Ծաղկազարդի տոնը Վիրահայոց թեմում

ապրիլ 12, 2017 - 05:52        Viewed: 156       

ՎիրաՀայոց Թեմ -Քրիստոնյա աշխարհը նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Առավոտվանից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակը և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը:

Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Սրբազան Հայրը հընթացս Սուրբ Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին: Պատարագիչը հավատացյալներին հիշեցնելով Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագները, հորդորեց նրանց շարունակել ապրել ծաղկազարդի օրվա տոնական տրամադրությամբ, սիրով, հավատքով ու ջերմությամբ, վանել միայնակությունը և ապրել Քրիստոսով, քանզի Մեր Փրկիչը ամենուրեք մեր հոգիներում է իր սիրով և զորությամբ: Տեր Վազգեն Եպիսկոպոսը համայն քրիստոնյա աշխարհին շնորհավորեց ծաղկազարդի բերկրալից տոնի կապակցոսթյամբ:

Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր: Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցիներում քահանա հայրերի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ:

Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը Հայոց Եկեղեցի: Հոգևոր հայրերը օրհնում էին հավատացյալների ձեռքին ունեցած ուռենու և արմավենու ոստերը, քանզի ոստերը և ճյուղերը խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, տոնի կապակցությամբ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, կատարվեց մանուկների օրնության կարգ և բոլոր երեխաներին բաժանվեցին փուչիկներ:

Մարդաշատ էր Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցին: Սուրբ Պատարագին ներկա էին բարձրաստիճան հյուրեր, համայնքային գործիչներ, բազում հավատացյալներ: Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից Սուրբ և Անմահ Պատարագից հետո օրհնվեցին Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի սաները և բաթումաբնակ երեխաները:

Ծաղկազարդի տոնը Սուրբ Պատարագով և մանուկների օրհնությամբ նշվեց նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում: Թեմի հոգևոր հովիվները այցելեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի, Մառնեուլիի, Բոլնիսի և Թեթրիծղարոյի շրջանների հայաբնակ գյուղեր և տեղերում կատարեցին անդաստան, օրհնեցին օրվա խորհրդանիշ ձիթենու և արմավենու ճյուղերը և մանուկներին ու դպրոցականներին:

Եկեղեցներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռբացեքի կարգ և բացվեցին եկեղեցիների վարագույրները:

Օրացույց