Շուշի. Մայիս 9, 1992թ.

մայիս 11, 2017 - 21:47        Viewed: 322       

Մայիսի 9-ը դեռևս խորհրդային ժամանակաշրջանից Հայաստանում նշվում է որպես 2-րդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ տարված հաղթանակի օր: Այդ օրն էր, որ 1945թ. հայ մարտիկն «իր սուրը փառքով դրեց պատյան» գրավված Բեռլինում` դարասկզբին ցեղասպանություն իրագործած երիտթուրքերի երբեմնի դաշնակցի մայրաքաղաքում: Եվ պարտված ռայխստագի պատերի տակ 89-րդ Թամանյան գվարդիական հայկական դիվիզիայի մարտիկները պարեցին հինավուրց հաղթական քոչարի պարը:

Բարեպատեհ զուգադիպությամբ 1992թ. մայիսի 8-9-ը Արցախում հայկական ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում ազատագրվեց հինավուրց Շուշին, և հայ ժողովրդի համար նորովի վերաիմաստավորվեց այդ օրը:

Շուշին` հայկական երբեմնի Շոշը, որ բարձրադիր ժայռազանգվածի վրա կռթնած` իշխում է Արցախի մայրաքաղաքի և հարակից շրջանների վրա: Հնամենի բերդն իր հերթին լրացնում է շրջապատի վրա Շուշիի ազդեցիկ դիրքը:

Շուշիի մասին առաջին հիշատակությունն արված է 18-րդ դարի սկզբներին: Այդ շրջանում այստեղ հիմնադրվել է ամրոց, որի պատմությունը կապված է Պարսկաստանի կազմում Արցախի միացյալ մելիքության պատմության ամենաողբերգական էջերից մեկի հետ: Այն տարիների ժամանակագրության համաձայն, 1752 թվականին Վարանդայի իշխանի կրտսեր եղբայրներից Շահնազարը ուխտադրժորեն սպանեց օրինական մելիք Հովսեփին և զավթեց իշխանությունը: Արցախի մելիքները, որ իրար հետ կապված էին ազգակցական և դաշնային սերտ հարաբերություններով, որոշեցին պատժել հանցավոր դավաճանին: Չորս մելիքներ իրենց զորքերով շարժվեցին Վարանդա՝ ժառանգական իշխանի իրավունքները վերահաստատելու համար: Տեղական իշխանության դեմ ապստամբած մելիք Շահնազարը իր խռովարար գործունեությանը մասնակից դարձրեց ոմն Փանահի գլխավորությամբ Ղարաբաղի հարակից շրջաններում ավազակություններով զբաղվող քոչվոր մի ցեղի և հարձակվող զորքերից պաշտպանվելու համար օգնեց վերջինիս հաստատվել Շուշիի անառիկ ամրոցում:

Հետագայում այդ դաշինքը, որը միտված էր Արցախի վարչաքաղաքական միասնության խարխլմանը, պաշտպանություն գտավ թուլացող պարսից կայսրության կողմից, որն այդ ժամանակ փլուզվում էր մասնատվածության արդյունքում: Ժամանակի ընթացքում Շուշի ամրոցը վերածվեց դրսից արհեստականորեն պաշտպանվող թյուրքական իշխանությամբ Արցախի հայ ժողովրդին ստրկացնելու քաղաքականության կայուն տարրի: Շուշիի հանձնումը սկզիբն էր, ընդհանրապես, Արցախի թրքացման քաղաքականության:

Շուշի ամրոց-քաղաքը ռազմավարական առաջադիրքի իր նշանակությունը պահպանեց նաեւ 19-րդ դ. սկզբներին, երբ Հարավային Կովկասն անցավ Ռուսական կայսրության իշխանության ներքո:

