Ադրբեջանը նման բան չէր սպասում. Ինչ է կատարվել սահմանին

հուլիս 10, 2017 - 08:20        Viewed: 221       

Հուլիսի 4-ի միջադեպից հետո Ադրբեջանն անասելի աղմուկ բարձրացրեց, պահանջելով պատժել Հայաստանին: Ադրբեջանում հույս ունեին, որ իրենց սադրանքի արդյունքում, որին զոհ գնացին կին եւ երեխա, կհաջողվի շրջել իրավիճակը եւ ճեղքել այն փակուղին, որի մեջ հայտնվել է այդ երկիրն ապրիլի պատերազմից հետո:

Ադրբեջանը չի ցանկանում ընդունել Վիեննայի օրակարգը, որը ստատուս-քվոյի որոշակի ճանաչում է հետաքննության մեխանիզմների տեղակայման միջոցով, փոխարենը դնում է մեկ պահանջ՝ հայկական զորքի դուրսբերում եւ տարածքային ամբողջականություն:

Հայաստանն իր հերթին դնում է երկու նախապայման՝ հրադադարի մեխանիզմներ եւ Արցախի կարգավիճակի ճանաչում:

Սա նշանակում է, որ բանակցություն չկա, եւ իրավիճակը հանգել է «զրոյական» կետի: Սա նոր իրավիճակ է, ինչը պահանջում է ղարաբաղյան կարգավորման հարցում նոր մոտեցումներ, քանի որ նախկին բոլոր առաջարկներն ու քննարկվող տարբերակները սպառվել են:

Այս իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ կարող է լինել. Կամ ճանաչվում է Արցախի կարգավիճակը միջազգային երաշխիքներով, մոտավորապես Կոսովոյի տարբերակով, կամ լինում է ռազմական հանգուցալուծում:

Միջազգային գրեթե բոլոր կառույցներն արձագանքեցին հուլիսի 4-ի միջադեպին, ընդ որում դրանցից շատերը, օրինակ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԽ-ն, նույնիսկ երկու անգամ հայտարարություն տարածեցին: Հայտարարություն տարածեց անգամ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, թեեւ Պետդեպը նույնպես հայտարարություն էր տարածել: Դրանցում չկա Ադրբեջանի պահանջների բավարարման նշույլ իսկ, ավելին, անուղղակի այդ միջադեպի պատասխանատվությունը դրվում է Ադրբեջանի վրա եւ նշվում, որ Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, երկու անգամ «թեմայից դուրս» կոշտ հայտարարություն արեց Ադրբեջանի դեմ, հայկական ազգանուններով իր քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի համար: Իսկ ԵԽ-ն ավելի հեռու գնաց եւ դրեց Արցախի ինքնորոշման խնդիրը:

Ադրբեջանն ըստ ամենայնի նման բան չէր սպասում, ինչի վկայությունն են այդ երկրի պաշտոնյաների, փորձագիտական շրջանակների արձագանքերը: Նրա սադրանքը՝ փակուղին ճեղքելու նպատակով, տվեց լիովին հակառակ էֆեկտ: Ադրբեջանին կրկին արգելվեց պատերազմը:

Ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս «զրոյական» իրավիճակը, դժվար է ասել: Միջազգային հանրությունն, ըստ էության, հանգել է Արցախի կարգավիճակի ճանաչման համոզմանը, քանի որ միայն այդ պարագայում կարող է սպառվել հակամարտությունը:

Այդ մասին խոստովանել է Ալիեւը, ասելով, թե աշխարհը ստիպում է ճանաչել Ղարաբաղը, ավելացնելով, թե դրան Ադրբեջանը չի գնա: Մյուս կողմից, արգելվում է պատերազմը, բացի այդ՝ Ադրբեջանը, նկատելի է, վախենում է լայնածավալ պատերազմից: Նրան մնում է շարունակել սահմանին իր մարդասպանությունը, եւ Բաքվում հենց այդ մասին էլ խոսում են: Հուլիսի 6-ին Ադրբեջանը կրկին կրակեց մեր զինվորների ուղղությամբ, ունենք երեք վիրավոր:

Սա արդեն Հայաստանի խնդիրն է՝ որքանով կարող է Հայաստանը չեզոքացնել այս մարտավարությունը, մեծացնել մեր զինվորների անվտանգության մակարդակը եւ Ադրբեջանին զրկել իր վերջին մեթոդից: Եվ պատրաստ լինել մի իրավիճակի, երբ հնարավոր է առաջանա Ադրբեջանին որոշակի քայլերի հարկադրելու իրավիճակ:

Եվ վերջում՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով լայնածավալ պատերազմի մասին խոսողներին: Նախեւառաջ, պետք է հիշել որ պատերազմը քաղաքական որոշման խնդիր է, իսկ նման որոշման նշաններ չկան: Եթե լինեն՝ նկատելի կդառնան: Բացի այդ, աղմուկ-աղաղակով, հիստերիայով պատերազմ չեն սկսում: Այս պայմաններում, ո՞րն է լայնածավալ պատերազմից խոսելու պատճառն ու նպատակը: Սա առանձին խոսակցության նյութ է:

Հայկազն Ղահրիյան

Օրացույց