Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

ապրիլ 08, 2017 - 18:57        Viewed: 265       

«Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան կանցկացնեն ավանդական ամենամյա համատեղ զինավարժություններ «Կովկասյան արծիվ» անվամբ։ Հատուկ ստորաբաժումների զինվորների մասնակցությամբ համատեղ զորվարժությունները կկայանան Վրաստանի տարածքում հունիսի 4-14-ը», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։ «Զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակման և գործողությունների ուժեր Վրաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից։ Զորավարժությունների նպատակն է՝ երեք երկրների զինված ուժերի համապատասխան ստորաբաժումների միջև համատեղելիության մակարդակը, նախապատրաստման և գիտելիքների մակարդակի խորացումը։ Ինչպես նաև, զորավարժությունների նպատակն է մեր երկրների ռազմական ենթակառույցների համատեղ գործողությունների անցկացման մակարդակի զարգացումը։ Տվյալ ռազմական զորավարժություններն արդեն երրորդ անգամ են անցկացվում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ համագործակցության շրջանակներում։ Այս անգամ ռազմական զորավարժությունները կանցկացվեն Վրաստանի տարածքում։ Նախորդ երկու զորավարժություններն անցկացվել են Թուրքիայի տարածքում», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Ապրիլի 5-ին հայտնի դարձավ թուրք-վրացական սահմանի «Սարփի» անցակետում տեղի ունեցած դեպքի մասին։ «Վրաստանի 37 ամյա քաղաքացին կնոջ հետ միասին Թուրքիայից Վրաստան էր ուղևորվում։ Թուրքական անցակետն անցնելու ժամանակ թուրք սահմանապահները լեզվական վիրավորանքներ են արտահայտել նրանց հասցեին, ինչից հետո 4 թուրք սահմանապահներ սկսել են ծեծել Վրաստանի քաղաքացուն։ Դեպքից հետո Վրաստանի քաղաքացին տեղափոխվել է թուրքական հիվանդանոցներից մեկը։ Թուրք սահմանապահների կողմից ծեծի ենթարկված Վրաստանի քաղաքացու հարազատները և մտերիմները նույն օրը ևեթ բողոքի ցույց են կազմակերպել թուրքական սահմանին հարակից տարածքում», -ասված է վրացական մամուլի տարածած տեղեկատվությունում։

«Տրապիզոնում Վրաստանի հյուպատոսարանը տեղեկացված է թուրք-վրացական սահմանում տեղի ունեցած դեպքի մասին։ Մենք մշտական կապի մեջ ենք գտնվում թուրքական կողմի հետ։ Թուրք իրավահպաններից ստացած տեղեկությունների համաձայն՝ ոչ սթափ վիճակում գտնվող Վրաստանի քաղաքացին լեզվական և ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել թուրք սահմանապահներին և ոստիկանությանը, ինչից հետո ձերբակալվել է։ Այժմ Վրաստանի քաղաքացին գտնվում է թուրքական հիվանդանոցում, որտեղից դուրս գալուց հետո նա կհարցաքննվի թուրքական դատախազության կողմից», -ասված է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության տարածած հայտարարությունում։

Վրաստանի Մշակույթի նախարարության որոշման համաձայն՝ «Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական թատրոնի շինարարության համար արդեն հատկացվել է համապատասխան հողատարածք»։ «Ադրբեջանական թատրոնի շենքը կկառուցվի Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան շենքին հարևանությամբ։ Կարծում ենք որ թղթաբանության նախապատրաստական աշխատանքները երկար ժամանակ չեն պահանաջի։ Նոր ադրբեջանական թատրոնի շինարարությունը կիրականացնի SOCAR ընկերությունը։ Վրաստանի Կառավարությունն արդեն սկսել է բանակցությունները ադրբեջանական SOCAR-ի հետ», -հայտարարել է Վրաստանի Մշակույթի նախարարը։

