են և ոչնչով չեն զիջում ամերիկյան, եվրոպական կամ ճապոնական համարժեքներին: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ «Նաիրիյան» ընկերությունը թողարկում է 26 անուն ապրանք բնական հումքի վրա`օճառներ, քսուքներ, մաշկի և մազերի խնամքի միջոցներ:

Վարդան Մարաշլյանի կինը` Էմմա Մարաշլյանը, ով Մոսկվայում աշխատել է որպես դեղագետ-տեխնոլոգ, Հայաստան տեղափոխվելուց հետո 2013 թվականին հիմնել է «Մարաշլեան ֆոտո ատելիե ռետրո-լուսանկարչատունը», որտեղ այցելուները լուսանկարվում են հայկական ազգային տարազներով:

«Երբ, նոր էր սկսում գործը, մարդիկ ասում էին, դե տարազը ինչ է`հետամնացություն, բայց բավականին հաջողություն ունեցավ: Այստեղ գտավ այն, ինչ իրեն հոգեհարազատ էր և սկսեց զրոյից: Դրան զուգահեռ, արդեն ձևավորվել է մեկ այլ բան. մարդիկ արդեն պատվիրում են տարազներ, այդ հագուստով հարսանիքների են գնում: Այսինքն ցանկացած ոլորտ վերցնում են, ու այնտեղ խորանալու շատ տեղ է լինում», -ասում է Վարդանը:

«Վերադարձ Հայաստան»-ին դիմում են հիմնականում 20-40 տարեկան տնտեսապես ակտիվ, մասնագիտություն ու մոտեցումներ ունեցող մարդիկ: Աշխարհագրությունը տարբեր է`Սիրիա, ԱՄՆ, Ռուսաստան, Լիբանան, Իրան,Կանադա և այլն: Նրանց մի մասը նախկին հայաստանցիներ են կամ նրանց զավակաները, մի մասն էլ մարդիկ են, ովքեր Հայաստանում երբեք չեն ապրել, երրորդ կամ չորրորդ սերնդի հայեր են, մեկ չորրորդով են հայ, կամ ընդհանարապես հայ չեն:

«Վերադարձի պատճառները գրեթե նույնն են, կապ չունի որ երկրից են: Մտածում են միևնույն բանը`իրենցից այստեղ ավելի շատ բան է կախված, քան այն երկրում որտեղ իրենք են ապրում, իրենց քաշն այստեղ ավելի մեծ է լինում, կարող են շատ ավելին փոխել Հայաստանում, քան տաս միլիոնանոց Մոսկվայում կամ Նյու Յորքում:

Երկրորդը, այս ամենում կա հայրենասիրական թեմա, մենք ունենք երկիր ու պետք է պահենք այն, նպաստենք նրա զարգացմանը: Վերջապես, Երևանը կոմֆորտ քաղաք է ապրելու համար, որովհետև ի տարբերություն մեծ քաղաքների այստեղ ժամանակ ունես ապրելու: Քո ամբողջ ժամանակը չի գնում Ա կետից Բ կետ հասնելու համար: Այստեղ լիարժեք ես ապրում, այստեղ կա ջերմություն, անմիջականություն, ինչը բացակայում է խոշոր քաղաքներում», -ասում է Մարաշլյանը:

Արդեն 16 տարի Հայաստանում է աշխատում և ապրում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար, ազգությամբ հոլանդացի Կարել Հոֆսթրան:

«Եթե Հայաստանը ինձ դուր չգար, ես կգնայի, Հայաստանը շատ հարմար երկիր է և աշխատելու, և ապրելու համար: Եվրոպական չափորոշիչներով աշխատավարձ եմ ստանում այստեղ, դա հեշտացնում է կյանքը Հայաստանում, քանի որ շատ ոլորտներ Հայաստանում մատչելի են: Օրինակ, դայակ պահելը մեզ մոտ շատ թանկ է, իսկ Հայաստանում թե մատչելի է, թե որակյալ, մատչելի է ռեստորան գնալը, տուն կառուցելը կամ վերանորոգելը: Այստեղ անմիջական են ու ջերմ, հիանալի կլիմա է»,-հայերենով պատմում է երեք երեխաների հայրը, ով այստեղ ամուսնացել է հայի հետ:

Վարդան Մարաշլյանն էլ նշում է, որ Հայաստանը դառնում է գրավիչ, քանի որ այստեղ ապրելու համար շատ ավելի քիչ գումար է պահանջվում: Եվ աշխարհում փոխվել է տնտեսական մոդելը: Մարդիկ աշխատում են այլ երկրների հաճախորդների համար, ինչպես օրինակ գրաֆիկական դիզայներները, վեբ-դիզայներները, ճարտարապետները, ծրագրավորողները:

«Դու աշխատում ես գումար դրսի շուկայից: Իսկ Հայաստանի կարևորագույն փոփոխությունը՝ ներքին շուկան է: Մի կողմից նպաստում ես նրան, որ երկիր գան եկամուտներ, մյուս կողմից էլ նրանցից շատերից այստեղ ձևավորվում են կորիզներ, ովքեր մեծացնելով իրենց գործունեությունը ներգրավվում են նաև տեղացի մասնագետներին: Հայրենադարձները փոխում են երկիրրը, ստեղծում են նոր հնարավորություններ նաև տեղացիների համար՝ որպեսզի չարտագաղթեն», -ասում է Մարաշլյանը:

Նա պնդում է, որ երբևէ չի ափսոսացել իր որոշման համար, որքան էլ շատ են Հայաստանում դժվարություններն ու խնդիրները: Ասում է, որ Հայաստանից դուրս կարողանում է մնալ մեկ շաբաթ, որից հետո կարոտում է երկիրը.

«Այլևս հետ եմ վարժվել այն գաղափարից, որ որևիցէ մի երկրում էթնիկական փոքրամասնություն եմ, ես ինձ լիարժեք եմ զգում որպես մարդ, երբ ապրում եմ Հայրենիքում: Եթե կա ներքին ցանկություն մարդկանց մոտ, մենք պատրաստ ենք օգնել, բայց այդ ցանկությունը իրականություն դարձնելու համար, պետք է դրա վրա աշխատենք: Մենք պատրաստ ենք աջակցել, իսկ որոշումը և իրականություն դարձնելը կախված է միայն իրենցից»:

 Գայանե Մկրտչյան

Օրացույց