Մեր Մայրենին հազարագանձ

մայիս 12, 2017 - 09:55        Viewed: 315       

ՎիրաՀայոց Թեմ -Մեսրոպատառ հայերենի շունչն էր թևածում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Օրը հիշարժան էր, թեև ուշացումով, բայց մեծ նվիրումով Վիրահայոց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի նախաձեռնությամբ նշվեց մայրենիի օրը:

Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականով. ծնողներ, ուսուցիչներ,թբիլիսահայ հասարակայնության անդամներ: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:

Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի, ՀՀ «Մովսես Խորենացի» և Վրաստանի «Պատվո» շքանշանների ասպետ Ռոզա Զոհրաբյանը անդրադարձ կատարեց 2000 թվականից ի վեր փետրվարի 21-ը մայրենիի միջազգային օր հռչակելու նախադրյալներին և արձանագրեց, որ 2005 թվականից օրը մտել է նաև Հայաստանի տոնացույցի մեջ: Վրաստանը մայրենիի օրը տոնում է ապրիլի 14-ին:

Կիրակնօրյա դպրոցի առաջին և երկրորդ դասարանների տարբեր տարիքի ու մասնագիտության սովորողների ելույթը գրական մոնտաժի ձևաչափով էր: Դա տարիներ առաջ մայրենիից կտրված, հատ ու կենտ բառեր գիտեցող հայորդիների խոնարհումն էր իրենց մայր լեզվին, ծնող ժողովրդին, վերադարձը իրենց արմատներին, սկսնակ լեզվով մեսրոպատառ հայերենի մեծարումն էր և հպարտությունը հայ լինելու համար: Իրենց գեղեցիկ ելույթները հոգեբուխ և սրտալից, հասկանալով ու խոր ըմբռնումով ներկայացրեցին ազգասիրության շունչ ստացած կիրակնօրյա դպրոցի սաները:

Հայրենասիրական մեծ պաթոսով արժևորվեց մայիսի 9-ին նշվող Շուշիի ազատագրության պանծալի 25-ամյակը, որը բացի հայ ժողովրդի հարատևության, հերոսական պայքարի և մեծ հաղթանակի տոն լինելուց, նաև Հայաստանի հզորության ու հայ ժողովրդի միասնության երաշխիքն է:

Կիրակնօրյա վարժարանի սովորողների ուժերով ներկայացվեց ծաղկաքաղ հայերենի՝ հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հնագույն լեզվի, լեզվական հարուստ բառաֆոնդի, բարբառների, երկու հնագույն լեզուների մասին՝ հայոց լեզվին տրված աշխարհի մեծերի գնահատականով, հայոց լեզվին նվիրած տարբեր հեղինակների բանաստեղծություններով և հնամենի լեզվի մասին ազգի մեծերի ու ճանաչված անհատների ասույթներով:

Ներկաներին հղելով իր օրհնությունը, Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեց արդեն 2 տասնյակից ավելի տարիներ թբիլիսահայ հասարակայնությանը հայախոս դարձնելու, մայրենին սիրելու, հայրենիքի և լեզվի մասին ավելի խորը իմանալու և այդ ամենը կյանքի ուղեկից դարձնելու գործում վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի ներդրումը: Տպավորությունը վեր էր ամեն ինչից, միջոցառումը բարձրարժեք՝ գեղեցիկ հայերենով, հարուստ բովանդակությամբ և դինամիկ ընթացքով, ինչը ուսուցչի արհեստավարժ լինելու վկայությունն է, իր խոսքում կարևորեց Թեմակալ առաջնորդը:

Միջոցառման դինամիկությանը օժանդակեց նաև «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախմբի՝ խմբավար Մարիա Աբուլյան և պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանի կողմից հայրենաշունչ երգերի կատարումը:

Վերջում շնորհավորելով կիրակնօրյա դպրոցի սաներին մայրենիի տոնի կապակցությամբ, Գայանե Բոստանջյանը նրանց նվիրեց մոր՝ հանգուցյալ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի հայերեն և վրացերեն թարգմանությամբ գրքերը:

Հիրավի մայրենիին նվիրված տոնահանդեսը դարձավ հայոց լեզվի նկատմամբ սիրո և հպարտության այն զգացումը, որը ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է: Միջոցառումն ավարտվեց մայրենին պահպանելու և սերունդներին հանձնելու ներկաների երդումով:

Օրացույց