Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

հուլիս 01, 2017 - 19:49        Viewed: 363       

Հունիսի 28-ին Մառնեուլիում (ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի շրջանի կենտրոնը) անհայտ անձինք հարձակում են գործել քաղաքի կենտրոնում տեղակայված վրացական եկեղեցու վրա։ «Մառնեուլիի և Խուջաբայի թեմը խիստ բացասական է գնահատում սբԳևորգ անվան եկեղեցուն հասցված բազմանգամյա վնասը։ Վանդալիզմի և սրբապղծության փաստ է իրականացվել, ինչի կապակցությամբ մենք ողջամիտ ակնկալիքներ ունենք, որ տեղի հասարակության կողմից համապատասխան բարոյական պատասխան կտրվի։ Այդ փաստն իրականացնող սադրիչները նպատակ ունեն դիսոնանս մտցնել և մթագնել բարիդրացիության այն բազմազգ և բազմակրոն ավանդույթը, որը պատմության ընթացքում գոյություն է ունեցել Մառնեուլիում։ Նորագույն պատմության ժամանակահատվածում Թեմի տարածքում որևէ կրոնական հաստատության սրբապղծություն չի կատարվել։ Մինչդեռ, քրիստոնեական եկեղեցիները և սրբապատկերներն արդեն քանի անգամ է դառնում են սրբապղծության և վիրավորանքի նշանակետ։ Այդ ամենը խիստ արձագանք է պահանջում ինչպես իրավապահպան մարմինների կողմից, այնպես էլ մեր հասարակության։ Նման վրդովվեցուցիչ փաստերը պետք է բացառվեն», -ասված է վրաց եկեղեցու Մառնեուլյան թեմի հատուկ հայտարարությունում։

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հրապարակել է թրաֆիկինգի հարցերին վերաբերող ամենամյա հաշվետվությունը։ Հաշվետվությունում բացի այլ երկրներից հիշատակվում է նաև Վրաստանը։ «Վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանը կանանց և աղջիկների սեռական թրաֆիկինգի աղբյուր է հանդիսանում, ինչպես նաև երեխաների, կանանց և տղամարդկան աշխատանքային շահագործման աղբյուր։ Վրաստանը նաև տարանցիկ երկիր է հանդիսանում։ Վրացի կանայք և աղջիկները սեռական թրաֆիկինգի զոհ են դառնում ինչպես իրենց երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայում, Չինաստանում և Արաբական Էմիրություններում։ Վրաստանը կանանց համար տարանցիկ երկիր է հանդիսանում, որոնց տեղափոխում են Միջերկրական Ասիայի երկրներից դեպի Թուրքիա։ Աջարիայի շրջանում Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայից բերված կանայք ստիպված են մարմնավաճառությամբ զբաղվել», -ասված է ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի հրապարակած ամենամյա հաշվետվությունում։

Իր ընտանիքով Ախալցխայում (Սամցխե-Ջավախքի շրջան) ապրող Իրանի 51-ամյա քաղաքացին մեղադրվում է հինգ անչափահասների բռնաբարության փորձի մեջ։ Վրաց իրավապահպաններն արդեն ձերբակալել են Իրանի քաղաքացուն՝ 4 երեխաների հորը, որն աշխատում է Ախալցխայում գործող ձեռնարկություններից մեկում։ Քրեական գործի նյութի համաձայն՝ կասկածյալը փորձել է սեռական բնույթի բռնություն կիրառել 12-15 տարեկան հինգ երեխայի նկատմամբ։ Տուժածների հարազատները պահանջում են խստագույն պատիժ կիրառել հանցագործի նկատմամբ։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների և հասարակության համատեղ աշխատանքը Սահմանադրության տեքստի փոփոխման հարցի շուրջ շատ կարևոր է։ Կարևոր է աշխատել բարեփոխումների շուրջ։ Բնական է, որ մենք ուշադրությամբ հետևում ենք այդ գործընթացներին։ Մենք հետևում ենք իշխող կուսակցության արձագանքին, ընդդիմության և քաղաքացիական հասարակությնների արձագանքին։ Հուսով ենք, որ կողմերը ջանք կցուցաբերեն, որպեսզի ընդունված որոշումը լինի համընդհանուր համաձայնության և կոնսենսուսի հիման վրա»,-հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը։

Շաբաթվա կեսին աշխատանքային այցելությամբ Վրաստան է ժամանել Վենետիկյան հանձնաժողովի նախագահը, որը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ Վրաստանի կողմից անցկացվող Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Ես շատ հուսահատված եմ։ Ժամ առ ժամ իմ հիասթափությունն ավելանում է, քանի որ ես հավատում էի, որ Վաստանի քաղաքական վերնախավը կարող էր քայլ կատարել դեպի ավելի ժողովրդավարական Սահմանադրություն։ Այսօր, ցավոք, դուք ճգնաժամի մեջ եք գտնվում։ Գործընթացը փաստացիորեն դադարեցված է, և ես հիասթափված եմ դրանում։ Ես կողմերի մեջ երկխոսություն չեմ տեսնում։ Կոչ եմ անում Վրաստանի քաղաքական վերնախավին՝ խոսեք միմյանց հետ», -գտնվելով Թբիլիսիում հայտարարել է Վենետիկյան հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն։

Ըստ վիճակագրական տվյալների՝ ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին Եվրոպայի երկրներրի հետ առանց վիզա ռեժիմից օգտվել է Վրաստանի 37 600 քաղաքացի։ Վրաստանի քաղաքացիների 0․3%-ը մերժվել է Եվրամիության երկրներ մուտք գործելու հնարավորությունից։

Օրացույց