Ինչո՞ւ վրաց պետությունը պետք է դատապարտի հայ ժողովրդի ցեղասպանությանը

ապրիլ 17, 2017 - 07:00        Viewed: 717       

Վրաստանի պետական անկախության հռչակման պահից անցել է արդեն 26 տարի: Քառորդ դարից ավել է, ինչ վրացական կառավարությունը քաղաքական՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու լիարժեք իրավունք ունի: Այս ժամանակաշրջանում պետության կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ Վրաստանի իշխանություններն ընդունել են բազմաթիվ ճիշտ և ոչ այնքան ճիշտ, երբեմն նաև ճակատագրական սխալ որոշումներ: Այնուամենայնիվ, մի հարցի վերաբերյալ վրացական պետությունը դեռևս դիրքորոշում չի դրսևորել: Վրաստանը դեռ չի դատապարտել 1915-23թթ․ հայ ժողովրդի ցեղասպանությունը: Եվ հենց այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ, և արդյո՞ք Վրաստանը պետք է որոշակիացնի իր դիրքորոշումը այդ իրադարձության վերաբերյալ:

Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նախ կողմնորոշել արժեհամակարգը, որտեղ և կդիտվի հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման կամ ոչ դատապարտման հարցը մի ժողովրդի և պետության կողմից, որը բազմադարյա թելերով կապված է հայկական պետության և հայ ժողովրդի հետ:

Ամենապարզ պատասխանը այն հարցին, թե ինչո՞ւ Վրաստանը պետք է դատապարտի հայ ժողովրդի ցեղասպանության փաստը, այն է, որը բխում է բարոյական և քաղաքակրթական արժեքներից: Վրաստանը պետք է դատապարտի, որովհետև Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության հանդեպ: Պետությունը, որն իրեն համարում է եվրոպական քաղաքակրթության մաս և նվիրվածություն է հայտարարում համաեվրոպական բարոյական և մշակութային նորմերին, որոնց համաձայն՝ մարդկային կյանքը համարվում է գերագույն և անձեռնմխելի արժեք, բնականաբար, պետք է դատապարտի որևէ հիմքի վրա մարդկանց մի ամբողջական խմբի զանգվածային ոչնչացման փաստը: Պետք է դատապարտի, որովհետև դրան է կոչ անում Եվրամիությունը, եվրոպական քաղաքակրթությունը:

Ցեղասպանության դատապարտումը անհրաժեշտություն է, որը երաշխավորում է նման հանցագործությունների կանխումը ապագայում այլ ժողովուրդների նկատմամբ:

Բարոյական տեսանկյունից հարցն անվերջ կարելի է դիտարկել՝ քրիստոնեություն, բազմադարյա հարևանություն, մշակութային նմանություն, ձգտում դեպի Եվրոպա և այլն: Այս ամենը բոլորին հայտնի սկզբունքներ են, որոնք, ինչքան էլ տարօրինակ լինի, հայ ժողովրդի Ցեղասպանության դատապարտման հարցում Վրաստանի կողմից անընդհատ մղվում են երկրորդական, երրորդական պլան:

Ցավալի է, բայց փաստ: Գրեթե Վրաստանի շեմին, նրա աչքի առաջ կատարված հանցագործության դատապարտման հարցը, Վրաստանում այսօր խորը քաղաքական երանգ է ստացել: Հատկանշական է, որ տվյալ հարցի քաղաքական ենթատեքստը ճանաչվում է Վրաստանի քաղաքական իշխանության բոլոր մակարդակներում:

Ահա արդեն 26 տարի է, ինչ Վրաստանի վերնախավը, փորձելով արդարացնել իր լռությունը, հայտարարում է, որ «Վրաստանի կողմից հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտումը լրջորեն կարող է վատթարացնել հարաբերությունները իր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ»: Ահա վրացական իշխանությունների միակ և գլխավոր հիմնավորումը, որը տարիներով պաշտպանում է թուրքական պետությանը հերթական ապտակից՝ կատարված ցեղասպանության փաստի դատապարտման տեսքով:

Եկե՛ք փորձենք հասկանալ, թե ի՞նչ կշիռ ունի Վրաստանի տվյալ «հիմնավորումը»: Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք Վրաստանը, չդատապարտելով ցեղասպանությունը, հոգում է սեփական ազգային շահերի մասին, հիմնականում տնտեսական, և արդյո՞ք իրականում այն չի վնասում վրացական պետության իրական շահերին: Սկսենք հերթով:

Վրաստանի աշխարհագրական դիրքը, գտնվելով երկու թուրքական պետությունների արանքում, Վրաստանին դարձնում է անվիճարկելի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային հաղորդակցման ապահովման հնարավորության հարցում։ Ավիճարկելի, որովհետև երկրորդ երկիրը՝ նույնպես տեղակայված երկու թուրքական երկրների միջև, Հայաստանն է, և խոսել Հայաստանի և Արցախի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապի ապահովման հնարավորության մասին՝ այսօրվա իրականությունում, ավելի շատ գերիրականության ժանրից է:

