Վրաստանը գտնվում է ճակատային գծում և նրա դերն անհերքելիորեն աճում է

օգոստոս 01, 2017 - 06:00        Viewed: 137       

JamNews -Միացյալ Նահանգների համար երկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Փոխնախագահը Թրամփի վարչակազմի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչն էր, որը պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել: Մայք Փենսին ու նրա կնոջը՝ Քարենին օդանավակայանում դիմավորում էին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Իան Քելին, լրագրողներ և շարքային թբիլիսցիներ, որոնք կանգնած էին հատուկ ցանկապատից այն կողմ և 37 աստիճան շոգին թափահարում էին ԱՄՆ և Վրաստանի դրոշները:

Վրացական հեռուստաընկերություններն աշխատում էին արտակարգ ռեժիմով և ուղիղ եթերում փոխանցում էին այցի բոլոր մանրամասները. հեռուստադիտողները տեսան, թե ինչպես վայրէջք կատարեց փոխնախագահի ինքնաթիռը, թե ինչպես նա կնոջ հետ անցավ կարմիր գորգի վրայով, իսկ նվագախումբը նվագեց երկու երկրների հիմները:

Այդ ամբողջ էյֆորիան, որն առաջացել էր բարձրաստիճան հյուրի այցի հետևանքով, ինչ-որ բանով նման էր 12 տարի առաջ նախագահ Բուշի՝ Վրաստան կատարած այցին:

Թբիլիսիում այդ այցին առանձնահատուկ կերպով էին պատրաստվում: Վրացական և ամերիկյան դրոշների գույներով էին լուսավորվել Եվրոպայի հրապարակը, Մետեխիի կամուրջն ու հեռուստաաշտարակը, ամերիկյան դրոշներ էին կախվել կենտրոնական պողոտաներում:

Օդանավակայանից Մայք Փենսն ուղևորվեց դեպի ճոպանուղի, որտեղ տոնական ընթրիքի ժամանակ ամերկյան հյուրերը լսում էին վրացական ժողովրդական երգեր, իսկ Վրաստանի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը բաժակաճառ ասացին երկու երկրների բարեկամության վերաբերյալ:

Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին Մայք Փենսը ևս մեկ անգամ նշել է, որ ԱՄՆ-ն Վրաստանի կողքին է: ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է էլ ավելի խորացնել երկկողմանի հարաբերությունները:

Փենսը մի քանի անգամ կրկնեց, որ նախագահ Թրամփը մոտ ժամանակներս կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին Սենատի հաստատած ակտը:

«Մեզ համար մեծ պատիվ էր սկզբում Ձեր այցը Սպիտակ տուն, այնուհետև իմ ներկայիս այցն այս պատմական երկիր: Նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն այն է, որ մենք ձեզ աջակցում ենք և ձեր կողքին ենք, վրացի ազգի կողքին», -հայտարարել է Փենսն ու ուշադրություն դարձրել Վրաստանի պատմությանն ու ավանդույթներին:

Փենսը նշել է, որ ԱՄՆ-ն քննադատում է Վրաստանի տարածքի 20%-ի օկուպացիայի փաստն ու այն, որ ռուսական զորքերը գտնվում են Թբիլիսիից 40կմ հեռավորության վրա:

«Վրաստանը գտնվել է ժողովուրդների բանտում՝ ԽՍՀՄ-ում, այնուհետև այդ դաժան ռեժիմը փլուզվել է: Վրաստանը ձեռք է պարզել Արևմուտքի և Եվրոպայի երկրներին՝ օգնություն խնդրելով, և մենք պատրաստ ենք էլ ավելի մոտենալ Վրաստանին, էլ ավելի հաղորդակից լինել նրա ձգտումներին և էլ ավելի ամրապնդել մեր հարաբերությունները», -նշել է փոխնախագահը:

«Շնորհիվ ձեր օգնության Վրաստանն այսօր ոչ խորհրդային, ոչ հետխորհրդային երկիր է», -այսպես է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դիմել ԱՄՆ փոխնախագահին:

Վարչապետի խոսքով՝ Փենսի հետ զրույցի գլխավոր թեման այն մարտահրավերներն են եղել, որոնք կանգնած են Վրաստանի առջև «ռուսական օկուպացիայի արդյունքում»:

«ԱՄՆ-ն մեծ դեր է խաղում ժնևյան քննարկումների ձևաչափում, և կարևոր է, որպեսզի բարձրագույն մակարդակում ներգրավվածության օգնությամբ հստակ որոշումներ կայացվեն Վրաստանի տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ, ինչպես նաև հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ», -նշել է Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել է նաև ռազմավարական գործընկերության էլ ավելի խորացումը: Առաջին հերթին՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ կողմից աջակցությունը շատ կարևոր է վրաց-ռուսական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Կվիրիկաշվիլին աննախադեպ է անվանել որոշումները, որոնք ընդունվել են ԱՄՆ վաչակազմի և Կոնգրեսի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ:

