Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

մայիս 20, 2017 - 14:44        Viewed: 298       

Մայիսի 19-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել Թբիլիսիի Քաղաքապետարանի և Կրոնական հարցերով Ազգային Գործակալության միջև։ «Հուշագրի նպատակն է համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացումը՝ ուղղված Թբիլիսիի տարածքում տեղակայված կրոնական շինությունների զարգացմանը և պաշտպանությանը։ Հուշագիրը նաև ենթադրում է համատեղ միջոցառումների անցկացում՝ ուղղված հասարակության մեջ կրոնական հանդուրժողականության զարգացմանը, ինչպես նաև միջկրոնական եկխոսության աջակցմանը», -հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։ Հարկ է նշել, որ մի քանի ամիս առաջ Թբիլիսիի Քաղաքապետարանը հյուրանոց կառուցելու թույլտվություն է տվել «Շամխորեցոց Կարմիր Ավետարան» հայկական եկեղեցու տարածքի վրա։ Դեռևս հայտնի չէ՝ կդառնա՞ արդյոք նոր ստորագրված հուշագիրը մշակութային հուշարձան «Շամխորեցոց Կարմիր Ավետարան» հայկական եկեղեցուն կից գտնվող շենքն ապամոնտաժելու հիմք:

Դարիալի կիրճում, դեպի Ռուսաստանի սահման տանող ճանապարհին ծրագրվում է թունել կառուցել։ Վրաստանի ավտոճանապարհների վարչության տեղեկությունների համաձայն՝ երկու կիլոմետր երկարություն ունեցող թունելը կկառուցվի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կիլոմետրում։ «Նախագծի արժեքն է 47 200 000 լարի, և այն կֆինանասավորվի պետական բյուջեից։ Շինարարական աշխատանքների համար տրամադրվում է 12 ամիս։ Ներկայիս դրությամբ արդեն ակտիվ աշխատանքներ են տարվում թունելի նախագծի ստեղծման շուրջ։ Դարիալի կիրճում վերջին տարիների ընթացքում պարբերաբար տեղի են ունեցել սողանքներ և փլուզումներ, որոնց պատճառով տվյալ ժանապարհահատվածում ստիպված դադարեցվել է երթևեկությունը, իսկ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն ամբողջությամբ կորցրել է իր տարանցիկության գործառույթը։ Վրաստանի տնտեսության ստացած կորուստները երթևեկության տվյալ ճանապարհահատվածից կազմում են միջինը 1 000 000 լարի ճանապարհի յուրաքանչյուր օրվա չգործելու պատճառով», -ասված է Վրաստանի Տարածաշրջանային Զարգացման նախարարության հայտարարությունում։

«Վրաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել երկրի Ընտրական Կոդեքսի այն կետերը, որոնց համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանի տարածքում չբնակվող անձանց արգելվում է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը։ Այսօրվանից տվյալ հակասահմանադրական սահմանափակումներն այլևս չկան, և բոլոր քաղաքացիները անկախ նրանից գտնվել են նրանք Վրաստանի տարածքում թե ոչ վերջին երկու տարվա ընթացքում, կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին», -ասված է Վրաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի հայտարարությունում։

Շաբաթվա սկզբում NDI կազմակերպությունը հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլին անցկացված սոցիալական հարցման արդյունքները։ «Հարցված քաղաքացիների 38%-ից ավելին կարծում են, որ գործող քաղաքական կուսակցություններից ոչ մեկն արժանի չէ քաղաքացիների աջակցությանը։ 4%-ը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե որ քաղաքական կուսակցությանն է աջակցում։ Հարցված քաղաքացիների 29%-ը աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը, 10%-ը «Միացյալ Ազգային Շարժմանը», 4%-ը՝ «Հայրենասերների Միությանը», 3%-ը՝ «Լեյբորիստներին»։

Վրացական Ուղղափառ Եկեղեցին ամեն տարի պետական բյուջեից ստանում է 25 000 000 լարի՝ որպես Խորհրդային Միության ժամանակահատվածում ստացած վնասի փոխհատուցում։ NDI-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների 43%-ը կարծում են, որ պետությունը պետք է շարունակի եկեղեցուն հատկացնել նշված գումարը։ 14%-ը կարծում է, որ պետությունը պետք է ավելացնի վրացական եկեղեցու ֆինանսավորումը, 20%-ը համոզված է, որ Եկեղեցու ֆինանսավորումը պետք է կրճատված լինի, 8%-ը կարծում է, որ պետությունը պետք է ամբողջությամբ դադարեցնի ֆինանսավորել եկեղեցուն պետական բյուջեից։

NDI հարցման արդյուքների համաձայն՝ հարցվածների 63%-ը իրեն գործազուրկ է համարում։

«Մենք ակտիվորեն պետք է «թակենք» Եվրամիության դուռը, բայց մենք չպետք է այնպես «թակենք», որպեսզի զայրույթ առաջանցենք, և այդ դռները փակվեն մեր առջև։ Մենք բոլորս հասկանում ենք, որ հիմա այնքան էլ հարմար ժամանակը չէ, որպեսզի խնդրենք մեզ ներառել Եվրամիության կազմում։ Այնքան էլ հարմար ժամանակ չէ ո՛չ մեզ համար, ո՛չ Եվրոպայի», -մայիսի 16-ին հայտարարել է Եվրոպական ինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան։

Վրաստանը և Չինաստանը ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել։ Վրաստանի Տնտեսության և Կայուն զարգացման նախարարության տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 13-ին Պեկինում վրացական պատվիրակության՝ Չինաստանում գտնվելու ընթացքում։ Մեկնաբանելով այդ իրադարձությունը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ընթացքում մայիսի 18-ին հայտարարել է, որ Վրաստանի արտահանման պոտենցիալի համար նոր, շատ կարևոր դուռ է բացվել։ «Դա շատ կարևոր, նոր դուռ է, որը բացվել է Վրաստանի արտահանման պոտենցյալի և արտադրության արտահանման վրա կենտրոնացած զարգացման համար, և Վրաստանն աստիճանաբար վերադարձնում է իրեն այն աշխարհաքաղաքական գործառույթները, որոնք ունեցել է անցյալում», -ընդգծել է Գիորգի Կվիրիկաշվիլին։ Ըստ նրա գնահատականի՝ այդ փաստաթուղթը հնարավորություններ է ստեղծում վրացական արտադրանքի արտահանման համար ինչպես աշխարհի խոշորագույն շուկաներից մեկում, այնպես էլ Վրաստանում նոր ներդրումների հոսքի համար։

Ըստ վիճակագրական տվյլաների՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 3 091 000 000 դոլար, ինչը 17%-ով շատ է, քան անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին։ Արտահանման ծավալը կազմել է 788 000 000 դոլար (30% աճ), իսկ ներկրման ծավալը 2 303 000 000 դոլար (13%աճ)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 515 000 000 դոլար, ինչը կազմում է 2017թ․-ի հունվար-ապրիլ ամիսների արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 43%-ը», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանում արտադրվել է 80 212 տոննա միս, որից 39.6%-ը խոշոր եղջերավոր անասունի միս է, իսկ 42.3%-ը թռչնամիս է», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

Օրացույց