1915-23թթ Հայոց Ցեղասպանությունը

ապրիլ 20, 2017 - 05:54        Viewed: 174       

Ի՞նչ է Հայոց Ցեղասպանությունը: 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածները որակավորվում են որպես Հայոց Ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին Երիտթուրքական կառավարության, ապա Թուրքիայի Հանրապետության իշխանության կողմից՝ Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց Ցեղասպանությունը: 

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որի նպատակը հսկայածավալ թուրքական կայսրության ստեղծումն էր: Այն տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: Թեև Հայոց Ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1911-1912 թթ., երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` իրագործելով այն:

Ինչքա՞ն մարդ զոհվեց Հայոց Ցեղասպանության ընթացքում: 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվեց, կամ ապաստանեց տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը: 

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ Ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկսած ձերբակալությամբ (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացմամբ, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց Ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց Ցեղասպանության վերջին, ընթացիկ փուլը` թուրքական կառավարության մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված բնաջնջման՝ Ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է:

Օրացույց