Վրաստանում քաղաքական կուսակցությունների սատարման մակարդակը նախկինի պես ցածր է

հուլիս 29, 2017 - 18:40        Viewed: 124       

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երեք ամիս առաջ ընտրողների 62%-ը քաղաքական ֆավորիտ չունի: Վրաստանում քաղաքական կուսակցությունների սատարման մակարդակը նախկինի պես ցածր է: Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության արդյունքները:

Քաղաքական վարկանիշները հետևյալն են. այն հարցին, թե ում օգտին կքվեարկեիք, եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեին վաղը, հարցվածների 27%-ը պատասխանել է՝ իշխող «Վրացական երազանքի», 8%-ը՝ «Միասնական ազգային շարժման» (Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը), 3%-ը՝ «Եվրոպական Վրաստանի» (ՄԱՇ պառակտումից առաջացած կուսակցություն), 35%-ը չի կարողացել պատասխանել հարցին, 15%-ը հրաժարվել է պատասխանել:

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների դիրքերը, NDI հարցման համաձայն, հետևյալ կերպ են բաշխվել. հարցվածների 37%-ը, որը ենթադրաբար մասնակցելու է ընտրություններին, քվեարկելու է «Վրացական երազանք» կուսակցության առաջադրած թեկնածու Կախա Կալաձեի օգտին: Նրան հետևում է ընդդիմադիր թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին՝ 22%, երրորդ տեղում է Զաալ Ուդումաշվիլին «Միասնական ազգային շարժումից», իսկ չորրորդ տեղը զբաղեցրել է «Եվրոպական Վրաստանի» թեկնածու Էլենե Խոշտարիան:

Հարցվածների 62%-ը չի կողմնորոշվել, թե ում օգտին քվեարկել: 35-ը արդեն գիտի, թե ում է տալու իր ձայնը:

Հարցվածների 7%-ը չի կարողացել նշել այն կուսակցությունը, որի քաղաքական պլատֆորմն ամենից շատն է համապատասխանում իր հայացքներին, 6%-ը հրաժարվել է պատասխանել այդ հարցին: 23%-ն որպես այդ հարցի պատասխան նշել է «Վրացական երազանքը», 9%-ը՝ ՄԱՇ-ը, 4-ական տոկոսը նշել է «Եվրոպական Վրաստանն» ու «Հայրենասերների դաշինքը»:

NDI կողմից հարցվածների 32%-ը համարում է, որ ազատ և արդար ընտրությունների գլխավոր խնդիրն ընտրակաշառքներն են: Իսկ 18%-ը կարծում է, որ խնդիրն ընտրազանգվածի վրա գործադրվող ճնշումն է:

Հարցվածների 59%-ը համաձայն է այն պնդմանը, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը երեք տարի առաջ լքել է այդ պաշտոնը և ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, նախկինի պես մեծ ազդեցություն ունի իշխանության վրա:

Դրան զուգահեռ, 56%-ը ցանկանում է, որ Բիձինա Իվանիշվիլին չմասնակցի քաղաքական որոշումների կայացման գործընթացին:

NDI հարցվածների մեկ երրորդ մասը տարբեր ինստիտուցիաների աշխատանքի գնահատման մասին հարցին պատասխանել է. «Ոչ լավ, ոչ վատ»:

Հարցվածների 51%-ը կարծում է, որ խոսքի ազատության հետ կապված իրավիճակը կամ լավ է, կամ շատ լավ, 18%-ը հակառակ կարծիքն ունի, իսկ 28%-ը իրավիճակը գնահատում է «ոչ լավ, ոչ վատ»:

35%-ը հավատում է, որ Վրաստանում ընտրություններն ազատ ու արդար են: 28%-ը հակառակ կարծիքին է, հարցվածների մեկ երրորդ մասը (29%) կարծում է, որ ընտրությունները միջին մակարդակով են անցնում՝ «ոչ լավ, ոչ վատ»:

Հարցվածների 36%-ի կարծիքով՝ Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են: 32%-ն այդտեղ մեծ խնդիր է տեսնում: 28%-ը՝ «ոչ լավ, ոչ վատ»:

28%-ը համարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկրում հաջող է ընթանում, հարցվածների ևս 28%-ը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունք է, իսկ 30%-ը պնդում է, որ այդ պայքարն ընթանում է «ոչ լավ, ոչ վատ»:

NDI հարցման մասնակիցների 49%-ը կարևոր է համարում քաղաքացիական կուսակցություններում նույն թվով կանանց և տղամարդկանց ներկայությունը, իսկ 46%-ն այդ հարցն անկարևոր է համարում:

Հարցվածների կեսից ավելին (58%-ը) կարծում է, որ քաղաքապետի աշխատանքը միևնույն կերպ լավ կկատարի և տղամարդը, և կինը: 29%-ը վստահ է, որ քաղաքապետի պարտականություններն ավելի լավ կկատարի տղամարդը:

Հարցվածների 78%-ի կարծիքով՝ կանայք և տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն խորհրդարանի պատգամավոր աշխատելիս: 77-ն այդ կարծիքին է նաև սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմին) հարցում:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության մեջ ներառվել է նաև ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի սկանդալային գործը:

Հարցվածերի 72%-ը տեղյակ էր այդ մասին, 26%-ը՝ ոչ: 82%-ը կարծում է, որ կատարվածի համար պատասխանատվությունն ընկնում է վրացական իշխանությունների վրա, քանի որ նրանք պարտավոր էին մարդու իրավունքների պաշտպանություն ապահովել:

Հարցվածների 56%-ը կարծում է, որ Աֆղան Մուխտարլիի առևանգումը բացասաբար է անդրադարձել Վրաստանի որպես մարդու իրավունքների և ԶԼՄ ազատության ոլորտում տարածաշրջանային առաջատարի վրա: Հարցվածների 2%-ը համարում են, որ լրագրողի առևանգումը կվնասի վրացական պետության հեղինակությանը, իսկ 15%-ի կարծիքով՝ այդ փաստը ոչ մի կերպ չի անդրադառնա երկրի իմիջի վրա:

Օրացույց