Հայերի իրավունքն է ապրել ու բարգավաճել իրենց նախահայրերի Հայրենիքում

հուլիս 27, 2017 - 06:31        Viewed: 153       

Հայ ժողովուրդ… Սա մի ազգ է, որը մի կողմից դարձել է Ցեղասպանության զոհ, մյուս կողմից կատարված ողբերգության հանդեպ միջազգային հանրության անտարբերության ականատես։ Մարդկության պատմությունը դեռ չի հիշում այնպիսի օրինակներ, երբ նման ողբերգության զոհ դարձած մի ժողովուրդ ողջ վերապրածից հետո շարունակի պայքարելը հանուն կյանքի, հանուն արդարության և իրավունքների վերականգնման։ Թո´ղ ների մեզ կրոնապաշտ ընթերցողը, բայց ժողովուրդը, որը խաչելությունից հետո չի մեռնում, այլ հարություն է առնում, նոր կյանք է սկսում և վերականգնում իր պետականությունը, նման է Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

Ցեղասպանության ողբերգությունից մեզ մեկ հարյուրամյակ է բաժանում։ Հարյուրամյակ և մի քանի սերունդ... Ֆիզիկական բնաջնջումից հրաշքով փրկված մեր ժողովրդի փոքր մասը ստիպված է եղել փախչել հայրենի տներից, ապաստարան փնտրել օտար երկրներում։ Ստիպված է եղել ժամանակավոր ապաստարաններ փնտրել... մինչ նախնիների հողին վերադառնալը։ Այդպես էլ ապրում են սերունդները, Հայրենիք վերադառալու սպասումի մեջ, որը դեռևս շարունակում է մնալ նվաճված, բռնագրավված։

Մեր ժողովուրդը տարիներ շարունակ խախտված իրավունքների վերականգնման հարցը կապել է արդարության և միջազգային իրավունքի գերակայության հույսի հետ։ Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ սպասել է, թե երբ միջազգային հանրությունը պատասխանատվության կենթարկի ցեղասպանություն կազմակերպողին և իրականացնողին, թե երբ Թուրքիան կպատժվի կատարած հանցագործության համար։ Բայց սպասումները զուր էին... Միջազգային հանրությունը լռում էր։

Հենց այն պահին, երբ ազգը սկսում էր հուսահատվել, հայ ժողովուրդը ցուցաբերեց իր եզակի տեսակը։ Ամենադժվար պահին, թվում էր, թե «մահվան շեմին» կանգնած մեր ժողովուրդը կենտրոնացնում է իր բոլոր կենսական ուժերը։ Հավաքվում է միասնական բռունցքի մեջ և ապացուցում ողջ աշխարհին, որ մեռնել չի պատրաստվում այլ հակառակը՝ պատրաստ է ցանկացած միջոցներով պայքարել՝ հանուն ապրելու իր իրավունքի։ Նման որոշիչ պահերին հայ ժողովուրդը հայտարարում է՝ մենք իրավունք ունենք, մենք երազանք ունենք, և այդ երազանքն իրականություն կդարձնենք։

Արդարության և արժանավայել կյանքի հանդեպ ազգային ձգտման համահայկական կենտրոնացում տեղի ունեցավ անցյալ ХХ դարի վերջին տասնամյակների ընթացքում։

Հայ ժողովուրդը որոշում ընդունեց ցանկացած միջոցներով «ծույլ» աշխարհին ստիպել հանել տաբուն հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցի վրայից։ Այն տարիներին Անկախ Հայաստան գոյություն չուներ, և հանուն ազգի իրավունքների վերականգնման պայքարի ողջ բեռն իրենց վրա վերցրին Սփյուռքում գործող ավանդական կազմակերպությունները։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես իր ողջ պատմության ընթացքում, կազմակերպեց և գլխավորեց ազգային պայքարը։ Ընդունվել էր որոշում․ «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի 1925-23թթ․ Ցեղասպանության փաստը։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի թուրքական պետությանը հայ ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագործության համար։ Հայ ժողովրդի՝ արդարության վերականգնման իրավունքը և Հայրենիքի ապաբռնագրավման իրավունքը պետք է իրագործվի»։

34 տարի առաջ՝ 1983թ․ հուլիսի 27-ին հինգ հայից բաղկացած մի խումբը հարձակում գործեց Լիսաբոնում ցեղասպան Թուրքիայի դեսպանատան վրա։ Թուրքական դեսպանատան վրա հարձակման նպատակն էր հայ ժողովրդի Ցեղասպանության հարցի վրա «ծույլ և անխիղճ» միջազգային հանրության ուշադրության գրավումը։

5 հայ երիտասարդներ` Սարգիս, Արա, Սեդրակ, Սիմոն, Վաչե, հայրենազուրկ ապրելու դառնության պոռթկումը պսակեցին մարտիրոսությամբ հանուն Հայ Դատի: Լիսաբոնում թուրքական դեսպանատան շենքը պայթեցնելը անշուշտ սոսկ ահաբեկչություն չէր, այլ սփյուռքում ծնված սերունդի հայրենազուրկ ապրելու ցավի, պապենական հողի վրա ազատ ու լիարժեք ապրելու, մի ողջ ազգի անարդարության դեմ հավաքական պոռթկում էր:

«Շատ հպարտ եմ, որ հայ ծնված եմ, որովհետև հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողությամբ: Հիմա մեր ապրած կյանքը իսկապես, որ կյանք է զատ ամեն ինչ կնմանի» Սիմոն Յահնեյան

«Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք, և մեր իրավունքն է ապրել մեր հողերուն վրա: Մենք ալ կուզենք ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր հայրենիքին մեջ և մտահոգ իր հայրենիքով, ապագա հայ սերունդը պատրաստելով» Վաչե Տաղլյան

«Կուզիմ, որ իմ ընկերները, որոնք ինձ հետ մեծցած են, նույն միջավայրին մեջ մեծցած են, համոզումին այս մեկ կետին և չըսեն ընտանիքը, ապագան. առանց մեր հողերու ոչ ապագա կա, ոչ կյանք» Արա Քըրճըլյան

Օրացույց