Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է շուրջ 40 տոկոսով

հուլիս 31, 2017 - 05:25        Viewed: 197       

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը անցած տարի ռեկորդային աճ է գրանցել՝ 38,8 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տեղեկատվական տեխնոլոգիաների միջին տարեկան աճը մոտ 7 անգամ գերազանցել է երկրի ողջ տնտեսության տարեկան աճի ցուցանիշը:

Առաջընթացի պատճառն, ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի, բարձր որակն է, այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի շատ հայաստանյան ընկերություններ են հայտնի դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային հարթակում՝ ներկայացնելով սեփական արտադրանքը:

Վերջին շրջանում համաշխարհային շուկա դուրս եկան հայկական արտադրության մի քանի յուրահատուկ ծրագիր: Դրանցից մեկը Volterman «խելացի» դրամապանակն է, որը հնարավոր չէ, կամ շատ բարդ է կորցնել նրա մեջ տեղադրված ծրագրերի փոքրիկ տեսախցիկի շնորհիվ: Մյուսը SoloLearn-ն է, որը հաղթեց Facebook-ի կողմից հայտարարված մրցույթում:

Armphone ու Armtab արտադրող Technology and Science Dynamics ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը կարծում է, որ հայաստանյան ընկերությունների հաջողությունները բացատրվում են նաև արտահանման աճով: Սակայն նա միաժամանակ զգուշացրել է ռիսկերի մասին․ «Ընդհանրապես էկոնոմիկայի մեջ դա հնարավոր ա՝ պոռթկումը, բայց ամենակարևորը դրանից հետո, եթե ոչ աճ ապահովելը, ապա նույն մնալն է: Դա բավականին մեծ խնդիր է»:

Կայուն աճը պահպանելու հարցում ոլորտի առաջատարները տեսնում են կառավարության աջակցության անհրաժեշտությունը: Նրանք կարծում են, որ կառավարության հետ պետք է հաստատվի երկխոսություն ռազմավարության առումով. ինչ է պետք անել և ինչն է ամենակարևորը ոլորտը առաջ տանելու համար:

Օրացույց