Հայկական տոլման Թբիլիսիի Մեյդան թաղամասում

հուլիս 19, 2017 - 07:00        Viewed: 317       

ՎիրաՀայոց Թեմ՝ Մի քանի օր անընդհանտ բոլոր լրատվամիջոցները հանրությանը հրավիրում էին հայկական տոլմայի ավանդական-փառատոն-մրցույթին: Միջոցառումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի և անհատ բարերարների աջակցությամբ, տեղի ունեցավ Թբիլիսիի սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում:

Հայկական հարուստ մշակույթի ոչնյութական արժեքներից մեկը ազգային խոհանոցն է իր բազմազանությամբ: Արդեն բարի ավանդույթ է դարձել Թբիլիսիում փառատոնի միջոցով ներկայացնել և ժողովրդականացնել հայկական համեղ և առողջարար կերակրատեսակները: Այս անգամ տոլման էր:

Տոլմայի փառատոնը տարեցտարի ընդարձակում է իր շրջանակները: Մասնակիցների թիվը 40 էր, իսկ ներկայացրած կաթսաները՝ 50-ից ավելի էին: Բացի «Շուշանիկ» միության անդամներից, փառատոնին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, Սուրբ Գևորգի եկեղեցասեր կանանց միությունը, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնը, թիվ 104 հայոց դպրոցը, «Վրաստան» թերթը, «Վանք» համույթը, քաղաքի առաջատար ռեստորաններ: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել էր տոլմայի առնվազն երեք տարատեսակ, որոնք տարբեր մտահղացմամբ էին և գեղեցիկ ձևավորված:

Ցնծում էր մեյդանը, հազարից ավելի մարդ էր հավաքվել եկեղեցու բակում: Եկել էին տեղացիներ, հյուրեր Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներից, այլազգիներ, զբոսաշրջիկներ՝ համտեսելու և գնահատելու տոլման: Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Օրհնության և բարեմաղթանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը փառատոն-մրցույթների կազմակերպումը գնահատեց որպես հայ մշակույթի և ազգային ավանդույթների ժողովրդականացման միջոց, իսկ փառատոնի անցկացումը հինավուրց և բազմազգ այս թաղամասում, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում անվանեց քրիստոնեական սիրո և բարության արտահայտություն:

Հյուրերն իրենց ելույթներում Վիրահայ համայնքի կողմից ավանդույթի վերածված փառատոնը արժևորեցին ազգային այս գեղեցիկ կերակրատեսակի շուրջը համախմբելու լավագույն հանգամանք և ներկաներին մաղթեցին բարի ախորժակ:

Մինչ հատուկ հրավիրված Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանն իր շքախմբով կգնահատեր ներկայացված տոլմայի տարատեսակները, հանրության հյուրասիրությունը ուղեկցվեց ուրախ համերգով, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, «Վանք» պարային համույթը, Հայաստանից ժամանած շնորհալի երգիչ Հայկ Մխեյանը և այլ անհատ կատարողներ:

Փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, ծնունդով թբիլիսեցի Լեյլա Սարիբեկյանը: Ճանաչված մենակատարը, ում ծննդյան օրն էր նաև, հայրենասիրական և ազգային երգերի անզուգական կատարումներով ողջունեց ներկաներին, արժանանալով նրանց բուռն ծափահարություններին:

Հեղինակավոր մրցատյանի որոշմամբ համ, ձևավորում և մտահղացում անվանակարգերից մրցանակների արժանացան «Շուշանիկ» միության անդամ Լեյլա Դավթյանը, Սուրբ Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության անդամ Աիդա Ութմազյանը, «Կոմֆորտ» ՍՊԸ-ն, «Բացարձակ հաղթող» մրցանակին արժանացավ «Մայիս» ռեստորանը: Հաղթողները ստացան նվերներ «Արայ» ընկերությունից: ՀՀ գլխավոր խոհարարի հայտարարությամբ, Սփյուռքում ազգային ոչնյութական արժեքների պահպանման և զարգացման, ի մասնավորի տոլմայի ժողովրդականացման նպատակով որոշվել է ամեն տարվա մայիս ամսվա բոլոր տոները համադրել տոլմայի արժևորմանը:

Միջոցառումը զովացուցիչ ըմպելիքներով ապահովել էր «Արմենիա» խանութի «VIVA» ընկերությունը, իսկ հայկական լավաշ հացով, ըմպելիքներով և փառատոնին անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել էր «Բեբոս լավաշի» (Տատիկի հաց) ընկերությունը, իր նվիրատվությունն էր կատարել նկարիչ Թենգիզ Միկոյանցը: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր բարերարներին և նվիրատուներին փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

Օրացույց