Քաղաքի հայ բնակչության թիվը զգալիորեն նվազեց 1918թ. և 1920թ. հայկական կոտորածների արդյունքում: Հատկապես, ողբերգական եղավ 1920 թվականի մարտի 23-ը, երբ թուրք-ադրբեջանական զորքերը հրկիզեցին և կողոպտեցին Շուշիի հայոց թաղը, որը գրավում էր քաղաքի տարածքի կեսից ավելին: Դատարկվեցին և մոխրակույտերի վերածվեցին 7 հազար բարեկարգ երկհարկանի տներ, մշակութային, վարչական տասնյակ հիանալի շենքեր: Երեք օրվա ընթացքում քաղաքի բնակչությունը նվազեց 65 տոկոսով: Շուշիի 47 հազար հայ բնակչությունից 30 հազարը զոհ գնացին թուրք-մուսավաթական ավազակախմբերին:

Սակայն շուշեցի հայն առաջին իսկ պատեհ առիթով կրկին վերադարձավ իր բնօրրանը, նորից հայաշունչ դարձավ քաղաքը:

Եվ այդպես մինչև 1988-89թթ., երբ արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ազգայնամոլ բազմահազարանոց ամբոխները կենտրոնի բացահայտ թողտվությամբ քաղաքից բռնի արտաքսեցին համեմատաբար նվազ քանակով մնացած հայ բնակիչներին:

Առանց այդ էլ հայաթափված Շուշիի շրջանին գրեթե նույն սցենարով մեկ այլ հարված եղավ 1991թ., երբ խորհրդային ուժերի օժանդակությամբ ադրբեջանական կանոնավոր ջոկատները արտաքսեցին Բերդաձորի ենթաշրջանի վերջին 7 հայկական գյուղերի բնակիչներին: Մնաց Շուշիի պատերի տակ կղզիացած Քարինտակը, որը վճռեց արյան գնով մինչև վերջ դիմադրել թշնամուն:

Հետզհետե Արցախում ընդհարումները վերաճեցին կանոնավոր բախումների, ապա նաև մարտական գործողությունների:

Շուշիից էր, որ ադրբեջանական ստորաբաժանումներն առաջին անգամ «Գրադ» հրթիռահրետանային համակարգներն օգտագործեցին Ստեփանակերտի դեմ, ինչն աստիճանաբար շարունակական պարբերականություն ձեռք բերեց: Հարազատ Շուշին վերածվել էր Ստեփանակերտն ահաբեկող ավազակաորջի, չարիքի և մահվան խորհրդանիշի: Հակառակորդի մարտական օդուժի ռմբակոծություններից էլ առավել մահաբեր էին ու վտանգավոր Շուշիից իրականացվող հրետակոծությունները, որոնց արդյունքում հարյուրավոր արցախցիներ զոհվեցին ու հաշմանդամ դարձան, այդ թվում` կանայք ու մանուկներ: Ստեփանակերտի ավերումը դարձել էր քաղաքի, կարծես, շնչափողի վրա նստած թշնամու ամենօրյա զբաղմունքը: Հայոց շուրթերից անեծք էր տեղում առժամապես թրքացած Շուշիի հասցեին, որն իր անառիկ դիրքով չարագուշակ մռայլություն էր տարածում ազատասեր արցախահայության վրա:

Իսկ երբեմնի հզոր բերդ-ամրոցը վերածվել էր թշնամու ճանկն ընկած հայորդիների զնդանի, որոնցից շատ-շատերն այդպես էլ չվայելեցին ազատության բերկրանքը:

1992թ. հենց առաջին օրն իսկ թշնամին հարձակման անցավ Ստեփանակերտի ուղղությամբ` ավերելով Խրամորթ գյուղը և ազդարարելով իր անթաքույց ծրագրերի իրականացման սկիզբը, այն է` կտրել մայրաքաղաքը շրջաններից, օղակի մեջ առնել և այդ կերպ լուծել արցախյան հարցը: Հունվարի 25-26-ին Ադրբեջանի բանակի մի գումարտակ հարձակում ձեռնարկեց Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի ուղղությամբ: Գրոհը հետ շպրտվեց՝ 2 օր տեւած համառ մարտերի շնորհիվ:

