Ցեղասպանության զոհերի հուշարձանին դրված ծաղիկներից բացիկներ կպատրաստվեն

ապրիլ 26, 2017 - 09:28        Viewed: 221       

JamNews -Կամավորներն այսօր «Ծաղկահավաք» ակցիան են սկսել: Նախկինում հսկայական քանակությամբ ծաղիկները, որը մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին բերում էին անմար կրակի մոտ, պարզապես այրվում էին: Վայրի բնության պահպանման հիմնադրամը որոշել է ծաղիկներին երկրորդ կյանք տալ: Ակցիան անցկացվում է արդեն 7-րդ տարին:

Հավաքված ծաղիկների թերթերը չորացվում են հուշարձանի հրապարակում, այնուհետև՝ ուղարկվում վերամշակման: Հատուկ տեխնոլոգիայով ստացված թուղթը փոխանցվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և օգտագործվում շնորհակալական նամակների, դիպլոմների, սերտիֆիկատների, բացիկների և ֆոտոալբոմների համար:

Իսկ ծաղիկների ցողունները վերամշակումից հետո օգտագործվում են որպես պարարտանյութ հիշատակի այգում, որը տեղակայված է հուշարձանի մոտ:

Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ գեղեցիկ չէ դեն նետել կամ այրել ծաղիկները, որոնք խորհրդանշում են կարեկցանք, սուգ, ցեղասպանության զոհերի հիշատակ. «Դա շատ խորհրդանշական է՝ ուղարկել պաշտոնական նամակ կամ հրավեր՝ գրված այդ թղթի վրա: Հասցեատերն, իմանալով, թե ինչից է պատրաստված թուղթը, որը ձեռքում է պահում, լրջորեն կսկսի մտածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշման մասին»:

Մեկ կիլոգրամ թերթերից А3 ֆորմատի 40 թուղթ է ստացվում: Ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը անմար կրակին 2 տոննայից ավել ծաղիկ է դրվում:

Ակցիայի կազմակերպիչները վստահ են, որ ծաղկահավաքի գաղափարը որոշակի մշակույթ և արժեհամակարգ է ձևավորում մարդկանց մոտ. «Հնարավորություն է ստեղծվում ևս մեկ անգամ բնապահպանության մասին խոսելու, բնության և մեր ունեցած ռեսուրսների հանդեպ հոգատար վերաբերմունք տարածելու»: 

Օրացույց