Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

ապրիլ 15, 2017 - 17:37        Viewed: 241       

«Կպարզաբանեմ ևս մեկ անգամ՝ Թուրքիան որևէ տարածքային պահանջներ չունի Վրաստանի նկատմամբ։ Մեզ վրացական հողի մեկ սանտիմետրն անգամ պետք չէ, այդ թվում նաև Աջարիայի և Բաթումիի։ Կարսի պայմանագիրն անվերապահորեն երկարաձգվել է, և մենք հարգում ենք դա։ Կարսի պայմանագրի համաձայն՝ և՛ Բաթումին, և՛ Աջարիան Վրաստանի անբաժանելի մասն են։ Դա երբեք չի փոփոխվի։ Բավակա՛ն է», -«Կվիրիս պալիտրա» վրացական թերթի հետ զրույցում հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը։

Սույն թվականին Բաթումիում կսկսվի նոր մզկիթի կառուցումը: «Մզկիթի կառուցումը կսկսվի արդեն այս տարում: Բաթումիում կառուցված նոր մզկիթը կդառնա վրացական ժողովրդավարության խորհրդանիշը, և ես վստահ եմ, որ Կառավարությունը դրական քայլեր կիրականացնի մեր ուղղությամբ: Այդ մզկիթը չի կառուցվի քաղաքական նպատակներով: Այդ վայրը կլինի հենց հավատացյալների համար: Վրաստանի համար այդ մզկիթը կդառնա պատմական երևույթ, և այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք, որ իր ճարտարապետությամբ էլ այն լինի առանձնահատուկ», -հայտարարել է վրաց մուսուլմանների Միության ղեկավար Տարիել Նիկաիձեն։

«Արտասահմանյան պետությունների հետախուզական ծառայությունները՝ օրինական և անօրինական մեթոդներով փորձում են ներխուժել մեր երկրի պետական իշխանության մարմիններ։ Փորձում են մուտք գործել անվտանգության համար պատասխանատու կառույցների մեջ։ Նրանք ցանկանում են հասանելիություն ստանալ մեր պետական գաղտնիքին։ Փորձում են օգտագործել իրենց մարդկանց, որպեսզի տեղեկություն ստանան մեր երկրի քաղաքական, տնտեսական և ռազմական բնագավառներում ընթացող գործընթացների մասին։ Նրանք փորձում են ազդել մեր պետության ներքին և արտաքին քաղաքականության վրա», -ասված է Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայության 2016թ․-ի ընթացքում իրականացրած գործունեության հրապարակված հաշետվությունում։

«Մինչ ընթացիկ տարվա ավարտը Վրաստանն ամբողջությամբ կհրաժարվի «Գազմպրոմ» ընկերության տրամադրած ռուսական գազից։ Երկրի՝ բնական գազի պահանջների բավարարումը կիրականացվի Ադրբեջանի կողմից՝ ի դեմս ՍՈԿԱՐ և Շահ-Դենիզ ընկերությունների», -հայտնել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն։ 2017թ․-ի հունվար-մարտ ամիսներին Վրաստանը ձեռք է բերել ռուսական «Գազմպրոմից» 100 000 000 կուբամետր բնական գազ։ Վրաստանի Էներգետիկայի նախարարի կանխատեսումների համաձայն՝ 2017թ․-ին ռուսական գազը կկազմի երկրի կողմից օգտագործվող գազի ընդհանուր ծավալի ընդամենը 4%-ը։ «Ըստ մեր հաշվարկների՝ 2017թ․-ին Ադրբեջանը Վրաստանին կմատակարարվի 2 347 000 000 000 կուբամետր գազ (ընդհանուր ծավալի 95,5%-ը)։ Ինչպես նաև 10 000 000 կուբամետր գազ մենք ծրագրում ենք հայթայթել ինքնուրույն, մեր երկրի տարածքից», -հայտնել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը։

Սահմանադրական փոփոխությունների նախագծում, որը ներկայացրել է իշխող կուսակցությունը, չկան հստակ ժամկետներ, թե երբ Վրաստանից կվերացվի մեծամասնական համակարգը։ «Դիրքորոշումը, որը մենք հստակորեն հաստատել ենք, այն է, որ 2020թ․-ին մենք կցանկանայինք անցնել համամասնական համակարգի։ Մինչդեռ, տվյալ հարցի շուրջ վերջնական որոշումը պետք է ընդունի Վրաստանի Խորհրդարանը», -հայտնել է խորհրդարանկան մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Ձիձիգուրին։

Ազգային շարժում կուսակցությունը պաշտոնապես դուրս է եկել Սահմանադրական հանձնաժողովի կազմից։ «Մենք դուրս ենք եկել Սահմանադրական հանձնաժողովի կազմից, որպեսզի թույլ չտանք իշխող կուսակցությանն ընդունել այնպիսի ոչ ժողովրդավարական Սահմանադրություն, որն ապագայում կխանգարի մեր երկրի զարգացմանը», -հայտնել է «Ազգային Շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը։

Արդեն որոշակի մանրամասներ են հայտնի դարձել համաձայնություն ձեռք բերած Սահմանադրական փոփոխությունների մասին։ «Երկրի Խորհրդարանի տեղը չի փոխվի, այն կմնա Քութայիսիում։ Ինչ վերաբերում է Նախագահի ընտրման մեթոդին, 2023թ․-ից երկրի նախագահը կընտրվի անուղղակի մեթոդով։ Ընտրություններին կմասնակցեն 300 պատվիրակներ։ Ինչպես նաև կփոփոխվի ընտրական համակարգը։ Երկիրը կանցնի համամասնական համակարգի։ Մինչդեռ, դեռևս պարզ չէ, թե ինչպես կբաշխվեն թափուր մնացած պատգամավորական մանդատները»։