Ռազմական գործողությունների ընդլայնումը պաշտպանության կազմակերպման եւ կատարելագործման անհրաժեշտության ստեղծեց: Այդ նպատակով Արցախի ողջ տարածքում կամավորական հիմունքներով ջոկատներ էին ստեղծվում: Ուժերի կենտրոնացման եւ նրանց գործողությունների համակարգման համար ստեղծվեց ինքնապաշտպանության ուժերի շտաբ: Տարեսկզբին արդեն Արցախի տարածքում կազմավորվել էին 10-ից ավելի կանոնավոր վաշտ ու դասակ, որոնցում ընդգրկված էր շուրջ 1.000 մարտիկ: Փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց հանրապետության բոլոր զինված կազմավորումների իրավական կարգավիճակի մասին, որոնք պետք է ենթարկվեին մեկ միասնական հրամանատարության:

Վերոհիշյալն ակնբախորեն հետագայում ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման ճանապարհին արված կարեւոր քայլերից մեկն էր:

Հայկական ինքնապաշտպանական ուժերը կարողացան հետ մղել հունվար-մարտ ամսիներին ձեռնարկված կատաղի գրոհները, ապա ամրապնդվել և ձեռնամուխ լինել ադրբեջանական հենակետերի ոչնչացմանը Արցախի մայրաքաղաքի մատույցներում: Հունվար-փետրվարին հաջողությամբ ազատագրվեցին Կրկժանը, Մալիբեյլին, Ղուշչուլարը, ապա նաև Արցախի միակ օդանավակայանը Խոջալու բնակավայրով:

Խոջալուի ռազմակայանի վերացմամբ Ստեփանակերտի հրետակոծումը, սակայն, էապես չնվազեց: Ստեփանակերտի վրա իշխող Շուշիից օր ու գիշեր շարունակվեցին առավել ուժգնացող հրթիռահրետանային գնդակոծությունները: Մայիսի 7-ին ադրբեջանական հետեւակը և զրահատեխնիկան Մի-24 մարտական ուղղաթիռների աջակցությամբ գրոհ ձեռնարկեցին Ստեփանակերտի հարավ-արևելքում գտնվող մեր պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Միաժամանակ նույն օրը Շուշիի բարձունքներից և մոտակա ադրբեջանական բնակավայրերից մայրաքաղաքի վրա շուրջ 200 հրետանային արկ արձակվեց «Գրադ» կայանքներից և այլ հրետանային միջոցներից: Կրկին եղան զոհեր և վիրավորներ, հրդեհներ բռնկվեցին երկաթուղային կայարանում և քաղաքի մի շարք բնակելի թաղամասերում:

Արդեն հասունացել էր քաղաքն ազատագրելու և տեղում բնավորված օտար զավթիչների հենակետը ոչնչացնելու համոզվածությունը: Եվ հայոց բազկի հուժկու զարկը չհապաղեց:

Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը որոշում կայացրեց Շուշիում տեղակայված թշնամու կրակակետերը ոչնչացնելու մասին: Համաձայն «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը կրող գործողության ծրագրի, հայոց ինքնապաշտպանության ուժերը մայիսի 8-ի երեկոյան անցան հարձակման, որը ղեկավարում էր փառաբանված զորավար Արկադի Տեր-Թադևոսյանը («Կոմանդոս»):

Ձեռնարկված գրոհները, սակայն, սկզբնական շրջանում հակառակորդին հաջողվում էր հետ մղել` օգտագործելով Շուշիի բնական անառիկ գերիշխող դիրքը: Քաղաքն սպասում էր իր ազատարարներին, և այդժամ էր, որ առաջին դիրքերում նորօրյա Ղևոնդ երեցի նման խաչը ձեռքին երևաց Արցախի թեմի առաջնորդը: «Նախ պետք է կործանել մեր մեջ բույն դրած չարիքը»,-պայքարի հոգևոր առաջնորդի հորդորով էր, որ հենց մարտերի ընթացքում Ստեփանակերտում իր պատվանդանից վայր բերվեց ժամանակին Արցախը հակառակորդին հանձնած Լենինի չարաշուք արձանը: «Աստված մեզ հետ է, մենք հաղթելու ենք»,-այս հավատամքն էր, որ հակառակորդի զինվորներից համազգեստով տարբերվելու համար սպիտակ խաչանշաններ կրող հայ մարտիկները կրկին կատաղի գրոհների դիմեցին դեպի Շուշիի բարձունք:

