Թբիլիսիում բողոքի «Վրացական երթ» է անցկացվել

հուլիս 15, 2017 - 17:57        Viewed: 354       

Մի քանի հազար մարդ երթ է անցկացրել Թբիլիսիի Աղմաշենեբելիի պողոտայում հուլիսի 14-ին՝ իրենց բողոքն արտահայտելով «Թուրքիայից և Մերձավոր արևելքից դեպի Վրաստան ընթացող անվերահսկելի միգրացիայի» դեմ:

Շատերի ձեռքին պաստառներ կային հետևյալ կոչերով. «Մենք մեր փողոցները կմաքրենք արտասահմանյան կրիմինալից», «Վրացականը՝ վրացիների համար», «Ճանաչի՛ր տեղդ»: Ցուցապաստառներից շատերն ազգայնական և այլատյացական արտահայտություններ էին պարունակում:

Բողոքի ակցիան անվանվել էր «Վրացական երթ», և դրա մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջել են խստացնել միգրացիոն օրենսդրությունն ու Վրաստանից արտաքսել դրա տարածքում ապօրինի գտնվող արտասահմանցիներին:

Մասնակիցների թվում էին մի քանի ազգայնական խմբերի մասնակիցներ: Երթի կազմակերպիչներից մեկը՝ քաղաքական գործիչ Սանդրո Բրեգաձեն, հայտարարել է, որ հուլիսի 14-ին Վրաստանում սկսվել է «նոր ազգային-ազատագրական շարժում»:

Երթի մասնակիցները հայտարարել են, որ պետք է խստացվեն օրենքները, որոնք կարգավորում են Վրաստանում արտասահմանցիների ներկայությունը: Նրանք պահանջում էին նաև, որպեսզի սահմանափակումներ մտցվեն տեղական ոչ կառավարական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման համար, և արգելվի «Ազգային շարժում» քաղաքական կուսակցությունը:

Երթի մասնակիցները կառավարությանը մեկ շաբաթ են տվել իրենց պահանջների կատարման համար և հայտարարել, որ ավելի արմատական գործողությունների կդիմեն, եթե այդ պահանջները չկատարվեն:

Աղմաշենեբելի պողոտայում անցկացված երթի ժամանակ մոբիլիզացվել են իրավապահները: Նրանք կանգնած էին այնտեղ, որտեղ կոնֆլիկտային իրավիճակների առաջացման վտանգ կար՝ արտասահմանցիներին պատկանող խանութների և ռեստորանների մոտ: «Ոչ՝ ֆոբիային» առցանց հարթակը կառավարությանը կոչ է արել հետևել, որպեսզի գործընթացն օրենքի շրջանակում լինի և այլատյացության և ռասիզմի հողի վրա բռնություն չլինի:

Ոչ մի հակաիրավական գործողություն ակցիայի ժամանակ չի կատարվել:

«Վրացական երթն» ապշեցրել է զբոսաշրջիկներին: Նրանցից շատերը չեն հասկացել երթի պատճառներն ու նպատակները, նրանք, ովքեր հասկացել են, չափազանց վախեցել են և թաքնվել Աղմաշենեբելիի խանութներում և սրճարաններում:

Երթի մասնակիցները փորձել են իրենց նպատակների մասին հաղորդել և թռուցիկներ են բաժանել արաբերենով, թուրքերենով, անգլերենով:

Օրացույց