Եվրոպացի դիտորդները՝ «Ընտրությունները լավ կազմակերպված են եղել»

ապրիլ 05, 2017 - 07:17        Viewed: 238       

Կենտրոնական Ընտրական Հանձնաժաղովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ Հայաստանի խորհրդարանում ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից չորսն են ներկայացված լինելու. «Հանրապետական» կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

Ձայների մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը նոր խորհրդարանում կներկայացնեն 55 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը՝ 30, «Ելք» դաշինքը՝ 9, ՀՅ Դաշնակցությունը՝ 7 պատգամավոր: Մանդատ կստանան նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ասորիներ, եզդիներ, ռուսներ և քրդերը:

ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի դիտորդները հայտարարել են, որ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները «լավ էին կազմակերպված և, ընդհանուր առմամբ, պահպանվել են ազատությունները»:

ԵԱՀԿ ՄԻԺԻ դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորն արդյունքներն ամփոփելիս կոչ է արել «խորհրդարանական մեծամասնությանն ու կառավարությանը, որ շարունակեն բարեփոխումների քայլերը քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ մեկտեղ»:

Հայաստանի նախագահը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել՝ շնորհակալություն հայտնելով քաղաքական ուժերին ակտիվ և ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական պայքարի համար. «Դա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը երկրի զարգացման հարցերի վերաբերյալ կարծիքների և դիրքորոշումների համադրությունն ու հակադրությունն էր»:

Սարգսյանն անդրադարձել է նաև Նոր ընտրական օրենսգրքով քվեարկության ընթացակարգին և ընտրություններին ժամանակակից տեխնիկայի օգտագործմանը (ընտրողների էլեկտրոնային նույնականացում է կատարվել և մատնահետք վերցվել). «Մենք նորովի ենք կազմակերպել ընտրական գործընթացը, որի շնորհիվ կոպիտ խախտումների զգալի մասն անցյալում է մնացել»:

Օրացույց