«Վրաստանը տպավորիչ բարեփոխումներ է իրականացնում, ամրապնդում է իր ժողովրդավարական ինստիտուտները, արդիականացնում է իր պաշտպանական կառույցները և պայքարում է կոռուպցիայի դեմ։ Այդ ամենը դեպի ՆԱՏՕ ընթանալու ճանապարհի մի մասն է», -հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարը։

Վրաստանի նախագահը շնորհավորել է երկրի բնակչությանը պետական լեզվի օրվա կապակցությամբ, որը նշվում է ապրիլի 14-ին։ «Չնայած այն բանին, որ մեզ այլևս երբեք չի սպառնա պետական լեզվի կորուստը, մենք, այնուամենայնիվ, պետք է հոգ տանենք և փայփայենք մեր լեզուն։ Մենք պետք է վերադարձնենք մեր լեզվի այն յուրահատուկ տեղը, որը նա զբաղեցնում էր համաշխարհային քաղաքակրթությունում։ Մենք պետք է աջակցենք մեր հայրենակիցներին վրացերենի ուսուցման մեջ, և դրանով իսկ մենք կհաստատենք նրա պետական կարգավիճակը», -հայտնել է Վրաստանի նախագահը։

Շաբաթվա ընթացքում Վրաստանի Մշակույթի նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող թատրոնների աշխատակիցների աշխատավարձերի մասին տվյալներ է հրապարակել։ Հրապարակված տվյալներից պարզվում է, որ Թբիլիսիում գործող բոլոր թատրոններից ամենացածր աշխատավարձն ունեն Պ․Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանները։

«Մենք ծրագրում ենք 2 500 նոր ենթակառույցային նախագծերի շինարարություն սկսել։ Առաջիկա 3-4 տարիների ընթացքում նախագծերի իրականացման համար կծախսվի շուրջ 10 000 000 000 լարի։ Կստեղծվեն 40 000 նոր աշխատատեղեր։ Շատ կարճ ժամկետներում մեր ենթակառույցը ձևավորված կլինի, ինչը թույլ կտա մեր երկրին էլ ավելի լավ իրականացնել իր ռազմավարական՝ տարանցիկության գործառույթը», -Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«2017թ․-ին Վրաստան տեղափոխված գումարային միջոցների ծավալը կազմել է 112 000 000 դոլար, ինչը 23․5%-ով (21 300 000 դոլար) ավելի շատ է, քան անցյալ տարվա մարտին։ 2017թ․-ի մարտին Վրաստանից արտասահման է փոխանցվել 16 600 000 դոլար։ 2016թ․-ի մարտին՝ 16 300 000 դոլար», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

«2017թ․ հունվար-մարտ ամիսներին արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 2 285 000 000 դոլար, ինչը 18%ով ավել է, քան 2016թ․հունվար-մարտ ամիսներին էր: Արտահանման ծավալը կազմել է 577 000 000 դոլար (30% աճ), իսկ ներմուծումը`1 708 000 000 դոլար (15% աճ): Առևտրային բացասական հաշվեկշիռը կազմել է 1 132 000 000 դոլար, ինչը կազմում է երկրի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 50%-ը», -ասվում է պաշտոնական վիճակագրությունում:

Սամցխե-Ջավախքի շրջանում զբոսաշրջության զարգացման նպատակով ապրիլի 13-ին Բորժոմիում Վրաստանի էկոնոմիկայի նախարարության, զբոսաշրջության հարցերով Ազգային Գործակալության և USAID-ի՝ Zrda ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ տարածքային համաժողով: Համաժողովի նպատակն էր որոշակիացնել զբոսաշրջության զարգացման հետ կապված առկա խնդիրները Սամցխե-Ջավախքում և առանձնացնել այն առաջնահերթությունները, որոնք կնպաստեն զբոսաշրջության տարբեր տեսակների զարգացմանն այդ շրջանում:

Ապրիլի 11-12-ը կայացել է Վրատսանի Արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցելությունը Հայասատնի Հանրապետությունում։ «Վրաստանի Արտաքին գործերի նախարարը հանդիպել է Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել այսօրվա դրությամբ երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական համագործակցության բարձր մակարդակի և քաղաքական երկխոսության մակարդակի վերաբերյալ, որն արտահայտվում է երկու երկրների համապատասխան մարմինների միջև շփման ինտենսիվ աճի միջոցով։ Ընդգծվել է գոյություն ունեցող դրական զարգացում առևտրատնտեսական բնագավառում, համագործակցություն տրանսպորտի, զբոսաշրջության և Էներգետիայի բնագավառներում։ Ինչպես նաև ուսումնասիրվել են տարածաշրջանային նշանակության նախագծեր և տվյալ նախագծերին աջակցման ուղիները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել հայ և վրացի երիտասարդներին միմյանց հետ ծանոթացնելու և մերձեցնելու աջակցման հարցին։ Տվյալ ուղղությամբ համատեղ նախագծերի իրականացումը կօգնի երկու երկրներին փոխշահավետ զարգացնել տեղեկատվության մակարդակը և տարածել Հայաստանի և Վրաստանի միջև ընկերության և բազմադարյա հարևանության ավանդույթը։ Կողմերը քննարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխշահավետ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները։ Կողմերը նշել են երկու պետությունների միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-րդ տարելիցի կարևորությունը», -ասված է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարության տեքստում։

Օրացույց