Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

հունիս 10, 2017 - 17:13        Viewed: 188       

«Վրաստանի դպրոցներում դասավանդող 67 000 ուսուցիչներից 2000-ը չունի բարձրագույն կրթություն։ Դպրոցներում հիմնական առարկաները դասավանդող այդ ուսուցիչներն ունեն կա՛մ միջնակարգ, կա՛մ մասնագիտական կրթություն», -ասված է Վրաստանի Պետական Աուդիտի Ծառայության 2016թ․-ի գործունեության հաշվետվությունում։

«Իշխող խմբում քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են կառավարության և Խորհրդարանի մեծամասնության անդամները։ Մենք որոշում ենք ընդունել դիմել Սահմանադրական Հանձնաժողովին Սահմանադրության տեքստի մեջ այն կետը ներառելու առաջարկով, ըստ որի՝ արգելված կլինի գյուղատնեսական հողատարածքների վաճառք-փոխանցումը այն անձանց, ովքեր Վրաստանի քաղաքացիներ չեն հանդիսանում։ Հատուկ նշանակության ռեսուրս ունեցող հողերի սեփականատիրոջ իրավունք պետք է ունենան միայն Վրաստանի քաղաքացիները, երկրի քաղաքացիների միավորումները և տեղական ինքնակառավարաման մարմինները», -հունիսի 8-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Շաբաթվա սկզբին հայտնի է դարձել, որ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Ոստիկանության պետ Կախա Բուխրաձեն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել ծառայության Ռուսթավի քաղաքում։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Բաթումիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կապված են հենց Ոստիկանության արդեն նախկին Պետի անվան հետ։ Զանգվածային անկարգությունների վերածված ցույցի մասնակիցները պահանջում էին Կախի Բուխրաձեի պաշտոնաթող լինելը։ Ըստ որոշ տվյալների՝ Բաթումիի անկարգությունների կազմակերպիչն են հանդիսացել հարևան Թուրքիայի համապատասխան մարմինները։

«Հունիսի 4-ին Վրաստանում սկսվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ զորավարժությունները։ Ռազմական զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Զինված Ուժերի հատուկ նշանակության ուժերը։ Ռազմական զորավարժությունների նպատակն է երեք երկրների ԶՈւ հատուկ ենթակառույցների միջև համագործակցության և փոխազդեցության խորացման զարգացումը։ Ռազմական զորավարժությունների մասնակիցները հմտանում են մարտավարական, կրակային և ինժեներական բնագավառներում։ Եռակողմ ռազմական զորավարժությունները կտևեն մինչ հունիսի 14-ը (10 օր)։ Ռազմական զորավարժությունները ենթադրում են դաշտային և օդային բաղադրիչներում նախապատրաստություն», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։ Սա արդեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երրորդ ռազմական զորավարժություններն են և միաժամանակ առաջինը, որոնք տեղի են ունենում Վրաստանի տարածքում։ Նախկին ռազմանական զորավարժությունները տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում:

Ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովի հայտարարության համաձայն՝ Աֆղան Մուխտարլուի ձերբակալությունը վրաց-ադրբեջանցի ուժարարների կողմից անցկացվող համատեղ գործողության արդյուքն է։ «Դա Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունք է։ Ադրբեջանական կառույցները ցուցաբերել են պրոֆեսինալիզմի բարձր մակարդակ և կարողացել հանցագործին հասցնել Ադրբեջանի տարածք։ Կարելի է ասել, որ դա շատ հաջողված գործողություն էր», -հայտարարել է Ադրբեջանի Խորհրդարանի պատգամավորը։

Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայությունը մեկնաբանել է ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունը։ «Ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողի ձերբակալությունը ադրբեջանական և վրացական ծառայությունների կողմից անցկացվող համատեղ գործողությունների արդյունք էր, չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայությունը կտրականապես հերքում է Վրաստանի հատուկ ծառայության առնչությունը ադրբեջանցի լրագրողի ձերբակալության հետ», -ասվում է Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայության հատուկ հայտարարությունում:

«Միացյալ Ազգային Շարժում» ընդդիմադիր կուսակցությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը թույլ չտալ փոփոխություններ կատարել Առևտրի Համաշխարհային Կազմակերպության հետ կնքած պայմանագրում, որպեսզի վրացական բռնագրավված տարածքները տարանցիկ տարածքների կարգավիճակ ձեռք չբերեն: «Բռնագրավված տարածքների` տարանցիկության կարգավիճակի ձեռք բերումը մեծ հարված կհասցնի Վրաստանի տարածքային ամբողջականությանը», -ասվում է Վրաստանի կառավարությանն ուղղված հայտարարությանում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017թ․ առաջին քառորդում օտարերկրյա ուղղակի ներդրումները Վրաստան կազմել են 403 300 000 դոլար, ինչը 3,7%-ով գերազանցում է անցյալ տարվա առաջին քառորդի ներդրումներին:

Հունիսի 8-ին Թբիլիսիում Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթգծերի ղեկավարությունը քննարկել է նոր «Հարավ-Արևմուտք» երկաթուղային նախագծի իրականացման հնարավորությունը: Նախագիծը ներառում է Պարսից ծոցի և եվրոպական երկրների միջև երկաթուղային հաղորդակցության հաստատումը: Հանդիպման ավարտին կողմերը նշել են, որ եթե իրականացվի տվյալ երկաթուղային ցանցը, դա էապես կկրճատի նշված ուղղությամբ բեռների առաքման ժամանակը:

Օրացույց