Ռուս սահմանապահները կոնֆլիկտի գոտում առաջ են տվել սահմանը

հուլիս 07, 2017 - 10:12        Viewed: 282       

Վրաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը հաստատում է, որ վերջին ժամանակներս ռուս սահմանապահները Հարավային Օսիայի այսպես կոչված սահմանին սահմանային արգելապատնեշներ են տեղադրել, ինչը բերել է նրան, որ Թբիլիսիի վերահսկման տակ գտնվող տարածքը կրճատվել է մոտ 10 հեկտարով:

Առաջին տեղեկություններն այն մասին, որ ռուսական օկուպացիոն ուժերն առաջ են տվել այսպես կոչված սահմանը 10 մետրով, վրացական մամուլում հայտնվել է հուլիսի 3-ին: Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ սահմանային նշանն՝ այսպես կոչված «կանաչ պաստառը», տեղադրվել է Գորիի մունիցիպալիտետի Բերշուեթի գյուղի մոտ, որի հետևանքով մոտ 10 հեկտար մակերեսով տարածքը ռուսական օկուպացիայի տակ է հայտնվել:

ԵՄ մշտադիտարկման առաքելությունն ուսումնասիրել է իրավիճակը տեղում և հաստատել, որ հունիսին այսպես կոչված սահմանը տեղափոխվել է Գդուլեթիի տարածք, սակայն դեռևս չի հաստատում նոր «կանաչ պաստառների» տեղադրման փաստը վերջին շաբաթվա ընթացքում:

«ԵՄ դիտորդների առաքելությունը չարդարացված է համարում «կանաչ պաստառների» տեղակայումը: Սահմանազատման ցանկացած տեսակի գործողություններն, այդ թվում՝ պաստառների տեղադրումը, խոչընդոտում են ազատ տեղաշարժին, ինչպես նաև ֆերմերներին զրկում իրենց հողերը մշակելու հնարավորությունից», -ասված է ԵՄ դիտորդների առաքելության հայտարարությունում:

Հայտարարությունում ասված է նաև, որ տվյալ հարցը կարող է դիտարկվել 2017թ-ի հուլիսի 11-ին Էրգնեթիում միջադեպերի կանխման վերաբերյալ կայանալիք հանդիպմանն, ինչպես նաև հետագա հանդիպումներին:

Օրացույց