Շատերին մինչ այժմ նորօրյա ասք է թվում վերոհիշյալը, բայց Շուշիի ազատագրմանը մասնակցած յուրաքանչյուր հայորդի համոզված է այս եղելության ճշմարտացիության մեջ: Հրաշք էր պետք, բեկում, որպեսզի հայրենյաց գիրկը վերադարձվեր Արցախ աշխարհի մարգարիտը, գերեվարված չքնաղ գեղեցկուհին, որի համար դեռ մոտ 150 տարի առաջ Կովկասը նվաճած ռուս գեներալ Երմոլովն էր ասել. «Ով տիրում է Շուշիին, տիրում է ամբողջ Ղարաբաղին»:

Հայոց զորքի ձեռնարկած կատաղի գրոհների ներքո, վերջապես, հակառակորդն ընկրկեց, մեր ուժերի վերահսկողության տակ առնվեց Շուշի-Լաչին մայրուղին: Կեսօրվան մոտ արդեն Շուշիի պաշտպանությունը ճեղքվեց հյուսիսից և արևելքից: Հայկական ջոկատները փողոցային կռիվներ մղելով` երեկոյան դեմ գրավեցին քաղաքի կենտրոնական թաղամասերը: Մայիսի 9-ի առավոտյան Շուշին լիովին ազատագրված էր:

Երեք տասնյակից ավելի զոհերի գնով հաղթահարվեց թշնամու դիմադրությունը: Ամեն հայորդու կյանքն էլ թանկ էր, բայց աֆղանական պատերազմ տեսած խորհրդային բազմափորձ հայազգի սպաները ռազմական տեսության դասագրքերի որևէ ծանոթ օրինակի հետ չէին կարողանում համեմատել կատարվածը, երբ իրենց առջև հառնում էին քաղաքի բնական ամրությունները:

Առավոտյան դեռևս ծխի մեջ էր պարուրված ազատագրված Շուշին, իսկ հայ մարտիկները կարոտած շուրթերով համբուրում էին թշնամու կողմից եղծված Սբ.Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու պատերը: Ովքեր ականատես են եղել, մինչև իրենց կյանքի վերջը երբեք չեն մոռանա, երբ Արցախի թեմի առաջնորդը տիրաբար մուտք գործեց հակառակորդի կողմից «Գրադի» արկերի զինապահեստի վերածված եկեղեցին, կարկառեց ձեռքերն առ Աստված ու միահամուռ խոնարհաբար ծնկի եկած մարտիկների գլխավերևում սկսեց գոհունակության հայտնել ու բարեբանել երկնային Տիրոջը:

Սկսվեց հայոց զորքի անկասելի հաղթարշավը, որի ընթացքում բացվեց Շուշի- Քաշաթաղ-Զաբուղ «կյանքի ճանապարհը»: Մայիսի 18-ին արցախյան բանակի ստորաբաժանումները մտան Քաշաթաղ (Լաչին)՝ դրանով իսկ ճեղքելով եռամյա շրջափակման օղակը և փաստացի իրականություն դարձնելով Մայր Հայաստանի ու Արցախի վերամիավորումը:

Ավարայր, Սարդարապատ... Ահա այս շարքին ավելացավ Շուշին, որ ապացույցն էր նորօրյա կենաց-մահու ազատամարտում հայության ոգեղեն կամքի և բաղձալի միասնականության իրագործած հրաշքների:

Շուշիի բարձունքի վրա պատվանդանին հավերժ արձանացել է քաղաքն առաջինը մուտք գործած և խփված հայկական հրասայլը, որի մոտ մշտապես զինվորական երդումն են տալիս Պաշտպանության բանակի նորընծա մարտիկները: Երդվում, որ թանկագին զոհերի գնով ազատության բերկրանքը վայելող Արցախը թշնամուն այլևս երբեք չի հանձնվի:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության

ռազմական կցորդ,

գնդապետ Սամվել Ռամազյան

Օրացույց