Վրաստանի Մուսուլմանների Վարչությունը դատական հայց է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական Դատարանին։ Մուսուլմանների դժգոհության պատճառն է պետության անարդար վերաբերմունքն է, որը ստիպում է սուննիներին և շիաներին միավորվել մեկ իրավաբանական կազմակերպությունում։ Ինչպես հայտնի է, վերջին տարիների ընթացքում Վրաստանը իր տարածքում գործող կրոնական կազմակերպություններին հատկացնում է որոշակի գումար Խորհրդային բռնագրավման ժամանակաշրջանում հասցված վնասի փոխհատուցման համար։ Հարկ է նշել, որ ամենախոշոր գումարը փոխհատուցման տեսքով ստանում է հենց մուսուլմանական համայնքը։ «Վրաստանի մուսուլմանների ղեկավարությունը ներկայացնում է մուսուլման շիաների և ոչ թե մուսուլման սուննիների շահերը։ Այդ երկու մուսուլմանական խմբերի միջև գոյություն ունի բազմադարյա, խորը պառակտում։ Ընդ որում պետությունը ստիպում է այդ երկու խմբերին՝ տարբեր կրոնական հայացքներ ունեցող շիաներին և սուննիներին համագործակցել միմյանց հետ, ինչը Վրաստանի Սահմանադրության 19-րդ կետի՝ կրոնական ազատության ապահովման, կոպիտ խախտում է։ Մեր կրոնական համոզմունքների համաձայն՝ սուննիները և շիաները իրավունք չունեն միավորվելու մեկ կազմակերպության մեջ։ Մինչդեռ, պետական փոխհատուցում ստանալու համար Վրաստանը ստիպում է մեզ գրանցվել մեկ՝ շիա-սուննիական կազմակերոպւթյան մեջ։ Մեզ համար պետության նման պահանջը անընդունելի և անօրինական է։ Չէ՞ որ Վրաստանը չի ստիում Հռոմեական Կաթոլիկ եկեղեցուն միավորվել Հայկական եկեղեցու հետ։ Այսպիսով, ինչո՞ւ են մեզ ստիպում միավորվել մի խմբի հետ, որի հետ մենք չենք կիսում մեր կրոնական հայացքները», -ասված է Վրաստանի Մուսուլմանական Վարչության՝ Սահմանադրական Դատարանին ներկայացրած հայցում։

Վիճակագրական տվյալների համաձայն 2016թ․ Վրաստանը կրճատել է բնական գազի սպառման չափը: Կենցաղային նպատակներով օգտագործվող բնական գազի ծավալը 2016 թ․ կազմել է 789 000 000 կուբամետր, ինչը 13,6%-ով գերազանցում է 2015թ-ին սպառածը: Ներքին սպառումը աճել է 6,2%-ով, իսկ արտադրությունը կրճատվել է 7,3%-ով: Ինչ վերաբերում է 2016թ․-ին Վրաստանում օգտագործված բնական գազի ընդհանուր ծավալին, 2015թ․ համեմատությամբ այն կրճատվել է 6,4%-ով: 2016թ էլեկտրաէներգիայի ներմուծումը 2016թ․ կրճատվել է 15,3%-ով, իսկ արտահանումը 31,5%-ով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ «Վրաստանում ինֆլյացիայի տարեկան ցուցանիշը ընթացիկ տարվա մարտին կազմում է 5,4%».

Շաբաթվա սկզբին «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ» վերնագրով մի ուսումնասիրություն: Հրապարակված ուսումնասիրության տեքստի համաձայն Վրաստանը, ժողովրդավարական առաջընթացի տեսակետից միջինից ցածր դիրք է զբաղեցնում: «Ժողովրդավարական կառավարման հարցերում երկրի ազգային և տեղական կառավարման մակարդակով, ինչպես նաև մամուլի և ընտրական համակարգի ոլորտներում Վրաստանը դասվում է հիբրիդային ռեժիմով կառավարման երկրների շարքում: 7 բալային համակարգում, որտեղ 1-ը լավագույն արդյունքն է, իսկ 7-ը վատագույնը, ժողովրդավարական առաջընթացի տեսակետից Վրաստանը ունի 4.65 միավոր, ինչպես նաև Մոլդովան և Ուկրաինան», -ասվում է «Freedom House» միջազգային կազմակերպության ուսումնասիրությունում:

Շաբաթվա սկզբին նաև հրատարակվել են Հանրապետական Միջազգային Ինստիտուտի (IRI) կողմից անցկացված սոցիալական հարցման տվյալները: «Վրաստանի բնակչության շրջանում ամենամեծ վստահությունը վայելում է վրացական եկեղեցին, որի գործունեությանը աջակցում է հարցվողների 88%-ը: Երկրորդ տեղում է բանակը, որին աջակցում է 86%-ը և զանգվածային լրատվամիջոցները`74%: Ոստիկանության գործունեությանն աջակցում է հարցված քաղաքացիների 59%-ը, նախագահի վարչակազմին`55%: Բնակչության ամենաքիչ աջակցությունն են վայելում դատական համակարգը` 30%, Ազգային բանկը՝ 21%, քաղաքական կուսակցությունները` 20%: Հարցմանը մասնակցած քաղաքացիների 47%-ի կարծիքով Վրաստանում ամենալուրջ խնդիրը գործազրկությունն է՝ 47%, տնտեսական ճգնաժամը՝ 24%, այլ սոցիալական խնդիրները` 3%», -ասվում է IRI հրապարակած տվյալներում:

Օրացույց