Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

հունիս 17, 2017 - 17:54        Viewed: 370       

Հունիսի 13-ին Բաքու կատարած երկօրյա պաշտոնական այցելության շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի Տնտեսության նախարարի և Ադրբեջանի նախագահի միջև։ «Կողմերը քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող առևտրատնտեսական հարաբերությունները և հարցերը՝ կապված տարանցիկության պոտենցյալի զարգացման հետ։ Նշվել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում Վրաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է, և տվյալ միտումը պետք է պահպանվի», -ասված է Վրաստանի Տնտեսության նախարարի հայտարարությունում։

Եվրոպական Խորհրդարանը Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի հափշտակման փաստի վերաբերյալ հատուկ բանաձև է ընդունել։ Վրացի փորձագետների հայտարարության համաձայն՝ Աֆղան Մուխտարլուի հափշտակումը արդեն իսկ լուրջ հարված է հասցրել Վրաստանի ժողովրդավարության վարկանիշին և եվրոպական ընտանիքին մոտենալու նրա ձգտմանը։ «Ադրրբեջանցի լրագրողի հափշտակության փաստը Թբիլիսիի կենտրոնից արդեն իսկ լուրջ հարված է հասցրել Վրաստանի ժողովրդավարության վարկանիշին և եվրոպական ընտանիքին մոտենալու նրա ձգտմանը։ Եվրոպայի ձգտման հիմնարար բաղադրիչը մարդու իրավունքների պաշտպանությունն է և հենց այդ բնագավառին էլ հարված է հասցվել», -հայտարարել է վրացի փորձագետը՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաթու Քութելիան։ «Մեր եվրոպացի համագործակիցները տեսնում են, որ վրաց կառավարությունը արդյունավետ հետաքննություն չի անցկացնում Վրաստանի տարածքում լրագրողի հափշակման փաստի կապակցությամբ։ Բնական է, որ տվյալ հարցում Վրաստանի իրավապահպան մարմինների մասնակցությանը վերաբերող հարցերը, որոնք առկա են վրաց հասարակությունում, անհանգստացնում են նաև եվրոպացիներին։ Տվյալ հափշտակումը ուժեղ հարված է Վրաստանի հեղինակությանը», -հայտարարել է «Վրաստան՝ միջազգային թափանցիկություն» կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին։

Վրաց եկեղեցու Պատրիարքարանը հատուկ հայտարարություն է տարածել խորհրդային տարիներին Ադրբեջանին փոխանցված վրացական պատմական տարածք հանդիսացող Սանգիլոյում տեղակայված վրացական վանքի սրբապղծության փաստի վերաբերյալ․ «Մենք մեր սրտակից ցավակցությունն ենք հայտնում այն վերաբերմունքի առթիվ, որը ցուցաբերվել է Սաինգիլոյի Կախի շրջանի Կուրմուխի գյուղի՝ սբ․ Գիորգի անվամբ եկեղեցու նկատմամբ։ Ադրբեջանական ժամանցային ARB ալիքը իր հեռուստադիտողին ներկայացրել է «Ֆերնանդոն քաղաքում» ծրագիրը, որի հաղորդումներից մեկը նկարահանվել է Կուրմուխիում վրացական վանքի տարածքում։ Ըստ սյուժեի՝ երիտասարդը կանգնած է տաճարի խորանի վրա և անընդունելի ձևով «կատարում է» «Ավե Մարիա» երգը։ Ցավոք, սա արդեն մեզ հայտնի երկրորդ փաստն է, երբ այդ վանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում։ Հիշեցնենք, որ 2015թ․-ին ATV հեռուստաընկերությունը հայհոյանքներով սյուժե է նկարահանել հենց այս վանքում։ Մեզ համար շատ անհասկանալի և վիրավորական են այդ վանքում խորանի վրա տեղի ունեցող նման գործողությունները։ Վերջերս համացանցում տարածվել էր նաև այլ տեղեկություն այն բանի վերաբերյալ, որ Զակատալա շրջանի տարածքում տեղակայված այլ վանքերը ևս անպաշտպան են և պղծված։ Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը և խնդրում ենք հոգևոր առաջնորդին ժամանակին հետաքննել այդ փաստերը և համապատասխան քայլեր ձեռնարկել նման վերաբերմունքը կանխելու համար», -ասված է Վրաց Պատրիարքարանի հատուկ հայտարարությունում։

IPM կազմակերպությունը սոցիալական հարցում է անցկացրել Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Ամեն երկրում հարցվել է 1 200 մարդ, որոնց մեկ հարց է տրվել ՝ «Ըստ Ձեզ ո՞ր երկիրն է ընկերական տրամադրված ձեր պետության նկատմամբ»։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանում ամենաընկերական երկիրն է համարվում Ուկրաինան (53%), երկրորդ տեղում է Ադրբեջանը (38%), երրորդ տեղում ԱՄՆ-ը (33%)։ Թուրքիային՝ որպես ընկերական երկիր համարում է Վրաստանի հարցված քաղաքացիների 22%-ը։ Այն զբաղեցնում է 6-րդ տեղը «Վրաստանի ընկեր երկրների» ցուցակում։ Հայաստանն այդ նույն ցուցակում զբաղեցրել է 7-րդ տեղը (20%)։

Հունիսի 15-17-ին տեղի է ունեցել Բրիտիշ Պետրոլիում նախագծի շինարարական աշխատանքներում աշխատանքի տեղավորված Այազմա գյուղի (Ծալկայի մունիցիպալիտետ) բնակիչների բողոքի ակցիան։ Հարավ-Կովկասյան Բրիտիշ Պետրոլիումի գազախողովակի ընդարձակման աշխատանքները երեք օր է, ինչ դադարեցված են։ Գազախողովակի շինարարությանն աշխատանքի տեղավորված տեղի բնակիչները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային օրվա կրճատում։ «Մեզ՝տեղի բնակիչներիս, շատ ցածր աշխատավարձ են վճարում և պահանջում են աշխատել ամբողջ օրը։ Ընդ որում, մնացած աշխատանքային անձնակազմին, որոնց բերում են այլ քաղաքներից, վճարում են բարձր աշխատավարձ, քան տեղի բնակիչներին։ Մենք պահանջում ենք, որ մեր աշխատավարձը բարձրացնեն», -հայտարարում են ցույցի մասնակիցները։ Ըստ տարածված տեղեկատվության՝ երկուշաբթի, հունիսի 19-ին, ակցիայի մասնակիցները մտադիր են ամբողջությամբ փակել դեպի գազախողովակի շինարարության վայրը տանող ճանապարհը։

Օրացույց