Ի՞նչ են ակնկալում Բաքու-Կարս երկաթագծից Ջավախքում

ապրիլ 04, 2017 - 09:04        Viewed: 402       

J-News -Ջավախքի բնակիչների մեծամասնությունը չի ուզում պատասխանել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից սպասումներին վերաբերող հարցին, իսկ պատասխանածների մեծամասնությունը ոչ մի լավ բան չի ակնկալում։

Բաքու-Կարս երկաթուղային մայրուղու շինարարությունը սկսվել է 2007թ․-ին և շարունակվում է արդեն 10 տարի։ Երկաթուղու շահագործման հանձնման ժամկետները հետաձգվել են մի քանի անգամ և ըստ վերջին տվյալների՝ Բաքու-Կարսը կաշխատի մինչ ընթացիկ տարվա՝ 2017թ․-ի ավարտը։

Ի՞նչ է նշանակում Բաքու-Կարսը Ջավախքի բնակիչների համար այն պայմաններում, երբ ճանապարհն անցնում է Վրաստանի հենց այդ շրջանի միջով։ Այդ մասին jnews.ge-ը որոշել է իմանալ հենց բնակիչներից։ Հարցումն անցկացվել է Նինոծմինդայում և Ախալքալաքում։ Պատահական 67 անցորդներ պատասխանել են հետևյալ հարցերին․ Ինչքանո՞վ է Ձեզ համար կարևոր Բաքու-Կարս երկաթուղին։ Ի՞նչ օգուտ եք ակնկալում դրանից Ձեզ համար։ Ինչպիսի՞ սպառնալիքներ կարող է կրել երկաթուղին։

Հարցման ընդհանուր արդյունքներից հարցվածների 49%-ը հրաժարվել է պատասխանել այդ հացերին, մեկ հարցվող ընդհանրապես չգիտեր երկաթուղու մասին, 40%-ը ոչ մի լավ բա չի ակնկալում և միայն 10 %-ը լավատեսորեն է տրամադրված։

Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հարցվողների հետաքրքիր և անկեղծ մեկնաբանությունները․

«Ես կասկածում եմ, որ երկաթուղին շահավետ է ջավախեցիների համար և ընդհանրապես Վրաստանի համար։ Այն կաշխատի ի վնաս Հայաստանի և Վրաստանի։ Մեզ ոչ մի աշխատատեղ չի հասնի, իսկ եթե հասնի էլ, ապա ցածր վարձատրվող։ Դա թուրք-ադրբեջանական նախագիծ է, իրենց տարածքն ընդլայնելու նպատակով։ Եթե մենք մեր հանդեպ լավ տրամադրված հարևաններ ունենայինք, անհանգստանալու առիթ չէր լինի, քանի որ երկաթուղին դրական է ազդում առևտրի զարգացման վրա», -ասում է Գրիգոր Գևենյանը։

«Ես լսել եմ, որ լինելու է առևտրի կենտրոն, դա լավ է, որ մենք կկարողանանք վաճառել մեր ապրանքը», -ասում է Մկրտիչ Վելիխանը Նինոծմինդայից։

«Երկաթուղին իրենից լավ բան է ներկայացնում, բայց քանի որ տվյալ երկաթուղին կապված է Թուրքիայի հետ, ես այնտեղ սպառնալիք եմ տեսնում և ոչ մի լավ բան չեմ ակնկալում», -ասում է Մերուժան Կիրակոսյանը։

«Երկաթուղին բնակիչների առջև հեռանկարներ է բացում, դա առաջընթաց է, բայց վտանգ կա, որովհետև մյուս կողմում կանգնած են թուրքերը», -ասում է Իրինա Թումանյանը։

«Երկաթուղին փակել է ճանապարհը դեպի արոտավայր, դա մեզ համար առաջնային խնդիր է, իսկ թե ինչ կլինի հետ, չգիտեմ», -ասում է Գոնդուրա գյուղի բնակիչը։

«Դեռևս չենք տեսնել ո՛չ օգուտ, ո՛չ վտանգ, կավարտեն շինարարությունը, կաշխատի երկաթուղին, հետո կտեսնենք, թե ինչ կտա այն, բայց այն, որ մեր հողերը կոպեկներով գնել են, դա փաստ է, և մի բան էլ երկաթուղու շինարարությունից հետո արտավայրի ճանապարհն էլ ավելի էրկար է դարձել», -ասում է Կուլալիս գյուղի բնակիչը։

«Գուցե ավելանա գողությունների քանակը, բայց մյուս կողմից միգուցե և բացվեն նոր աշխատատեղեր», -ասում է Նինո Ինասարիձեն։

«Կա սպառնալիք։ Եվ մենք ոչ մի շահ չունենք։ Հետո ինչ, որ մեր տարածքի միջով է անցնում։ Մեր բյուջեն դրանից մի կոպեկ էլ չի ստանում։ Եվ այնտեղի բոլոր աշխատողներն էլ թուրքեր են լինելու։ Մեզ համար դա ոչ մի նշանակություն չունի», -ասում է Արմեն Մանվելյանը։

Օրացույց