Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովն ավարտեց աշխատանքը

հունիս 28, 2017 - 08:52        Viewed: 245       

ՎիրաՀայոց Թեմ՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովին: Ժողովին մասնակցում էին նաև Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Վիրահայոց թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Սանոսյանը և Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն ու «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերընտրվեց Գերագույն հոգևոր խորհրդի (Սինոդի) անդամ:

Բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը։ Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ և Հայրապետական պատվիրակներ, առաջնորդական տեղապահներ, Նվիրապետական Աթոռների, Հայրապետական պատվիրակությունների ու աշխարհասփյուռ թեմերի հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ: Մայր Տաճարում Արևագալի ժամերգությանը մասնակցելուց հետո ժողովն սկսեց իր աշխատանքը։

Աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների պատգամավորներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադարձ կատարելով ժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցերին: Խոսելով ժողովի կողմից 2009 թ. կիրառության մեջ դրված թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի, 2014 թ. որդեգրված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության, ինչպես նաև Ազգային-եկեղեցական ժողովի բարեփոխյալ կանոնադրության քննարկվելիք նախագծի մասին` Վեհափառ Հարապետը ընդգծեց դրանց կարևորությունը հոգևոր-եկեղեցական կյանքի կանոնակարգման առումով:

Անդրադառնալով ազգային ինքնության պահպանության գործում Եկեղեցու առաքելությանը` Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Հայոց Եկեղեցու առանձնակի խնամքը պիտի շարունակվի նոր սերնդի կրթության գործում, որպեսզի Սահակ-Մեսրոպյան դպրոցը հավատքի, մայրենի լեզվի և հայրենյաց ավանդներով շարունակ ապրի մեր ժողովրդի կյանքում:

Ողջույնի խոսքով ժողովականներին դիմեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

Առաջին օրը ժողովականների ուշադրությանը հանձնվեց Ազգային-եկեղեցական ժողովի 1945 թ. կանոնադրության փոփոխությունների լրամշակված նախագիծը, որի վերաբերյալ Հայ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի անունից զեկույց ներկայացրեց ի. գ. դ. Գևորգ Դանիելյանը։

Ներկայացված նախագծի` հոդված առ հոդված երկօրյա համակողմանի քննարկումներից և առաջարկված լրացումներից հետո ժողովի մասնակիցները քվեարկությամբ ընդունեցին ներկայացված փաստաթուղթը, որը վերջնական հաստատում կստանա առաջիկա Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից։

Հունիսի 7-ի նիստին Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ընտրության առնչությամբ զեկուցեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազանը ներկայացրեց սահմանված ԳՀԽ նոր թվակազմը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երուսաղեմի և Կ.Պոլսի Հայոց Պատրիարքները ու խորհրդի 21 անդամներ: Գերագույն հոգևոր խորհրդի անդամների 1/3-ը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իսկ 2/3-ը ընտրվում Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմից։ Ի պաշտոնե ԳՀԽ անդամ են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը։

Զեկույցից հետո տեղի ունեցած քննարկման արդյունքում Գերագույն հոգևոր խորհրդի անդամ ընտրվեցին տարբեր աշխարհամասերից հետևյալ հոգևորականներն ու աշխարհականները՝

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը,

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը,

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը,

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը,

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը,

ի. գ. դոկտոր Գևորգ Դանիելյանը (Հայաստան),

բ. գ. դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը (Հայաստան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան),

տիար Թագվոր Բոյաջյանը (Դամասկոսի հայոց թեմ),

ի. գ. դոկտոր Ժոզեֆ Կանիմյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ),

դոկտոր Ալեքսանդր Ալավերդյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ)։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԵՆԺ պատգամավորներն այս առիթով շնորհավորեցին ԳՀԽ-ի նորընտիր անդամներին` մաղթելով արդյունավոր աշխատանք Գերագույն հոգևոր խորհրդի կազմում: ՀՀ նախագահը ներկա գտնվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

Ժողովին նաև անդրադարձ կատարվեց թեմերում թեմական ուղենշային կանոնադրության ներդրման գործընթացի արդյունքներին։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքների և կանոնադրության ներդրման գործում արձանագրված դժվարությունների մասին զեկուցեց Թեմական կանոնադրությունների լրամշակման և խմբագրման հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Ժողովին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ամփոփ զեկույց ներկայացրեց 2018 թ. երիտասարդության տարի հռչակման ծրագրի վերաբերյալ։ Հովնան Սրբազանը տեղեկացրեց 2018 թ. ծրագրվող թեմական, միջթեմական և տարածաշրջանային համաժողովների ու համախմբումների մասին, որոնք կպսակվեն թեմերի կողմից կազմակերպվելիք երիտասարդական ուխտագնացություններով Սուրբ Էջմիածին և ուխտի ս. պատարագներով, ապա նաև «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Մայր Աթոռում գումարվելիք երիտասարդական հավաքով:

Զեկույցից հետո ժողովականների կողմից ծրագրվող միջոցառումների առնչությամբ կատարվեցին առաջարկներ:

Ժողովին քննարկում տեղի ունեցավ նաև Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձի առիթով Հայոց Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումների մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Տերունական աղոթքից հետո նիստը բացվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով։ Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ժողովին, գոհունակությամբ ընդգծեց նաև այն մշտական զորակցությունը, որ հայրենի իշխանությունների կողմից դրսևորվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ։

Այնուհետև ժողովականներին ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ կարևորելով Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Տիար Սերժ Սարգսյանը արդյունավետ աշխատանք մաղթեց ժողովի աշխատանքներին։

Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը ժողովականներին զեկույց ներկայացրեց Հայաստանում ծնելիության իրավիճակի մասին։ Ընդունելով ներկայացված զեկույցը` ժողովն արձանագրեց որդեծնության կարևորությունը ամուսնական նվիրագործված միության և հայ ընտանիքի ամրության մեջ` հորդորելով, որ եկեղեցականներն իրենց հովվական ծառայության ընթացքում էական դեր հատկացնեն ծնելիության խրախուսմանը:

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ամփոփ տեղեկություններ հաղորդվեցին Երուսաղեմի և Կ.Պոլսի Հայոց Պատրիարքությունների, թեմերի և Հայրապետական պատվիրակությունների ընթացիկ գործունեության մասին։

Ժողովն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը, գոհունակությամբ արձանագրելով ժողովի արդյունավետությունը, իր գնահատանքը հայտնեց աշխարհի բոլոր կողմերից Մայր Աթոռ ժամանած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի հոգևորական և աշխարհական պատվիրակներին դրսևորած նախանձախնդրության համար։ Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Երկնավոր Տերը զորացնի Հայոց Եկեղեցու սպասավորներին և եկեղեցական կառույցներում պաշտոնավարող աշխարհականներին, ովքեր իրենց նվիրյալ ծառայությամբ նպաստում են Եկեղեցու պայծառությանը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօրությանը։

2017 թ. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

Օրացույց