Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

հուլիս 08, 2017 - 17:56        Viewed: 224       

Հուլիսի 3-ին Վրաստանում սկսվել են ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունները։ Ազգային միավորված քննություններին ընթացիկ տարում մասնակցում է 39 000 դիմորդ։ Քննությունները կավարտվեն հուլիսի 27-ին։

Վրաստանի Ազգային Վիճակագրական գործակալությունը տվյալներ է տարածել երկրի բնակիչներին ջրով և ջրախողովակներով ապահովվելու վերաբերյալ։ «2016թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ջրախողավակների համակարգին միացված է 2 270 000 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության ընդհանուր քանակի 61%-ը։ Կոյուղի համակարգին միացված է Վրաստանի բնակչության ընդհանուր քանակի 46․5%-ը՝ 1 730 000 մարդ», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

«2013թ․-ից մինչ օրս գազաֆիկացման համակարգին միացվել է ավելի քան 190 000 բաժանորդ։ 2013-2017թթ․ ժամանակահատված է, երբ երկրի էներգետիկայի բաժինը ողջ պատմության ընթացքում զարգացել է արագ տեմպերով։ Շահագործման է հանձնվել 18 հիդրոէլեկտրակայան, 2 ջերմաէլեկտրակայան և քամու էներգիան օգտագործող 1 էլեկտրակայան։ Նշված ժամանակահատվածում շահագործման հանձնված էլեկտրոկայարանների ընդհանուր հզորությունը կազմում է 783 ՄգՎտ։ Ներդրումների ծավալը կազմել է 1 186 000 000 դոլար։ Մինչ օրս մենք ունենք զարգացման փուլում գտնվող 145 նախագիծ։ Դեռևս չիրականացված այդ նախագծերի էներգետիկ հզորությունը կազմել է 1 757 Մեգավատտ։ Մենք ակնկալում ենք 2 500 000 000 դոլարի չափով ներդրումներ», -ասված է Վրաստանի Էներգետիկայի նախարարի 2013-2017թթ․ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունում։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Վրաստանում ինֆլյացիայի մակարդակը ընթացիկ տարվա հունիսին կազմել է 0․4%։ Ինֆլյացիայի տարեկան ցուցանիշը հասել է 7․1%-ի։

«Վրաստանի գազի և նավթի կորպորացիայի» հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ․-ին Վրաստանում կրճատվել է նավթահանումը։ «2016թ․-ին Վրաստանում նավթահանման ծավալը կազմել է 38 557 տոննա, ինչը 1 649 տոննայով քիչ է, քան 2015թ․-ին։ Վերիջին տասը տարիների ընթացքում Վրաստանում ամեն տարի ստացել են միջինը 70 600 տոննա անմշակ նավթ»։

Հուլիսի 7-ին Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությունը հերքել է որոշ վրացական ԶԼՄ-ների տարածած լուրերը Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանների միջև իբրև թե սահմանազատման գործընթացի ավարտի մասին։ «Հայ-վրացական սահմանների սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը պետք է կայանա 2017թ-ի սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսներին։ Հանձնաժողովը սկսել է աշխատել 1995թ․-ին և այդ պահից ի վեր հաջողվել է Վրաստանի և Հայաստանի միջև սահմանի ընդհանուր երկարության 70%-ի սահմանազատումը կատարել։ Հանձնաժողովը շարունակում է սահմանի մնացած հատվածի աշխատանքների շուրջ, և, համապատասխանաբար, հնարավոր չէ, նախօրոք ասել, թե կոնկրետ ե՞րբ կավարտվի այդ աշխատանքը և ի՞նչ արդյունքներ կստանանք», -ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում։ Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին որոշ վրացական ԶԼՄ-ներ սկսել են ապատեղեկատվություն տարածել, որի համաձայն՝ հայ-վրացական սահմանազատման գործընթացն արդեն ավարտված է և արդյունքում Հայաստանի տարածքում է մնացել վիճելի վանական համալիր Խուջափը։ Տվյալ ապատեղեկատվությունը Վրաստանի բնակչության մի մասի մոտ որոշակի բողոք է առաջացրել և ստիպել է երկրի ԱԳՆ-ին հանդես գալ հերքող հայտարարությամբ։

Հուլիսի 7-ին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հարակից տարածքում բողոքի ցույց է տեղի ունեցել։ 25-30 ադրբեջանցի և թուրք պահանջել են հայ զինվորների և հայ բնակչության տարհանումը Արցախի Հանրապետության տարածքից։

Օրացույց