Հայաստանը և Վրաստանը կրթության բնագավառում համագործակցությո՞ւն են ձևավորում

մայիս 19, 2017 - 08:11        Viewed: 296       

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները:

Հայաստանի Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում Վրաստանի Կրթության և Գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, կարևորություն հատկացնելով համագործակցության երկկողմանի զարգացմանը, հայտնել է․ «Իմ առաջին աշխատանքային հանդիպումներից մեկը եղել է այցելություն Ախալքալաք և հանդիպում հայ ուսուցիչների հետ։ Դա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ վերջին տասնամյակում համագործակցությունը մեր երկրների միջև լավ մակարդակի վրա է գտնվում, և ներկայիս դրությամբ ես կարծում եմ՝ այն արդեն բարձրագույն մակարդակի վրա է։ Մենք ունենք ընդհանուր խնդիրներ, նպատակներ և մոտեցումներ, որոնց արդյունքում կձեռնարկվեն մի շարք հստակ քայլեր տարբեր ուղղություններով մի քանի ամսվա ընթացքում։ Առաջին ուղղությունը հայոց լեզվի ծրագրի դասավանդման և հայալեզու դպրոցներում դասավանդման որակի բարձրացման մեջ է կայանում։ Հետևաբար, մեր առաջին երկկողմանի հանմագործակցությունը կլինի հենց այդ ուղղությամբ»։

Նախարարը նաև նշել է ուսուցիչների վերապատրաստման կարևորությունը։ «Շատ կարևոր է վերապատրաստել երիտասարդ ուսուցիչներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն փոփոխությունները նորովի մտցնել դպրոցներում։ Մենք ծրագրում ենք մի քանի համատեղ գործընթացներ բարձրագույն կրթության բնագավառում և համոզված ենք, որ կկարողանանք իրացնել այն միջազգային մակարդակում», -նշել է վրացի նախարարը, ընդգծելով, որ ձևավորված աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքներն ակնհայտ կդառնան տարվա ավարտին։

«Մեր հարևան երկրները պատմական զարգացման տեսանկյունից կրթության և գիտության բնագավառում դարերի ընթացքում միասնական նպատակներ են հետապնդել, որոնք պետք է հետևողական լինեն և բարձր մակարդակով ներկայացված լինեն միջազգային հաստատություններում», -ընդգծել է Վրաստանի Կրթության և Գիտության նախարարը։

Նախարարներն ընդգծել են, որ երկու երկրների գիտակրթական համակարգերում առկա են միևնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով և տարածաշրջանային ծրագրերով:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև հուշագիր է ստորագրվել:

Հուշագիրը հստակ առաջադրանք ունի աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կլինի արդեն գործնական աշխատանքի: Ըստ հուշագրի` կողմերը պարտավորվում են զարգացնել անմիջական համագործակցություն երկու երկրների բարձրագույն կրթական, գիտական և հետազոտական հաստատությունների միջև, խթանել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցությունը բարելավելու նպատակով:

Կողմերը աշխատանքային խմբեր կձևավորեն հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում աշխատելու նպատակով:

Օրացույց