Վրաստանի ամենախոցելի կրոնական փոքրամասնությունն աթեիստներն են

մայիս 05, 2017 - 08:53        Viewed: 174       

JamNews -«Կրոն» առարկան դեռևս դպրոցական դասացուցակներում չկա, բայց Վրաստանի պետական դպրոցները քիչ ժամանակ չեն տրամադրում «ուղղափառ դաստիարակությանը»: Հատկանշական է, որ հոգեփրկիչ զրույցները միշտ չէ, որ կամավոր բնույթ են կրում և ոչ միշտ են անցկացվում միայն այն աշակերտների հետ, ովքեր իրենց ուղղափառ են համարում:

Շատ դպրոցներում անցկացվում են աղոթքներ և հոգևորականների հետ զրույցներ, դպրոցների մեծ մասում, այդ թվում՝ Թբիլիսիի, հատուկ աղոթատեղիներ կան: Ծնողների պնդմամբ՝ այդ մատուռները միշտ բազմամարդ են:

Կրոնական փոքրամասնություն կազմող երեխաներն ասում են, որ հաճախ հալածանքների են ենթարկվում: Ըստ ուսումնասիրությունների՝ ամենաշատը տուժում են Եհովայի վկաներն ու մուսուլմանները: Ընդ որում, վերջիններս նշում են, որ իսլամն անթաքույց կերպով անարգվում է ուսուցիչների կողմից նույնիսկ այն պարագայում, երբ դպրոցում մուսուլմանները ճնշող մեծամասնություն են կազմում:

Կրոնի ուսումնասիրումը դպրոցներում արգելվել է 2005թ.-ին նախորդ, ավելի արևմտամետ կառավարության կողմից: Հենց այդ ժամանակ էլ դպրոցներում արգելվել է կրոնական սիմվոլիկան: Այս երկու բարեփոխումները Վրաստանի կառավարությանը խորհուրդ է տվել ԵԱՀԿ-ն:

Արդարության համար պետք է նշել, որ սիմվոլիկայի արգելքը չաշխատեց. դպրոցներում ամենուր էին խաչերն ու սրբապատկերները:

Բայց արդյունքներն իրենց սպասեցնել չտվին: Առաջին հերթին, պակասեց ճնշումը կրոնական փոքրամասնություն կազմող դպրոցականների հանդեպ: Երկրորդ հերթին, այն հանգեցրեց ծայրահեղ կրոնական կազմակերպությունների բուռն հակազդեցությանը:

Պատահական չէ, որ 2012թ.-ին նոր ուժերի իշխանության գալուն (և եկեղեցու ծայրահեղացմանը) զուգընթաց դպրոցներում կրոնական դաստիարակության հարցը նորից մտավ օրակարգ: Այդ հարցը բավականին բուռն բանավեճեր առաջացրեց, և, որքան էլ տարօրինակ է, ուղղափառ կրթության ներմուծման հակառակորդներից մեկը եկեղեցու հայրերն էին:

Սակայն, կրոնական դաստիարակությունն ու հանրակրթական դպրոցն իրար չխառնելու առաջարկը մնաց թղթի վրա, քանի որ հոգևորականները պատրաստակամորեն արձագանքում են դպրոցների տնօրենների՝ «երեխաների հետ աստծո մասին զրուցելու» առաջարկին: Դպրոցի ղեկավարությունն, ինչպես նաև շատ ծնողներ հրճվում են այդ հանդիպումներով:

Նախորդ ուսումնական տարվա մեկնարկին կրթության նախարարությունը հայտարարեց, թե կրոնն առանձին չի ուսումնասիրվելու դպրոցներում, այն լինելու է «Ես ու հասարակությունը» առարկայի կազմում, որի շրջանակում առաջարկվում է հատկացնել որոշակի դասաժամեր «Պետություն և կրոն» թեմային:

Դիտորդներն այդ առարկային քննադատաբար են մոտենում: Նրանք մասնավորապես նշում են, որ վերահսկման մեխանիզմներ օրենսդրորեն ոչ մի կերպ նախատեսված չեն: Այսինքն՝ կրթության նախարարությունն, ըստ էության, ի վիճակի չէ վերահսկել, թե ինչ տեսքով է տեղեկավությունը տրամադրվում: Հաճախ համաշխարհային և Վրաստանում տարածված կրոնների պատմությունը վերածվում է Աստվածաշնչի ընթերցման ու բազմաթիվ վրացական նահատակների մասին պատմությունների:

«Ես ծնողներին միշտ հարցնում եմ, ուզում են արդյոք նրանք, որ իրենց զավակները աղոթքներ իմանան: Եթե չուզենան, նրանց երեխաները չեն սովորի, -ասում է պետական տարրական դպրոցի ուսուցչուհին: -Ամեն ինչ ինքնակամ է, և ոչ մի վատ բան չկա, որ ուղղափառների երեխաները լսեն այն մասին՝ ինչն է լավ, ինչը՝ վատ»:

Դպրոցականները, որոնց խնդրեցի հակիրճ պատմել՝ ինչ թեմաների շուրջ են կրոնական զրույցները, պատասխանեցին, որ հիմնականում խոսքը գնում է խոնարհության և ծնողներին հարգելու մասին, բայց բարձր դասարաններում խոսում են նաև «հարաբերությունների մասին», այդ թվում նաև՝ «սխալ» (այսինքն՝ միասեռականների մասին): Բացի այդ երեխաներին ակտիվորեն խորհուրդ է տրվում ծոմ պահել, հաղորդություն ստանալ և խոստովանություն անել:

Եթե հավատանք մարդահամարի տվյալներին, իրեն ուղղափառ է համարում Վրաստանի բնակչության 80%-ը: Ինչ-ինչ պատճառներով չկա վիճակագրություն, թե Վրաստանում բնակչության որ մասն է աթեիստ, բայց իրենց ոչ մի դավանանքի չդասող մարդկանց հարաբերակցությունը 0.7 տոկոս է: Հավանաբար, աթեիստներին պետք է հենց այստեղ փնտրել: Եվ այս ցուցանիշից երևում է, թե ինչ փոքրամասնություն են նրանք կազմում:

Օրացույց