Ի՞նչն է Հայաստանը պահում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում

հուլիս 28, 2017 - 09:00        Viewed: 153       

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդման թեման դադարել է Հայաստանում մարգինալ լինել և ակտիվորեն քննարկվում է արդիական դիսկուրսում: Մինչև վերջերս եվրասիական թեման Հայաստանում «սրբազան կով» էր համարվում: Թեման «բացեց» «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը: Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է նախաձեռնի ԵԱՏՄ-ից դուրս գալը և ԵՄ հետ ասոցացման շուրջ նոր բանակցություններ սկսի: Նույն դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը մի շարք պատճառներ է նշել, թե ինչու պետք է Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն. Եվրասիական միությունն օգուտ չի բերել հայկական տնտեսությանը; Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, չի դադարել զենք վաճառել Ադրբեջանին; ԵԱՏՄ մտնելը ոչնչացրել է Հայաստանի ընկալումը որպես ազատ և անկախ պետության: «Ժառանգություն» կուսակցությունն էլ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով վերանայել հայ-ռուսական գազային պայմանագիրը: Բացի այդ, Հայաստանում սկսել են ուղիղ կոչեր հնչել անդամակցել ՆԱՏՕ-ին և անվտանգության նոր երաշխիքներ փնտրել:

Եվ չնայած Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, բայց գոնե սկսել են մասնակցել այդ քննարկումներին:

Ինչպես նշում են հայ վերլուծաբանները, ՀՀԿ-ն կցանկանար Ռուսաստանին ցույց տալ, որ Հայաստանում ռուսամետ ուղղության այլընտրանքային լինելու առթիվ միաբանությունը չկա: ՀՀԿ-ն դրանով կցանկանար հաղթաթուղթ ձեռք բերել Ռուսաստանի հետ հարաբերություններում, մյուս կողմից, փաստարկների սակավությունը նույնպես կշտամբանք է Մոսկվային, որը ՀՀԿ-ին քիչ բան է «տալիս» նրա հավատարմության դիմաց:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո սահմանին գազի սակագինը փոխվեց հօգուտ մեր սպառողների, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանը չի ընդհատում իր համագործակցությունն այլ համաշխարհային կենտրոնների հետ: ԱՄՆ հետ էներգետիկ համագորածկցության վառ ապացույցը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի շուրջ գործարքն է:

Հիշեցնենք, որ Հայաստանը վաճառել է Վորոտանի հիդրակասկադն ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը, սակայն կազմակերպությունը մինչև հիմա չի կարողացել հասնել Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացմանը, որպեսզի ազատ մրցակցության մեջ մտնի: Եվ դա հենց վառ օրինակն է այն բանի, թե ինչպես է ռուսական պետական կորպորացիաների կողմից տնտեսության մոնոպոլիզացիան սահմանափակում Հայաստանի զարգացումը:

Հայ վերլուծաբաններն ակտիվորեն չեզոքացնում են իշխանության ներկայացուցիչների փաստարկները, թե իբր ԵԱՏՄ կազմի մեջ մնալն արդարացվում է տնտեսական շահով: Ամենամակերեսային ֆակտչեքինգը հակառակն է ապացուցում. Հայաստանը կորցրել է ԵԱՏՄ մտնելիս ոչ միայն ԵՄ տնտեսական արտոնություններն, այլ նաև մաքսային արտոնությունները Վրաստանի և Իրանի հետ առևտրային հարաբերություններում:

Իսկ ի՞նչն է Հայաստանը պահում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, եթե անգամ իշխանությունները չեն կարողանում հստակ հիմնավորել դրանում գտնվելու առավելությունները: Այստեղ երկու գործոն կա: Առաջինը՝ Հայաստանի քաղաքական էլիտայի կախվածությունը Կրեմլից, որը մի անգամ չէ, որ ապացուցել է. հեշտությամբ կարող է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: Երկրորդը՝ Մոսկվայի կողմից ավելի ուժեղ ճնշման գործոնն է: Մոսկվան սկսել է գործի դնել սպառնալիքներ ու շանտաժ:

Բառացիորեն օրերս Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը խոստովանել է, որ «ինչ-որ երկիր» Ղրղզստանին հրթիռային հարվածներով է սպառնացել այն ժամանակ, երբ Մանաս միջազգային օդանավակայանում ամերիկյան բազա էր տեղակայված: «Որոշ երկրներ ինձ ասացին, որ հրթիռները կուղղեն ամերիկյան օբյեկտների դեմ, և ղրղզները կտուժեն դրանից», -ասել է Ատամբաևը: Նա հստակեցրել է, որ դա տևել է մինչև 2014թ-ը, մինչև ամերիկյան բազան չեն հանել հանրապետությունից:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես անուղղակիորեն խոստովանել է Ռուսաստանի կողմից ճնշման փաստը: Խոսելով Վրաստանում և Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին՝ նա ասել է, որ, հնարավոր է, Վրաստանը կնախընտրեր ավելի քիչ զբոսաշրջիկ ունենալ, բայց տարածքներ չկորցնել: Հայաստանում դա ընկալեցին որպես խոստովանություն. Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է տարածքային կորուստներով ԵԱՏՄ անդամակցումից հրաժարվելու դեպքում:

Արդյո՞ք Ռուսաստանն իրոք սպառնացել է Հայաստանին: Եվ ի՞նչ կարող էր անել Մոսկվան, եթե Հայաստանը հրաժարվեր ԵԱՏՄ-ից: «Ռուսաստանը Հայաստանից չէր կարող տարածք խլել, նա չէր կարող Արցախն Ադրբեջանին հանձնել և ապրիլյան պատերազմից ավելի վատ բան սարքել», -կարծում է վերլուծաբան Հակոբ Բադալյանը: Նա համարում է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են ԵԱՏՄ մտնել բացառապես սեփական շահի համար:

Հատկանշական է, որ եվրասիական ինտեգրացիայի շահավետ կողմերի մասին ՀՀԿ ներկայացուցիչների «զվարթ հայտարարություններին» զուգահեռ Ռուսաստանը Հայաստանում սկսել է կորցնել նույնիսկ նախկին կողմնակիցներին: Դա արտահայտվում է ամենատարբեր ձևերով: Օրինակ, Երևանի պետհամալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը միակն էր, ուր 40 տեղի համար այս տարի ոչ մի հայտ չի ներկայացվել:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի չափազանց ուժեղ ճնշումն ու Հայաստանի իշխանությունների համատարած եվրասիական լոյալությունը Հայաստանում դիմադրության են հանդիպում, որը սնուցվում է ինչպես Ադրբեջանին ռուսական զենք վաճառելով, այնպես էլ Հայաստանում ռուսաց լեզվին պաշտոնականի կարգավիճակ շնորհելու Ռուսաստանի «անպարկեշտ» առաջարկներով:

Մինչդեռ Հայաստանը նախանշում է Ռուսաստանի հետ հարաբերություններում հետևյալ «կարմիր գծերը». Հայաստանում կարող է լինել միայն մեկ պետական լեզու՝ հայերենը, և երկրորդը. ինչպես ասաց նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանին զենք վաճառելու հետևանքով դեռևս ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Սակայն եթե տեղի ունենա…

Հայաստանում Եվրասիական բլեֆի բացահայտմանը զուգահեռ իրենց աշխատանքն են ակտիվացրել ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ԱՄՆ ընկերությունները, հնարավոր է, 8 մլրդ դոլարի ներդրումներ կատարեն: Դա Հայաստանի համար, որի բյուջեն հազիվ է հասնում 4 մլրդ դոլարի, ահռելի գումար է: Ֆրանսիան և Գերմանիան նույնպես հայտարարել են Հայաստանի էներգետիկայում ներդրումներ անելու պատրաստակամության մասին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կոչ է արել Հայաստանին խթանել երկրում վերականգնվող արևային էներգիայի օգտագործումը և հայտարարել, որ «ԵՄ-ը Հայաստանում շատ բան է անում նրա էներգետիկ անկախությանն աջակցելու նպատակով»:

Հայաստանի իշխանություններն այդ առաջարկներին հստակ չեն պատասխանել: Դրա փոխարեն նախագահի մակարդակով հայտարարվել է, որ Հայաստանը կողջուներ ԱՄՆ հետ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Տեղական փորձագետները նկատում են, որ Հայաստանը չի կարող «ներս թողնել» արևմտյան կապիտալն էներգետիկայի ոլորտ, որը փաստացի մոնոպոլիզացվել է Ռուսաստանի կողմից:

