Երկու Հանրապետություն մեկ դարում

մայիս 29, 2017 - 08:20        Viewed: 200       

Առաջին Հանրապետություն. Համառոտ պատմական ակնարկ: Մայիսի 28-ին Հայաստանում նշում են Հանրապետության տոնը, այն անվանում են նաև Առաջին Հանրապետության օր: Դա ունի իր պատմական բացատրությունը: Ընդունված է 1918 թվի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետությունն անվանել «Առաջին Հանրապետություն»: Ըստ այդմ, ներկայիս Հայաստանը, որն իր անկախությունը հռչակեց 1991 թվականին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում՝ Երկրոդր Հանրապետությունն է:

Հայաստանի առաջին հանրապետությունն արդյունք էր Անդրկովկասի ժողովրդավարական Դաշնային հանրապետության անկման: Այն ինչպես ծնվեց, «մեծացավ» պատերազմների մեջ, այնպես էլ կործանվեց խորհրդային կարգերի հաստատման արդյունքում:

Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը կառավարության շենքի պատշգամբի տակ հավաքված բազմահազար ներկաներին հայտարարեց անկախության ավետիսը.«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով… ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային Խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Այս հայտարարությամբ, որն ընթերցվեց Թիֆլիսում 1918-ի մայիսի 28-ին, օրեր անց՝ արդեն Երևանում, ըստ էության հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:

Փաստացի Թուրքիայի հետ պատերազմող Հայաստանն այնքան փոքր էր (ոչ ավելի քան 10 հազար քառակուսի կմ տարածքով), որ շատերն այն կոչում էին Արարատյան Հանրապետություն, Երևանի Հանրապետություն: Սակայն իր գոյության երկուս և կես տարիների ընթացքում, այն կարողացավ իր իշխանության տակ վերադարձնել ցարական Ռուսաստանի օրոք հայկական համարվող շրջանների որոշ մասը՝ ձգվելով Օլթի քաղաքից (ներկայիս Թուրքիայի Էրզրումի շրջան) մինչև Մեղրի:

Կառավարությունը ջանք չէր խնայում դիմակայելու արտաքին ճնշումներին, միաժամանակ փորձելով հոգ տանել «ժառանգություն» ստացած հարյուր հազարավոր որբերի և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդի մասին:

Այդ ծանր օրերին չքավորությունը սահմաններ չէր ճանաչում: Միջոցների պակասը զգացնել էր տալիս անգամ իշխանությունների ներսում: Առաջին հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանն, ով շուրջ 7 տարի մինչ այդ եղել էր նաև Թիֆլիսի քաղաքապետը, հաճախ պաշտոնական ընդունելությունների ժամանակ փոխ էր տալիս այլ պաշտոնատար անձանց իր հագուստը:

Իսկ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանից, օրերից մի օր, գողանում են միակ տաբատը: Կինը ստիպված է լինում այդ մասին հայտնել կառավարությանը, որ իր ամուսինը չի կարող աշխատանքի ներկայանալ առանց տաբատի:

Հայաստանի խորհրդայնացումից հետո, մայիսի 28-ը շարունակում էր նշել հատկապես սփյուռքի հայությունը, որի ճնշող մեծամասնությունը ցեղասպանության տարիներին փրկվածներն էին կամ նրանց ժառանգները, մի մասն էլ՝ հենց այդ տարիներին ու հաջորդած խորհրդայնացման արդյունքում Հայաստանից արտագաղթածներն էին:

Գևորգ Ղազարյան

Օրացույց