Համբարձման տոնը Վիրահայոց թեմում

հունիս 01, 2017 - 09:55        Viewed: 123       

ՎիրաՀայոց Թեմ -Քրիստոնեական Սուրբ Եկեղեցին նշեց Հարությունից հետո Քրիստոսի 40 օր երկրի վրա մնալու և դեպի երկինք հրաշափառ Համբարձման տոնը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար տոնը երկակի նշանակություն ունի, քանզի Համբարձման տոնի հետ միասին Հայոց Եկեղեցին նշում է 1441 թվականին Հայոց Հայրապետական Աթոռը՝ Սսից Վաղարշապատ փոխադրության հիշատակը:

Տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագներով և ուխտագնացություններով:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը հընթացս Սուրբ Պատարագի քարոզ խոսեց Համբարձման տոնի խորհրդի և Սուրբ Էջմիածնի ուխտի օր հռչակելու մասին: Կատարվեց «Հայրապետական» մաղթանք, որի ժամանակ աղոթք բարձրացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավերժության, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի արևշատության և անխռով գահակալության համար:

Սուրբ Պատարագի վերջում եկեղեցի մտան գույնզգուն ծաղկեպսակներով զուգված Թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները, ի նշան տոնի նաև ժողովրդական ավանդույթի: Արժանապատիվ Տեր Վիրապ քահանան երեխաներին բացատրեց տոնի խորհուրդը, ժողովրդական արարողությունները և մաղթեց նրանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունը:

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում Սուրբ Պատարագից հետո, տոնը շարունակվեց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում: Գեղեցիկ տոնահանդեսը կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ կազմակերպել էին «Աղբյուր» երգչախումբը և ասմունքի խումբը՝ ուսուցիչներ Ռուզաննա Օվանեսյանի և Սաթենիկ Դանիելյանի գլխավորությամբ: Միջոցառման ավարտին գնահատանքի խոսքով եույթ ունեցան Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը և «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդոյի նորաօծ Սուրբ Խաչ եկեղեցում, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը մատուցեց Համբարձման Սուրբ և Անմահ Պատարագ: Գյուղում հավաքված բազմաթիվ գումբուրդոցիներին Ախալքալաքից միացել էին Սուրբ Խաչ եկեղեցու ուխտավորներն ու կիրակնօրյա դպրոցի սաները։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ եկեղեցու բակում տեղի ունեցավ ժողովրդական հանդիսություն՝ Ջանգյուլումի արարողություն և մատաղի հյուրասիրություն՝ եկեղեցու բարերար Խաչատուր Սահարյանի կողմից:

Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց կազմակերպվեց ուխտագնացություն Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղ: Թբիլիսիից ժամանած շուրջ երեք տասնյակ ուխտավորները միացան գյուղի 1861 թվականի կառույց Սուրբ Աստվածածին մատուռում հավաքված տեղացիներին: Արժանապատիվ Տեր Մանուկ քահանան մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հավատացյալները, որոնց շրջանում էին նաև բազում դպրոցականներ, մասնակցեցին խոստովանությանը և ստացան հաղորդություն:

Եկեղեցու մերձակա տարածքում կազմակերպվեց զվարճալի ժողովրդական տոն: Ուխտավորների և տեղացիների մասնակցությամբ կազմակերպվեցին տարբեր ազգային խաղեր, հնչեցին երգեր:

Համբարձմանը նվիրված Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ուխտագնացություն կազմակերպվեց Նինոծմինդայի շրջանի Կաթնատուի Սուրբ Համբարձում մատուռ, իսկ Ծալկայի շրջանում տոնը նշվեց ուխտագնացությամբ Ղզլքիլիսայի «Վանք» և կաթնապուրի հյուրասիրությամբ:

Օրացույց