Միաժամանակ ՆԱՏՕ-ն ակտիվորեն փորձում է համագործակցել Հայաստանի հետ: Վերջին ամսվա ընթացքում հայ զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի երկու խոշոր զորավարժություններին: Ռումինիայում կայացած զորավարժությունների ընթացքում զարգացվում էին Ռուսաստանի հնարավոր ագրեսիային դիմակայելու միջոցները, իսկ Վրաստանում շուտով մեկ այլ զորավարժություններ կսկսվեն, որոնք նույնպես կապված են ռուսական սպառնալիքի հետ:

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ Հայաստանի տնտեսությունն ավելի շատ է կապված ԵԱՏՄ անդամների հետ, «և մեր ապրանքները մրցունակ են ԵԱՏՄ շուկայում»: «Ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ԵԱՏՄ-ն այլընտրանք չունեն: Մենք այդ միություններին անդամակցել ենք ոչ նրա համար, որպեսզի ինչ-որ մեկին դուր գանք, այլ որպեսզի սպասարկենք մեր պետական շահերն», -ասել է նա: 

Սակայն, ինչպես նշվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում, Հայաստանն էներգետիկ այլընտրանք ունի ինչպես ի դեմս Իրանի, այնպես էլ վերականգվող աղբյուրների: «Հայաստանի էներգետիկայի ոլորտում ԱՄՆ և ԵՄ ներդրումների մասին առաջարկները ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաև տնտեսական զարգացման գրավական են», -ասված է հայտարարությունում: 

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն առաջարկում է ստիպել Ռուսաստանին իր վրա վերցնել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ծախսերը: «Ղրղզական Մանասի օրինակով Հայաստանը պետք է օդանավակայան տրամադրի, ասենք, Արզնիում ՆԱՏՕ-ի փոքր բազայի համար», -ասել է Համբարյանը:

Նրան հակադարձում է Սերժ Սարգսյանը: «Սակայն արդյո՞ք հնարավոր են Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ, և մի՞թե ՆԱՏՕ-ում մեզ սպասում են գրկաբաց», -հայտարարել է նա հայկական ալիքներից մեկի «Ռ-Էվոլյուցիա» հեռուստահաղորդման ժամանակ:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայ-ռուսական հարաբերությունները ֆարս է համարում: «Ռազմավարական գործընկերը չի կարող զենք վաճառել մեր հակառակորդին: Բացի այդ, ռուս մոնոպոլիստների ներկայությունը Հայաստանի շուկայում դիակապտության բնույթ է սկսում կրել: Գազային ոլորտում, երկաթուղային հաղորդակցման ոլորտում թալան է տեղի ունենում: Բոլոր մեր ռազմավարական օբյեկտները՝ տրանսպորտային, էներգետիկ, կապի, Ռուսաստանին են պատկանում:

Մենք նրան վստահել ենք մեր անվտանգությունը, անգամ Գյումրիի ռուսական բազայի կոմունալ վճարումներն ենք անում: Այն դեպքում, երբ Սիրիայում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում իր ռազմաբազաների համար ռուսները ստիպված են վարձ վճարել: Մենք Գյումրիի ռազմաբազային հսկայական տարածքներ ենք տրամադրել, իսկ զինվորները քաղաքի բնակչության համար իսկական պատիժ են դարձել», -համարում է նա:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, սակայն, նշում է, որ Ռուսաստանի ճնշումը հակառակ արդյունքների է բերել. «Ինձ թվում է, որ նրանք շատ են վախենում հայերի հանրային գիտակցությունում տեղի ունեցող փոփոխություններից, որոնք հենց իրենց քաղաքականության արդյունք են դարձել: Ապրիլյան պատերազմից հետո, երբ անգամ հինգերորդ շարասյունը չօգնեց, նրանք տեսան, որ երիտասարդ սերունդը պատրաստ է տրվելու պետականության և ինքիշխանության գաղափարներին: Դա չափազանց կարևոր հոգեբանական ակտ էր: Նրանց համար հոգեբանական սուվերենիզացիան գիշերային մղձավանջ է»:

Եվ, այնուամենայնիվ, հազիվ թե Հայաստանի քաղաքական ուժերը տվյալ փուլում ԵԱՏՄ-ն լքելու գործընթաց նախաձեռնեն, չնայած որ «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը» նման հնարավորություն տրամադրում է: 

Նաիրա Հայրումյան

Օրացույց