Վրաստանը, լինելով միակ երկիրը, որի տարածքով ապահովվում է երկու թուրքական երկրների միջև կապը, ինքն էլ չգիտակցելով՝ ներքաշվել է թուրքական երկրների ամբողջական ներգրավմանը՝ ձուլմանն ուղղված գրեթե բոլոր նախագծերում: Վրաստանը ներգրավված է Ադրբեջանն ու Թուրքիան կապող ռազմաքաղաքական դաշինքներում: Այսօր Վրաստանի տարածքով են անցնում Ադրբեջանից Թուրքիա տանող նավթի և գազի խողովակաշարերը, ավարտվում է Բաքուն Անկարային կապող երկաթգծի կառուցումը, իրականացվում է առևտուր և այլն:

Այս ամենից, բնականաբար, Վրաստանն ունի որոշակի ֆինանսական շահ: Նա տարբեր բեռների և ապրանքների տարանցիկության հնարավորության ապահովման համար վճարի տեսքով եկամուտ է ստանում: Սակայն այստեղ ևեթ պետք է նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը, լինելով Վրաստանի տարածքով անցնող բոլոր հաղորդակցական ենթակառույցների անմիջական սպառողներն ու շահագործողները, իհա՛րկե, ստանում են ավելի շատ շահույթ: Ավելին, «ռազմավարական նախագծերի» տերերը լուծում են ոչ միայն տնտեսական այլև քաղաքական հարցեր։

Այսպիսով, ի՞նչ կկատարվի, եթե Վրաստանը դատապարտի հայ ժողովրդի ցեղասպանությունը: Արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը կհրաժարվեն Վրաստանի՝`որպես տարանցիկ տարածքի ծառայություններից: Իհա՛րկե, ոչ:

Ուրեմն, ի՞նչ նկատի ունեն վրացի քաղաքական գործիչները, երբ հավաստիացնում են, որ հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելով՝ Վրաստանը կվիրավորի Թուրքիային: Գուցե նրանք վախենում են, որ Թուրքիան կդադարի Վրաստանին միջազգային աջակցություն ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում:

Չխոսենք այն մասին, որ թուրքական «աջակցությունը» առաջին հերթին պայմանավորված է հենց Թուրքիայի ազգային շահերով, Ռուսաստանի հետ իր հարաբերություններով, բավական է միայն հետաքրքրվել, թե ինչ տնտեսական նախագծեր է իրականացնում Թուրքիան նույն Աբխազիայում: Ամեն օր թուրքական նավերը աբխազական նավահանգիստներ են մտնում, իրականացվում է ակտիվ առևտուր, քաղաքական մակարդակով կապեր են հաստատվում: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը վստահում է Թուրքիայի հավատարմությանը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցերում, այդ «ինչ-որ» մեկը չարաչար սխալվում է։

Ցեղասպանության դատապարտման հարցում վրացական իշխանությունների «փաստարկը» չի դիմանում նույնիսկ ամենամեկերեսային քննադատությանը։ Վրաստանը Թուրքիային է անհրաժեշտ իր ազգային ծրագրերի իրականացման համար։ Օդի նման պետք է։ Իսկ ահա արդյո՞ք Վրաստանի և վրաց ժողովրդի համար շահավետ կլինի թուրքական երազանքի իրականացումը՝ ծայրահեղ կասկածելի հարց է։

Դժվար է հավատալ, որ վրացական իշխանությունները չեն գիտակցում դա։ Իհա՛րկե, գիտակցում են, և տվյալ համատեքստում հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման-չճանաչման հարցն իսկապես երկրոդական պլան է մղվում։ Ի՞նչ դատապարտման մասին կարող է խոսք գնալ, երբ պետության իշխանությունները գիտակցաբար իրենց իսկ երկիրը հասցնում են Թուրքիայի տարածքային-տնտեսական կցորդի մակարդակին։

Ցեղապանության դատապարտումը Վրաստանի համար կարող էր լավ հնարավորություն դառնալ Թուրքիայի խեղդող գրկախառնությունից ազատվելու համար։ Կարող էր խթան հանդիսանալ ճշմարիտ, պետական անկախության հաստատման համար։

Մինչդեռ, լինենք իրատես՝ Վրաստանի բոլոր իշխանությունների գործողությունները ոչ մի կերպ չեն ակնարկում, որ կառավարությունը մեր երկիրն ու իր քաղաքացիներին իսկապես անկախ դարձնելու թեկուզ փոքր-ինչ ցանկություն ունի։ Միակ ցանկությունը, որը ցուցաբերում են ազգային ջոջերը, իշխանությունում հնարավորինս երկար մնալն է իրենց իսկ նյութական վիճակը բարելավելու համար... Եվ թուրքական պետությունները ակտիվորեն աջակցում է նրանց այդ հարցում։

Վրաստանի կողմից հայ ժողովրդի Ցեղասպանության դատապարտման հարցն անբաժանելիորեն կապված է հարցին՝ արդյո՞ք Վրաստանը կլինի անկախ, թե՞ ավելի շատ կլուծվի թուրքական միջավայրում։ Իսկ այդ հարցը, համաձայնե՛ք, բարոյական հարթակի հարց չէ, և ոչ էլ նույնիսկ քաղաքական։

1915-23թթ. Ցեղասպանության փաստի դատապարտումը Վրաստանի համար ազգային անվտանգության հարց է, ազգային շահերի բնագավառի հարց է։ Մնացել է ընդամենը օգնել երկրի իշխանություններին գիտակցել, որ նրանք ընտրված են պաշտպանելու այս և ոչ թե մեկ այլ պետության ազգային շահերը։

Օրացույց