Խորհրդարանը դիտարկում է տեղական կազմակերպությունների արտասահմանից ֆինանսավորման արգելքի մասին հարցը

մայիս 15, 2017 - 07:43        Viewed: 179       

Իրավաբանական հարցերով խորհրդարանական կոմիտեի նիստին նախաձեռնություն է ներկայացվել վրացական ոչ կառավարական կազմակերպությունների արտասհմանից ստացվող ֆինանսավորման արգելքի մասին:

Նախագծի համաձայն՝ դատարանը Վրաստանի կառավարության դիմումի հիման վրա կարող է արգելել այն հասարակական կազմակերպութոյւնների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից (այլ պետության իշխանությունների, արտասահմանյան ձեռնարկությունների, այլ պետության քաղաքացիների կողմից) և պաշտպանում են դրամաշնորհ տրամադրողների շահերը, որոնք ուղղված են պետական շահերի դեմ:

Օրինագիծը նախաձեռնվել է «Վրացական ժողովրդագրական հանրություն 21»-ի ղեկավար Զվիադ Թոմարաձեի կողմից, որն այն խորհրդարանին է ներկայացրել դեռևս մարտի 23-ին:

Թոմարաձեն համարում է, որ Վրաստանի որոշ ոչ կառավարական կազմակերպություններ գործում են պետական շահերի դեմ: Որպես օրինակ նա մի քանի կազմակերպություն նշեց.

«Թելավիում «Ժողովրդավարական ներգրավվածության» գրասենյակում կարգախոս է ներկայացված. «Մի ամուսնացեք, քանի որ ամուսինը բռնարար է»: Հաշվի առնելով մեր երկրի աղետալի ժողովրդագրական ֆոնը՝ արդյո՞ք դա հակապետական գործողություն չէ: Ես համարում եմ, որ այո», -ասում է Թոմարաձեն:

Նա նաև անդրադարձել է 2013թ-ին «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության կողմից Սահմանադրական դատարան դիմելու հարցին, որը վիճարկում էր հողի մասին օրենքը, և ընդգծել է, որ դրանով, ըստ էության, չեղարկվեց գյուղատնտեսական նշանակության հողերն արտասահմանցիներին վաճառելու օրինականացված մորատորիումը:

«Կան նաև այլ փաստեր, որ ոչ կառավարական կազմակերպությունները, արդարացնելով արտասահմանյան գրանտերը, մեղադրում են վրացի ազգին անհանդուրժողականության, կրոնական և սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտման համար, իսկ պետությանը՝ նրա համար, որ նա ոչ պատշաճ կերպով է պաշտպանում նրանց իրավունքները: Կարծում եմ, որ լիովին իրավունք ունեմ նրանց լրտես անվանելու, որոնք աշխատում են այլ պետությունների և խոշոր արտասահմանյան կազմակերպությունների շահերի համար», -ընդգծել է Զվիադ Թոմարաձեն Վրաստանի իրավաբանական հարցերով խորհրդարանական կոմիտեի նիստին:

Պատգամավորների կարծիքը կիսվեց: Նրանց մի մասը կողմ արտահայտվեց ներկայացված նախաձեռնությանը, մյուս մասը՝ դեմ: Մեծամասնության անդամ, պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին հայտարարեց, որ անձնական ընկալումից բացի փաստարկներ չկան, որպեսզի սահմանափակվեն բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների կապերը դոնորների հետ:

Քննարկումը կշարունակվի կոմիտեի ապագա նիստերին: Մայիսի 11-ի նիստին իրավաբանական հարցերով կոմիտեի ներկայացոցիչը պարզաբանեց, որ Թոմարաձեի նախաձեռնությունն անմշակ հատվածներ ունի, մշուշոտ արտահայտություններ է պարունակում, և բովանդակության էությունը հնարավոր չէ պարզել: Նա նաև նշեց, որ օրենսդրությունում հոդված կա, որը պատասխանում է ներկայացված նախաձեռնության որոշակի կետերին: Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որիրավունքներն ինչ-որ կերպ խախտվում են, կարող է դիմել դատական ատյաններ:

Օրացույց