Մայք Փենսը Վրաստան էր ժամանել Էստոնիայից: Սա նրա առաջին արևելյան եվրոպական շրջագայությունն է, որի ընթացքում նա կայցելի նա Չեռնոգորիա: Փենսի խոսքով՝ նա այդ երկրներ է բերել նախագահի ուղերձը: Այդ երկրներից միայն Վրաստանն է, որ ՆԱՏՕ-ի անդամ չէ, ինչն, ըստ վրացի վերլուծաբանների, դեպի դաշինք ձգտող Վրաստանի համար լրացուցիչ դրական ազդակ է:

Փենսի խոսքով՝ գլխավորն, ինչ նա ցանկանում էր ասել, այն է, որ ԱՄՆ-ն այդ երկրներին կարևոր գործընկերներ է համարում և չի պատրաստվում համակերպվել Ռուսաստանի ագրեսիային:

«Նախագահ Թրամփն ինձ ուղարկել է Արևելյան Եվրոպա պարզ ուղերձով. America First կարգախոսը չի նշանակում, որ Ամերիկան մենակ է լինելու: Մեր ուղերձը նույնն է ինչ Բալթիայի երկրների համար, այնպես էլ Վրաստանի և Չեռնոգորիայի՝ Արևելյան Եվրոպայում մեր դաշնակիցների. մենք ձեզ հետ ենք, մենք ձեր կողքին ենք հանուն ազատության», -ասել է Փենսն ամերիկյան FOX NEWS հեռուստաալիքին:

Խոսելով ԱՄՆ փոխնախագահի՝ Վրաստան կատարած այցի մասին, վերլուծաբաններն ուշադրություն են դարձնում մի քանի կարևոր գործոնների վրա: Առաջին հերթին, դա ԱՄՆ Սենատի կողմից հաստատված օրենսդրական ակտն է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացման մասին:

Այդ փաստաթուղթը, որն, ինչպես նշել է Փենսը, շուտով կստորագրի նախագահ Թրամփը, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի համար տնտեսական պատժամիջոցների ռեժիմի խստացում է նախատեսում: Այդ փաստաթղթում, որն արդեն Կրեմլի ցասումն է առաջացրել (Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը 755 հոգով և հայտարարել է, որ այլևս չի հավատում ԱՄՆ հետ հարաբերությունների արագ բարելավմանը), հիշատակվում է նաև Վրաստանը. այնտեղ նշված է, որ ռուսական ագրեսիան լուրջ վտանգ է ներկայացնում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինքնիշխանության համար:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը ևս մեկ կարևոր փաստաթուղթ է ընդունել, որը նույնպես կապված է Վրաստանի հետ՝ բյուջեի մասին օրենքը, որն ընդունվել է Կոնգրեսի և ստորագրվել Թրամփի կողմից: Օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ն չի համագործակցի այն երկրների հետ, որոնք ճանաչում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Երկրորդն, ինչի վրա ուշադրություն են դարձնում փորձագետներն, «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան ռազմական զորավարժություններն են, որոնք այս օրերին անցկացվում են Վրաստանում: Տարածաշրջանային մանևրներին մասնակցում է 8 երկիր:

Թբիլիսի գալուց առաջ Փենսը Տալինում հանդիպել է բոլոր երեք բալթյան երկրների ղեկավարների հետ և հայտարարություններ արել, որոնք նրանից սպասում էին Թբիլիսիում: Փենսը շատ էր խոսում «անկանխատեսելի հարևանի» մասին՝ նշելով, որ Ռուսաստանը փորձում է ուժով սահմաններ փոխել, ինքնիշխան երկրներում ժողովրդավարության խնդիրներ ստեղծել և միմյանց հետ գժտեցնել Եվրոպայի ժողովուրդներին:

«ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ անընդունելի է համարում ուժի, սպառնալիքի, վախեցնելու ցանկացած պրակտիկան, Բալթիայի և (Հյուսիսատլանտյան) դաշինքի իր այլ դաշնակիցների դեմ վնասակար ազդեցությունը», -հայտարարել է Փենսը Տալինում:

Վրաստանի ԱԳՆ-ում հայտարարում են, որ այդ հստակ հայտարարությունների և ուղերձների ամբողջությունը հիմքեր է տալիս խոսելու Թրամփի վարչակազմի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աննախադեպ աջակցության մասին:

