Վիրահայոց թեմի առաջնորդի եռօրյա այցը Աջարիա

հուլիս 05, 2017 - 07:37        Viewed: 189       

ՎիրաՀայոց Թեմ -Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ուղեկցությամբ Թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի, թեմի կրթության բաժնի տնօրեն և «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի, եռօրյա այցով մեկնեց Աջարիա՝ հանդիպելու Բաթումի հայ համայնքի հավատացյալների և պետական պաշտոնեության հետ:

Հունիսի 22-ին Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում խմբի եկեղեցասեր երիտասարդության հետ, որտեղ քննարկվեցին երիտասարդության կրթության, մասնագիտություն ձեռք բերելու և աշխատատեղիներ ունենալու խնդիրները:

Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ Աջարիայի հայ տղաներն ու աղջիկները ավելի շատ դիմում են տեղի ծովագնացության ինստիտուտ և մասնագիտություն ձեռք բերելուց և աշխատանքի տեղավորվելուց հետո, ամիսներով բացակայում ու կտրվում են քաղաքից, ընտանիքից, ինչը երբեմն նաև խնդիրներ է առաջացնում նրանց կյանքում: Հոգևոր Հայրը հորդորեց երիտասարդությանը նախընտրել այն մասնագիտությունները, որոնք հնարավորություն են ընձեռում աշխատանք գտնել տեղում, մնալ իրենց քաղաքում, իրենց տներում, որպեսզի չխաթարվի ընտանեկան կյանքը:

Հանդիպման վերջում թեմի առաջնորդը օրհնեց երիտասարդներին և նրանց մաղթեց հաջողություններ իրենց հետագա գործունեությունում:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ նաև Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյան» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում և Օզուրգեթիում աշխատող մանկավարժների հետ:

Տեր Վազգեն եպիսկոպոսը բարձր գնահատեց ուսուցիչների պատասխանատու աշխատանքը և հորդորեց նույն նվիրվածությամբ շարունակել իրականացնել հայապահպանության, հոգևոր ու մշակութային միջոցառումներ՝ ուղղված Աջարիայում համայնքային կյանքը աշխուժացնելուն: Թեմակալ առաջնորդն իր գոհունակությունը հայտնեց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանին կենտրոնի գործունեությունը բազմաբղետ և բովանդակալից կազմակերպելու և կենտրոնը բանիմացորեն ղեկավարելու համար:

Հանդիպմանը ուսուցիչները բարձրացրեցին Կենտրոնում առանձին դաշնակահար ունենալու խնդիր, որը Թեմակալ առաջնորդի կողմից լուծում ստացավ:

Քննարկվեցին նաև Բաթումիում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և Օզուրգեթիում գործող «Սահակ Պարթև» մեկօրյա դպրոցները եռամյա դարձնելու և Բաթումիի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի օրվա տևողությունը սեպտեմբեր ամսից երկարացնելու ու երեխաներին սննդով ապահովելու հարցերը:

Բոլոր բարձրացված խնդիրները առաջնորդի կողմից ստացան դրական լուծում:

Նույն օրը երեկոյան մանկավարժների, երիտասարդների և մայր հայրենիք Հայաստանից Բաթումի ժամանած երեխաների, ուսուցիչների և նրանց ծնողների հետ միասին «Սուրբ Փրկիչ» հայոց եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն:

Հավարտ ժամերգության Սրբազան Հայրն իր առաջնորդական ողջույնը հղեց ներկաներին և հայրական օրհնությունը բաշխեց բոլոր երեխաներին:

Հունիսի 23-ին Վիրահայոց թեմի առաջնորդը պատվիրակության անդամների և Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվի հետ միասին այցելեց Բաթումիի քաղաքապետարան և հանդիպում ունեցավ քաղաքապետ Գիորգի Երմակովի հետ: Սրբազան Հայրն իր գոհունակությունը հայտնեց Սուրբ Փրկիչ եկեղեցու և Բաթումի հայ համայնքի նկատմամբ քաղաքապետարանի կողմից դրսևորող ուշադրության և հարգանքի համար: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և քաղաքապետ Գիորգի Երմակովը քննարկեցին հայոց եկեղեցուն և հայ համայնքին հուզող մի շարք հարցեր: Վերջում Թեմակալ առաջնորդը և Բաթումիի քաղաքապետը փոխանակեցին նվերներ:

Նույն օրը Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնում տեղի ունեցավ 2016-2017 ուսումնական տարվա աշակերտության ավարտական հանդեսը: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունը բերեց Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Միջոցառման վերջում Վիրահայոց թեմի առաջնորդը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաներին շնորհավորեց դասընթացներն ավարտելու կապակցությամբ, փոխանցեց իր հայրական օրհնությունը և հանձնեց ավարտական վկայականներ:

Ուշ երեկոյան Թեմակալ առաջնորդը և Թբիլիսիից ժամանած պատվիրակության անդամները հանդիպեցին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի և եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ: Քննարկվեցին բաթումահայ համայնքին եկեղեցու շուրջը համախմբելու և եկեղեցու գործունեությունը էլ ավելի ծավալելու հարցեր: Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեց Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության և Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի նվիրյալ ծառայությունը:

Օրացույց