Առանց տեսագրությունների ճշմարտությունը հնարավոր չէ պարզել

հուլիս 18, 2017 - 08:01        Viewed: 277       

Մուխտարլիի փաստաբանը պնդում է, որ տեսախցիկները, որոնք կարող էին գրանցել Մուխտարլիին առևանգողների տեղաշարժը, չէին աշխատում: Արչիլ Չոպիկաշվիլիի խոսքով՝ այդ բոլոր տեսախցիկները Վրաստանի ներքին գործերի նախարարության վերահսկողության տակ են, և դրանցից ոչ մեկի տեսագրությունը չկա: Չոպիկաշվիլին վախենում է, որ հանցագործությունը կարող է չբացահայտված մնալ:

«Տեսագրություններ չկան, ինչը խոսում է այն մասին, որ մեր արած սկզբնական եզրակացությունները փաստացի ուժի մեջ են մնում: Իսկ ավելի հստակ՝ հետաքննությունն անցկացվել է միայն նրա համար, որպեսզի այդ մասին հայտարարվի: Առանց տեսագրությունների, տրանսպորտային միջոցի նույնականացման, որով տարել են Մուխտարլիին, ճշմարտությունը հնարավոր չէ պարզել: Չնայած որ մի ամբողջ ամիս է անցել, տրանսպորտային միջոցը, որով Աֆղան Մուխտարլին ուղևորվել է դեպի տուն, չի նույնականացվել, և այդ ուղղությամբ ոչ մի նոր բան չկա», -հայտարարել է Չոպիկաշվիլին:

«Փրայմ-թայմ» պարբերականը հունիսի 19-ին այդ գործի առթիվ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիի հետ: Նա բացառել է նախարարության աշխատակիցների մասնակցության հավանականությունը Աֆղան Մուխտարլիի առևանգման գործում: Նա հայտարարել է նաև, որ առգրավված տեսագրություններում համազգեստով ոստիկանության աշխատակիցներ չեն գրանցվել:

«Ընդհանուր առմամբ, ի՞նչ եք կարծում, իրադարձությունների նույնիսկ ամենաանհավանական զարգացման դեպքում քրեական ոստիկանությունը համազգեստով օրը ցերեկով մարդ է առևանգում, և դա ոչ ոք չի՞ տեսնում: Նման վարկածը տեսականորեն է անգամ անթույլատրելի: Դրան զուգահեռ դատարանի որոշման հիման վրա մենք առգրավել ենք Աֆղան Մուխտարլիի լոկացիայի և հնարավոր երթուղու տեսագրությունները, որոնք մատնանշվել են նրա փաստաբանի կողմից, բազմաթիվ մարդկանց ենք հարցաքննել: Վստահությամբ կարող եմ ասել, որ նշված հատվածներում և դրանց հարակից տարածքներում ընդհանրապես ոստիկանական համազգեստով մարդիկ չեն գրանցվել», -հայտարարել է Մգեբրիշիլին:

Լրագրող Աֆղան Մուխտարլին Վրաստան է եկել Ադրբեջանից 2014թ-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից հաճախակի դարձած ճնշումների պատճառով: Նրա մի քանի դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիտարկման փուլում են: Վերջին ժամանակներս նա համագործակցում էր միջազգային լրատվամիջոցների և կազմակեպությունների հետ:

Մուխտարլին անհետացել է Թբիլիսիում 2017թ-ի մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզվել է, որ նա ադրբեջանական իրավապահ մարմինների մոտ է: Մուխտարլիի խոսքով՝ Վրաստանում նա առևանգվել է տեղական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, նրա գլխին պարկ են հագցրել և փոխանցել ադրբեջանցի իրավապահներին: Ադրբեջանական դատարանը Մուխտարլիին 3 ամսվա նախնական կալանքի է դատապարտել սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության համար: Մուխտարլիի խոսքով՝ սահմանին նրա գրպանը 10 հազար եվրո են գցել:

Օրացույց