Հուլիսի 31-ի բրիֆինգին արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն նշել է, որ «փոխնախագահի բարձրաձայնած ուղերձները խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն Վրաստանին ընկալում է որպես հավատարիմ դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ»:

Մարկ Փենսն իր երկօրյա պաշտոնական այցի գործնական մասը սկսել է օգոստոսի 1-ին 4 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից:

Հանդիպմանը ներկա էր Դավիթ Ուսուպաշվիլին, որը ներկայացնում է նոր «Արարման շարժումը», Դավիթ Բակրաձեն («Եվրոպական Վրաստան»), Նիկա Մելիան («զգային շարժում») և Շալվա Շավգուլիձեն («Ազատ դեմոկրատներ»):

Փակ հանդիպման ավարտից հետո ընդդիմության ներկայացուցիչները լրագրողներին պատմել են, որ զրույցը վերաբերել է ինչպես Վրաստանի ներքին ժողովրդավարական գործընթացներին, այնպես էլ եվրատլանտյան դաշինքին երկրի ինտեգրմանը:

Ավելի հստակ, ընդդիմությունը Փենսի ուշադրությունն է հրավիրել սահմանադրական և ընտրական բարեփոխումների, խոսքի ազատության, «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության գործի, ոչ ֆորմալ կառավարման և իշխանությունների ձեռքերում կենտրոնացած ավելորդ իրավասությունների վրա:

«Ես պարոն փոխնախագահին առաջարկել եմ ֆորմուլա համաձայնեցնել. եթե Ամերիկան նրանց համար First է (առաջինը), թող Վրաստանը Next (հաջորդը) լինի: Դա սերտ համագործակցության շարունակում է նշանակում: Ես առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել երկրի տնտեսական ուժեղացման վրա, առանց որի մենք չենք կարող խաղալ այն դերը, որը մեր մեջ տեսնում է ԱՄՆ-ն», -հայտարարել է Դավիթ Ուսուպաշվիլին:

Վրաստան կատարած իր այցից առաջ Փենսը նամակ է ստացել, որը ստորագրել է 24 ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպություն, որում այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն ԱՄՆ փոխնախագահին խնդրում են օկուպացիայի խնդիրների հետ մեկտեղ Վրաստանում ուշադրություն դարձնել խոսքի ազատությանը, մեդիաբազմազանությանն, անկախ դատարաններին և սահմանադրական բարեփոխումներին: Ոչ կառավարական կազմակերպությունները կարծում են, որ Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացումը մեծապես կախված կլինի գործընկերների արձագանքից:

«ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևոր տարր է դառնում Ռուսաստանի ագրեսիվ ռևանշիզմի զսպումը», -կարծում է Ատլանտյան խորհրդի նախագահ, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Բատու Քութելիան, որը Փենսի այցը կապում է նաև Կոնգրեսի հաստատած օրենսդրական ակտի հետ:

Նրա խոսքով՝ լարված իրավիճակի ֆոնին, որ կապված է ռուսական ագրեսիվ քաղաքականության հետ, «Վրաստանը գտնվում է այդ դիմակայության ճակատային գծում», և նրա դերն անհերքելիորեն աճում է: Քութելիան կարծում է, որ ԱՄՆ աննախադեպ աջակցության ճիշտ օգտագործման դեպքում Վրաստանին շանս է տրամադրվում լուծելու այդ թվում նաև տարածքային խնդիրը:

Անգամ այն ամերիկյան փորձագետները, որոնք հնարավոր չեն համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումը մոտ ապագայում, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդում են, որ փոխնախագահի այցը կարևոր ուղերձ է Վրաստանի համար, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ:

Բրուքինգսի ինստիտուտի ավագ հետազոտող և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Պֆայֆերը պնդում է, որ այդ այցն ընդգծում է ԱՄՆ և Վրաստանի միջև հարաբերությունների նշանակությունը:

«Չնայած այն բանին, որ Վրաստանը ՆԱՏՕ անդամ չէ, ԱՄՆ-ն նրա հանդեպ լուրջ հետաքրքրություններ ունի: Այս այցը ցույց է տալիս նաև, որ Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև սերտ հարաբերություններ են հաստատվել», -ասել է Պֆայֆերը: Նրա կարծիքով ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանը պետք է սերտ կապեր հաստատի ԱՄՆ և եվրոպական երկրների հետ.

«Մինչ այն պահը, երբ Վրաստանը դառնա ՆԱՏՕ անդամ, կարծում եմ, ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները կարող են նրա հետ ուժեղ երկկողմանի հարաբերությունների պահպանել: Դա երկրի համար մեծ աջակցություն կլինի, որն ապագայում գտնվելու է Ռուսաստանի կողմից որոշակի ճնշման տակ»:

Օրացույց