Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

մայիս 13, 2017 - 19:57        Viewed: 314       

Մայիսի 9-ին Սպիտակ տանը կայացավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս նախատեսվող հանդիպման մասին չի հաղորդվել վարչապետի հրապարակված պաշտոնական այցի ծրագրում: Վարչապետի մամլո ծառայությունը հրապարակել է հաղորդագրությունը միայն ըստ հանդիպման արդյունքների: «Հանդիպման սկզբում Դոնալդ Թրամփը ընդգծել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է, որի հետ նա կապված է ռազմավարական հարաբերություններով և համագործակցությամբ: Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարևոր հարցերն ու ապագայի հետ կապված ծրագրերը», -նշվում է Վրաստանի վարչապետի մամլո ծառայության հաղորդագրությունում: «ԱՄՆ-ի նախագահը հայտնել է Ամերիկայի լիակատար աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Հանդիպման ավարտին վարչապետը հրավիրեց ԱՄՆ-ի նախագահին Վրաստան այցելելու», - հայտնում է մամլո ծառայությունը:

ԱՄՆ-ի նախագահի հետ Վրաստանի վարչապետի հանդիպման մասին մամուլի հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը: Նա հաստատել է, որ Սպիտակ տանը բանակցություններն անցկացվել են Կվիրիկաշվիլիի և ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի միջև: «Այնուհետև վարչապետը փոխնախագահի հետ տեղափոխվեց օվալաձև կաբինետ՝ նախագահին ողջունելու», -ասել է Սփայսերը՝ չհաղորդելով բանակցությունների մանրամասները: «Դոնալդ Թրամփը և Մայք Փենսը հստակ ազդանշաններ են տվել այն մասին, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանին: Այս հանդիպումները կարևոր էին, կարևոր Վրաստանի հետագա զարգացման համար, մեր երկրում կայունության հաստատման համար», -ասել է Կվիրիկաշվիլին: Վարչապետն ընդգծել է, որ «ԱՄՆ-ը եղել և մնում է Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը»: «Մենք ամուր երաշխիքներ ենք ստացել, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին և զարգացնել մեր երկրի հետ գործընկերությունը», -ասել է Կվիրիկաշվիլին:

Մայիսի 9-ի գիշերը, մոտ 50 հոգի՝ հասարակական, արհմիությունների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում Խորհրդարանի շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում էին պատժել Տկիբուլի քաղաքում չորս հանքագործների մահվան մեջ մեղավորներին, ինչպես նաև խստացնել վտանգավոր արտադրություններում աշխատանքի պայմանների վերահսկողությունը: Ակցիան կազմակերպվել էր այն հաղորդագրությունից հետո, որտեղ ասվում էր, որ մայիսի 9-ի երեկոյան Տկիբուլի հանքաարդյունաբերական քաղաքում վերանորոգման աշխատանքների ժամանակ Մինդելի անվան հանքում վերանորոգող թիմի աշխատակիցներից չորսը, որոնք իրականացնում էին վերելակի վերանորոգումը, 350մ. բարձրությունից ընկել են ներքև: Չորսն էլ մահացել են: Ցուցարարները փորձել են արգելափակել երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում: Ոստիկանությունը միջամտել է ցուցարարների գործողություններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք, և ակցիայի երեք մասնակից ձերբակալվել է: Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ միայն այս տարի աշխատավայրում մահացել է 13 մարդ աշխատանքային պայմանների անհամապատասխանության պատճառով: Վերջին երկու տարում այդ նույն պատճառով մահացել է 58 հոգի, իսկ մարմնական վնասվածքներ ստացել է մոտ 200 աշխատող: Արդեն մի քանի տարի է իրավապաշտպաններն հայտարարում են այն մասին, որ Վրաստանը չի ընդունել որպես պարտավորություն եվրոպական սոցիալական խարտիայի երրորդ հոդվածը և աշխատանքի միջազգային կազմակերպության այն կոնվենցիաները, որոնք վերաբերում են աշխատանքի անվտանգության հարցերին: Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են այն փաստը, որ կառավարությունը քաղաքական կամք և պատրաստվածություն չունի՝ ստեղծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմ:

Վրաստանում առաջին անգամ ընդհանուր կրթության բնագավառում սկսվում է ոչ վրացախոս դպրոցների ուսուցիչների և տնօրենների լայնածավալ վերապատրաստում: Նախագծի շրջանակներում վերապատրաստում կանցնի 7-րդ և 12-րդ դասարաններում քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, անգլերեն և աշխարհագրություն դասավանդող 2 հազար 177 մանկավարժ: Կվերապատրաստվի նաև 213 տնօրեն: Որակավորման բարելավման դասընթացներ են նախատեսվում 2017-2019թթ: Այս դասընթացները կանցկացվեն ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ ռուսերեն, ադրբեջաներեն և հայերեն: Դասընթացների նյութերը կթարգմանվեն այս լեզուներով: Նախագիծն իրականացնում է «Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան» ֆոնդը և Վրաստանի կրթության նախարարության ուսուցիչների մանսագիտական զարգացման ազգային կենտրոնը:

IPM կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն Վրաստանը ճանաչվել է հարավկովկասյան տարածաշրջանի ամենակրոնական երկիրը: IPM-ի հետազոտողներն ուսումնասիրել են կրոնի կարևորությունը Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի բնակիչների համար: Ամեն երկրում հարցվել է 700 հոգի: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վրաստանում հարցվողների 84%-ի համար կրոնը առօրյա կյանքի կարևոր մասն է կազմում: Կրոնասիրության ցուցանիշը Հայաստանում կազմում է 77%: Կրոնասիրության ամենացածր ցուցանիշը Ադրբեջանում է՝ 35%: Միևնույն ժամանակ IPM-ը նշում է, որ Հայաստանում և Ադրբեջանում կրոնի մասին պատասխանները ուղղակիորեն կապված էին հարցվողների տարիքի հետ, այս երկրներում կրոնի նշանակությունը մեծանում է տարիքի հետ զուգաահեռ: Վրաստանի դեպքում ցուցանիշը կախված չէ տարիքից:

Վրաստանի բնակչության 23%-ը կարծում է, որ երկիրն արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, այս մասին վկայում են NDI «Ազգային ժողովրդավարական ինստիտուտ» ամերիկյան հասարակական կազմակերպության անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրությունների արդյունքները: Ուսումնասիրությունների առաջին մասը հրապարակվել է այսօր: «Ճի՞շտ է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ է» հարցին 23%-ը պատասխանել է «ճիշտ է», 71% -ը՝ «ճիշտ չէ», իսկ 5%-ը դժվարացել է պատասխանել:

Վրաստանի բնակչության 51%-ը կարծում է, որ ներկայումս երկրում կա ժողովրդավարություն, 40%-ը համաձայն չէ այս պնդման հետ, իսկ հարցվածների 8% -ը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները նախատեսում են ռազմական համագործակցության մասին եռակողմ ձևաչափով հուշագիր ստորագրել: Այս հարցը քննարկվել է Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և իր թուրք գործընկեր Ֆիկրի Իշիկի հետ հանդիպման ժամանակ Ստամբուլում անցկացվող պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանկաներում (IDEF), - հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Ըստ Իզորիայի՝ փաստաթուղթը կստորագրվի երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որը կկայանա մայիսի վերջին Բաթումիում: Հուշագիրը, որը նախատեսվում է թողարկել, նպատակաուղղված է նպաստել պաշտպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը: «Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք Թուրքիայի Պաշտպանության նախարարի հետ: 10 օրից ծրագրում ենք անցկացնել նախարարների հանդիպում Բաթումիում: Ադրբեջանի Պաշտպանության նախարարը նույնպես կմասնակցի: Կքննարկենք մեր եռակողմ համագործակցության ձևաչափը», -ասել է Վրաստանի Պաշտպանության նախարարը Իշիկի հետ հանդիպումից հետո: Իզորիան շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջն ուժեղ «քաղաքական աջակցության համար» և «գործնական օգնության համար»: Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Թուրքիայի և Վրաստանի համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում:

Բաթումիի քաղաքապետարանը հրաժարվել է քաղաքում մզկիթ կառուցելու թույլտվություն տալուց: Ինչպես պարզ է դառնում քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերից, 2017թ․ փետրվարի 8-ին «Նոր մզկիթի կառուցման ֆոնդ» կազմակերպությունը Բաթումիի քաղաքապետարան է դիմել մզկիթ կառուցելու խնդրանքով հիմնադրամի ձեռք բերած 2450քմ ընդհանուր մակերեսով հողատարածքում: Խնդրանքը դիտարկվել է քաղաքապետարանի՝ բնակեցված տարածքների օգտագործման և կառուցման գծով հանձնաժողովի կողմից: Ըստ հանձնաժողովի՝ տվյալ հողատարածքը չի համապատասխանում կրոնական նպատակներով կառույցի համար, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված շենքի տարածքում: Աջարիայի մահմեդական համայնքը արդեն մի քանի տարի ձգտում է Բաթումիում նոր մզկիթ կառուցել: Ներկայումս Բաթումին ունի միայն մեկ գործող մզկիթ, այն դեպքում, երբ Աջարիայի բնակչության առնվազն 25%-ը իսլամ է դավանում: 2016թ փետրվարին 12 հազար ստորագրություն է հավաքվել Բաթումիում նոր մզկիթ կառուցելու համար հողատարածք տրամադրելու խնդրանքով:

Օրացույց