«Վրացիների երթի» ներկայացուցիչները մյուս երթի մասնակիցների ուղղությամբ ձվեր նետեցին

հուլիս 25, 2017 - 08:46        Viewed: 185       

Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում «Եվրոպական Վրաստան» քաղաքական միավորման կազմակերպած երթի մասնակիցների ուղղությամբ ձվեր, ավելներ և շշեր են նետել: («Եվրոպական Վրաստանն» ընդդիմադիր քաղաքական ուժ է, որը կազմավորվել է տարվա սկզբին նախկին իշխանական «Միասնական ազգային շարժում» կուսակցության տրոհման արդյունքում: Դրա առաջնորդները նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախկին համախոհներն են՝ Դավիթ Բաքրաձեն, Գիգա Բոկերիան, Գիգի Ուգուլավան):

«Եվրոպական Վրաստանի» կազմակերպած հակաֆաշիստական երթը «Վրացիների երթի» պատասխանն է եղել, որը Թբիլիսիում կայացել է հուլիսի 14-ին և կազմակերպվել է ազգայնական կազմակերպությունների կողմից, որոնք իշխանություններից պահանջում են Վրաստանից վտարել ապօրինի միգրանտներին: Երթն անցկացվում էր այլատյացական կարգախոսներով:

«Եվրոպական Վրաստանի» անդամներից զատ երթին մասնակցել են նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները: Նրանց են միացել հանրության ներկայացուցիչները, որոնք չեն կիսում «Վրացիների երթի» գաղափարը:

«Ոչ ռուսական ֆաշիզմին»՝ սա բողոքի ակցիայի գլխավոր կարգախոսն էր: «Եվրոպական Վրաստանի» անդամների խոսքով՝ «Վրացիների երթը» ռուսական նախագիծ է և ուղղված է Վրաստանի միջազգային իմիջի վատթարացմանը: Նրանց խոսքով՝ «Վրացիների երթի» ներկայացուցիչներին հովանավորում է Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը:

«Ռուսական պրոպագանդան Վրաստանում անհանգստացնող ձևեր է ստացել, և այն, ինչ տեսնում ենք՝ ագրեսիան, բռնությունն, իրական վրացական ավանդույթների ոտնահհարումն, այլախոհության չընդունումն, այլատյացությունը, ռուսական պրոպագանդայի արդյունք է, որը փակում է եվրաինտեգրացիայի ճանապարհը: Վրացական հասարակությունը չպետք է թույլ տա, որպեսզի Վրաստանում վրացական ավանդույթների անվան տակ հաղթանակ տոնի ռուսական պրոպգանդան, որն իրականում պայքարում է վրացական գլխավոր ավանդույթների դեմ», -հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Դավիթ Բաքրաձեն:

Առանց միջադեպերի չի անցել: «Վրացիների երթի» կազմակերպիչները որոշել էին նույն վայրում հակաակցիա անել և հավաքվել էին Աղմաշենեբելի պողոտայում: Նրանք փորձում էին մոտենալ հակաֆաշիստական երթի մասնակիցներին, սակայն հանդիպեցին ոստիկանության հակազդեցությանը: Դիմակայության կանխարգելման համար Աղմաշենեբելի պողոտա էին բերվել իրավապահ մարմինների հարյուրավոր աշխատակիցներ:

Սակայն նրանք չկարողացան կանխել «Եվրոպական Վրաստանի» և «Վրացիների երթի» անդամների միջև լեզվակռիվը: «Վրացիների երթի» ներկայացուցիչները մյուս երթի մասնակիցների ուղղությամբ նաև ձվեր, ավելներ և ջրով լի շշեր նետեցին:

Երեկոյան ժամը ութին մոտ սկսված ակցիան ավարտվեց ժամը տասին մոտ: «Վրացիների երթի» կազմակերպիչները լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ հրաժարվել են ավելի մարդաշատ ակցիայից և «Եվրոպական Վրաստանի» հետ դիմակայցությունից միայն Համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոս Իլյա Երկրորդի խնդրանքով:

Լևան Միքաձե

Օրացույց