Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

ապրիլ 29, 2017 - 18:10        Viewed: 193       

Ապրիլի 24-26-ը Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի հրավերով պաշտոնական այցելությամբ Թբիլիսի է ժամանել Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարը։ Եռօրյա այցելության շրջանակներում Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարը հանդիպումներ է անցկացրել Վրաստանի նախագահի, Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի, Արտաքին Գործերի փոխնախարարի, Վրաստանի պաշտպանության նախարարի, Վրաստանի արտաքին հետախուզության ղեկավարի, Վրաստանի պետանվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև Վրաստանում աշխատող որոշ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների հետ։

«Վրաստանի նախագահի և Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խորացման հարցեր, Սևծովյան տարածաշրջանում համագործակցության զարգացման հարցեր, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր», -ասված է Վրաստանի նախագահի վարչության տարածած հայտարարությունում։

«Մենք խոսել ենք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Ազգային Անվտանգությունների Խորհուրդների միջև եռակողմ հանդիպումների մասին։ Խոսել ենք համատեղ մեմորանդումի մասին։ Ուսումնասիրվել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։ Խոսել ենք տնտեսական, էներգետիկ և պաշտպանության բնագավառներում եռակողմ համագործակցության մասին», -հայտարարել է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի ղեկավար Դավիթ Ռակվիաշվիլին։

Հայաստանում Վրաստանի դեսպանատան հովանու ներքո Երևանում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի տոնումը։ «Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել «Վրացական գրի երեք տեսակների կենդանի մշակույթը» անվամբ ցուցահանդես։ Միջոցառման ընթացքում նաև կազմակերպվել է Հայաստանի Ազգային Գրադարանում պահպանվող վրացալեզու գրքերի ցուցահանդես», -ասված է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան հայտարարությունում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ «ըստ նախնական տվյալների՝ 2017թ․-ի մարտին անցյալ տարվա մարտի համեմատությամբ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5․3%։ Եռամսյակային աճը կազմել է 0․5%։ Բյուջեի եկամուտները կազմել են 1 060 600 000 լարի, իսկ ծախսերը՝ 757 400 000 լարի։ Բյուջեի եկամուտները տարվա առաջին եռամսյակում կազմել են 2 435 700 000 լարի, իսկ ծախսերը՝ 2 071 300 000 լարի։

Պանկիսիի մունիցիպալիտետի Ջակոլո գյուղում (քիստին-սուննիներով բնակեցված շրջան) քանդվել է քրիստոնեական եկեղեցի։ Շաբաթվա կեսին Ջակոլո գյուղ են այցելել վրացական եկեղեցու ներկայացուցիչները։ Ըստ նրանց գնահատականի՝ եկեղեցու քանդումը քրիստոնեաների և մուսուլմանների միջև կոնֆլիկտ ստեղծելու նպատակ ունի։ «Ժողովուրդն իմաստուն է, նա ամեն ինչ տեսնում և հասկանում է», -հայտարարել է վրացական եկեղեցու ներկայացուցիչը։ Ըստ տարածված տեղեկության՝ Ջակոլո գյուղի բնակիչը Զատիկին հաջորդող օրերի ընթացքում որոշել է վերականգնել քանդված եկեղեցու շենքը։ Բայց մեկ օր անց, երբ նա իր համագյուղացիների հետ գնացել է շինարարության վայրը, քրիստոնեական եկեղեցին ամբողջությամբ քանդված է եղել։

Տնտեսության հարցերով Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալի հայտարարության համաձայն՝ «բնական գազի սակագները կբարձրացվեն»։ «Այն բանի հաշվառմամբ, որ երկրում գազի սակագները չեն փոփոխվել 2005թ․-ից ի վեր և քանի որ այդ ընթացքում շատ բան է փոխվել, փոխվել է լարիի կուրսը դոլարի հանդեպ, փոփոխվել է համաշխարհային շուկան և այլն, այս ամենից ելնելով՝ մոտ ապագայում մենք պետք է ակնկալենք, բնական գազի սակագների աճ», -ապրիլի 27-ին հայտարարել է տնտեսության հարցերով Խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը։

Իրավաբանական հարցերով Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան հայտարարել է, որ «Վրաստանն արդեն իրականացրել է Եվրախորհրդի առջև ստանձնած բոլոր պարտականությունները»։ «Բոլոր այն պարտականությունները, որոնք մեր երկիրը ստանձնել է Եվրախորհրդի կազմ մտնելիս, արդեն իրականացրել է»։ Հիշեցնենք, որ Վրաստանը մինչ օրս դեռևս չի վավերացրել «Տարածաշրջանային լեզուների մասին Եվրոպական խարտիան»։ Եվրոպական Խորհրդի առջև տվյալ փասթաթղթի վավերացման պարտականությունը Վրաստանն իր վրա վերցրել է դեռևս 1999թ․-ին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ «2016թ․ գրանցված ամուսնությունների քանակը 2015թ․-ի համեմատությամբ կրճատվել է 13․9% և կազմել է 25 1014 ամուսնություն։ Միաժամանակ 4,7%-ով աճել է ամուսնալուծությունների քանակը՝ 9 539 ամուսնալուծություն։ 2016թ․-ին Վրաստանում ծնվել է 56 569 երեխա (28 887 տղա և 27 682 աղջիկ), ինչը 4,5%-ով քիչ է 2015թ․-ն ծնված երեխաների քանակի համեմատությամբ»։

«2017թ․-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության քանակությունը կազմել է 3 718 200 մարդ, ինչը 0․1%-ով քիչ է, քան 2016թ․-ի հունվարի 1-ի դրությամբ», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

Օրացույց