Ուժը նաև ինքնասիրության մեջ է

մայիս 02, 2017 - 07:24        Viewed: 333       

Ապրիլի 28-ին Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախք շրջանը։ Այցելության նպատակը շրջանի բնակչությանը «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելն էր։ Իրականացրած այցելության շրջանակներում Գիորգի Մարգվելաշվիլին Ախալցխայում հանդիպում-քննարկում է անցկացրել տեղի հասարակական կազմակերպությունների հետ։ Ելնելով շրջանի ազգագրական պատկերից՝ բնական է, որ հանդիպման մասնակիցները մեծ մասամբ հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել։ Այդ իսկ պատճառով սպասվելիք սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցերից բացի քննարկման ընթացքում հնչել են նաև Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին հուզող հարցեր։

Թերևս այդպես է ստացվել, որ մեր երկրում ազգային փոքրամասնությունների խնդիրների հարցով հատուկ հանդիպումներ գերագույն ղեկավարությունը չի անցկացնում։ Իսկ եթե անցկացնում էլ է, ապա նախընտրական ժամանակաշրջանում։ Մի խոսքով, այս անգամ ևս ներկաները բաց չթողեցին նախագահին հարցեր տալու հնարավորությունը։

Երկրի նախագահին տրված հարցերից մեկը վերաբերում էր 1915-23թթ. Ցեղասպանությանը։ Մասնակիորեն, հանդիպման մասնակիցը մտահոգություն է արտահայտել, որ երկրի գերագույն իշխանությունը ոչ մի անգամ ապրիլի 24 ցավակցությամբ չի դիմել իր երկրի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին։

Մինչ հարգելի ընթերցողին ներկայացնենք նախագահի տված պատասխանն այդ մտահոգությանը, ընդգծենք այն ձևը, որով տրվել է այդ պատասխանը։

Քաղաքացին երկրի նախագահին հարցով է դիմում․ «Ինչո՞ւ Դուք Մեզ ցավակցություն չհայտնեցիք Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»։ Իսկ նախագահը, նստելով ոտքը ոտքին գցած, հավաքված հանրության հանդեպ հարգանք չտածող դիրքով և կեցվածքով, խոսում է «մեծ մարդկային ողբերգության մասին»։ Եվ ահա պատասխանը․

«Ես ուզում եմ ասել, որ 915թ․-ին տեղի ունեցած այդ ողբերգության հիշատակումը, մենք միշտ նշել ենք, որ դա մեծ մարդկային ողբերգություն էր։ Եվ մեր հայ գործընկերները շատ լավ գիտեն, որովհետև մենք միշտ ասել ենք, որ դա մեծ ողբերգություն էր։ Մարդկային ողբերգություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ Օսմանյան Կայսրությունում»։

Չխորանանք, թե ինչն է Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիների համար ավելի մեծ վիրավորանք, նախագահի պատասխանի բովանդակությունը, թե՞ այն ձևը, որով նա տվեց այդ պատասխանը։ Թո՛ղ հարգելի ընթերցողն ինքը պատասխանի այդ հարցին։

Միայն մեկ բան է պարզ։ Վրաստանում ապրող 300 000-ից ավել հայերս այսօր չունենք որևէ քաղաքական գործիչ-ներկայացուցիչ, որը կփորձի պաշտպանել այս երկրում մեր օրինական, սահմանադրական շահերը։ Տվյալ իրականության հերթական հաստատումն է այն փաստը, որ Խորհրդարանի՝ հայկական ազգանուն կրող երեք պատգամավորներից ոչ մեկը այս տարի չփորձեց 1915-23թթ․Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ելույթով հանդես գալ Խորհրդարանում՝ լիագումար նիստի ընթացքում։

Սովորենք ճիշտ եղրակացություններ կատարել։ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան հոկտեմբերին։

Օրացույց