Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ

ապրիլ 27, 2017 - 05:58        Viewed: 380       

ՎիրաՀայոց Թեմ -2017 թվականի ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակի օրվան ընդառաջ, Վիրահայոց թեմում տեղի ունեցան միջոցառումներ՝ արտահայտված ի խորոց սրտի, հուզական և արդարության պահանջով, «Հիշում եմ և պահանջում»կարգախոսով:

Հիրավի կիրակնօրյա Սուրբ Պատարագի ավարտին, հավատացյալները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, ականատեսը դարձան Թեմի կրթական բաժնի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների ֆլեշ-մոբին: Ներկայացնելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված Ծիծեռնակաբերդի խորհրդանշական պատկերը, նախակրթարանի սաներն արտահայտեցին՝ մոմեր վառելով և աղոթք ասելով անմեղ զոհերին հիշելու, հավատքով և Սուրբ Եկեղեցով ապրելու, արթուն զինվորի նման մայր հայրենիքը պահելու և պաշտպանելու, խաղաղության աղավնիներով ճախրող երկինք ու երկիր տենչալու իրենց կամքը:

Գեղեցիկ, հուզական և տպավորիչ ֆլեշմոբն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բարձր գնահատելով Թեմի կրթական բաժնի գործունեությունը, Սրբազան Հայրն ի մասնավորի արժևորեց տնօրեն Եվգենյա Մարկոսյանի,մանկավարժներ Օքսանա Շարոյանի և Մետաքսյա Ղազարյանի անդուլ աշխատանքը հայ մանուկին նախնիների հիշատակով, հայրենիքի սիրով և ազգին նվիրվածության ոգով դաստիարակելու համար:

Միջոցառումների շարքը շարունակվեց «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, որտեղ տեղի ունեցավ Իվ Տերնոնի «Հայեր. մեկ ցեղասպանության պատմություն» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:

Ներկաները համակ ուշադրությամբ ունկնդրեցին թարգմանիչ Ալեքսանդր Քալանթարովի՝ ֆրանսերենից ռուսերեն այս գրքի թարգմանության դրդապատճառի, օտարազգի գրողի կողմից ազգի ողբերգության իրատեսական և մանրամասն նկարագրությունը հասկանալի լեզվով մատուցելու մտահղացման մասին: Գրքի թարգմանությունը և հրատարակությունն արժևորեց Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը:

Միջոցառումն ավարտվեց Էնդրյու Գոլբերգի «Հայերի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Հիշատակի օրվա նախօրեի ամփոփիչ միջոցառում դարձավ Թբիլիսիի Biltmore հյուրանոցի Grand Royal Ballroom դահլիճում կայացած «Հուշ-երեկոն»: Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանում գործող պետական և հասարակական հաստատությունները:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանի խորհրդարանի անդամներ, Վրաստանում Գերմանիայի Դաշնության, Հոլանդիայի, Բուլղարիայի, Իսրայելի դեսպանությունների, Վատիկանի առաջին դեմքերը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպական այլ պետությունների դեսպանությունների և լիազորագրված դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչները, քույր եկեղեցիների առաջնորդները, վրաց հասարակայնության անդամներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր, համայնքային գործիչներ:

Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը տիկնոջ հետ, դեսպանության դիվանագետները:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, թեմի հոգևոր դասը:

20-րդ դարի սկզբներին հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործության, մեկուկես միլիոն անմեղ զոհերի նահատակության, պատմական հայրենիքից ազգի վտարման, աշխարհի բազում երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդարության պահանջի մասին վավերագրականորեն հիմնավորված բանախոսությամբ հանդես եկավ Վրաստանի խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը:

Վրաստանի խորհրդարանի Թբիլիսիի Իսանի ընտրատարածքից մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն իր ելույթում արժևորեց հայազգի ընտրողների վստահությունն իր անձի նկատմամբ և կարևորեց հայ ազգաբնակչության ողբերգական օրվա հիշատակին նրանց կողքին լինելու և նրանց վշտակիցը դառնալու իր պարտականությունը:

Այնուհետև ցուցադրվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսահոլովակ:

Հիշատակի երեկոն համեմված էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբակի սաների հոգեհմա նվագով, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի լարային գործիքների բաժնի ուսանողների դասական կատարումներով, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանների ասմունքով: Միջոցառումն ավարտվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի կողմից հոգևոր երգերի շարանով:

Միջոցառումն ընթացավ վրացերեն և անգլերեն լեզուներով: Այն վարեց Թբիլիսիի հայպետդրամայի թատրոնի դերասան Դավիթ Բարսեղյանը:

Ապրիլի 23-ին հիշատակի միջոցառումներն ավարտվեցին Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված Թբիլիսիի կենտրոնական փողոցներով ջահերով բազմամարդ երթով և Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպանության մոտ կարճատև բողոքի հանրահավաքով: Հիշատակի միջոցառումները կշարունակվեն նաև ապրիլի 24-ին: 

Օրացույց