Վրաստան. օգոստոսյան պատերազմից 9 տարի անց

օգոստոս 08, 2017 - 10:09        Viewed: 179       

Քաղաքական գործիչները, կառավարության անդամներն ու զոհվածների հարազատներն օգոստոսի 8-ի առավոտյան ուղևորվել են դեպի Մուխաթգվերդիի եղբայրական գերեզման հարգանքի տուրք մատուցելու օտոստոսյան պատերազմի զոհերի հիշատակին: «Օգոստոսի 8-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ ծանրագույն օր է: Ես ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հերոսների առջև, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի: Հիշատակի մոմ է վառվում ողջ Վրաստանի սրտում», -հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին սգո արարողությանը:

Եղբայրական գերեզմանին նա հայտարարել է խաղաղությանն այլընտրանք չլինելու և հաշտեցման անհրաժեշտության մասին:

«Մենք անում ենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի առաջին հերթին խաղաղություն պահպանենք: Մենք միասնական, տնտեսապես ուժեղ, ժողովրդավարական, իրոք եվրոպական Վրաստան ենք կերտում նրա համար, որ այն դառնա միասնական տուն վրացիների, աբխազների և օսերի համար: Բնականաբար, այս պատերազմը ողբերգություն է բոլորի համար, այդ պատճառով էլ մենք պետք է միմյանց աչքերին նայենք և ասենք այն ամենն, ինչ պետք է ասել, և պետք է հաշտվենք, քանի որ հաշտությունն այլընտրանք չունի: Ոչ վրացիները, ոչ աբխազները, ոչ օսերը երեխաներ չունեն նոր զոհերի համար», -հայտարարել է վարչապետը:

«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, այնպես, ինչպես միջազգային հանրությունը, վրաստանի հողում չենք ճանաչում «կալաշնիկովներով» մարդկանց, որոնք մարդկանց ազատ տեղաշարժի խնդիրներ են ստեղծում», -ընդգծել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանին:

«9 տարի առաջ Ռուսաստանի Դաշնության զորքերը խախտել են ինքնիշխան անկախ երկրի սահմանն ու օկուպացրել մեր շրջանները: Իրականում այդ օկուպացիան հիբրիդային պատերազմի տեսքով սկսվել է դեռևս 1990-ականներին, երբ վրացի ազգը համընդհանուր կերպով ևս մեկ անգամ հայտարարել է իր ժողովրդավարական անկախ ընտրության և զարգացման անկախ ուղու մասին: Այն ժամանակ՝ 1992թ-ին ՄԱԿ-ում ճանաչեցին Վրաստանի անկախությունն ու նրա տարածքային ամբողջականությունը: Վրաստանի սահմանների անխախտելիությունը ճանաչել է համաշխարհային հանրությունը: 2008թ-ի պատերազմի արդյունքում Ռուսաստանը փորձում է փոխել այդ սահմանները: Սակայն այդ փորձում Ռուսաստանը միայնակ է», -հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

«Մեր պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի կատարվի այն, ինչի համար պայքարում էին մեր հերոսները: Դա ամբողջականության վերականգնումն ու մեր հայրենիքի միասնությունն է», -ընդգծել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Օգոստոսի 8-ն ամենաողբերգական օրն է Վրաստանի պատմության մեջ: Եվ այսօր բազմաթիվ մարդիկ նվաստացած են օկուպացիայով: Մենք այդ մարդկանց ասում ենք. մենք ձեզ հետ ենք, պետությունը ձեր կողքին է, կլինեն դրանք մարդիկ, որոնք ապրում են օկուպացիոն գծում, բռնի տեղահանված անձինք կամ քաղաքացիները, որոնք մնացել են փշալարերից այնկողմ», -հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Ի հիշատակ Վրաստանի անկախության և դրա տարածքային ամբողջականության համար զոհվածների Թբիլիսիի և Քութայիսիի խորհրդարանի շենքերի վրա միաժամանակ իջցվել էին պետական դրոշները: Իջեցվել են նաև Վրաստանի բոլոր կառավարական շենքերի, ինչպես նաև նախագահի վարչակազմի շենքի դրոշները:

Այսօր Ինգուրի կամրջի և Խուրվալեթի բնակավայրի մոտ՝ օկուպացիոն գծից ոչ հեռու, ակցիաներ կանցկացվեն:

Երեկոյան երիտասարդությունը երթ կանցկացնի Թբիլիսիի պետական համալսարանից դեպի ՌԴ դեսպանատան շենք: Ակցիայի կարգախոսն է «Բողոքարկենք օկուպացիան միասին»: Ակցիան պլանավորել են տարբեր կուսակցությունների երիտասարդական կազմակերպություները սոցցանցերում:

2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության, որին մասնակցում էին Ռուսաստանն ու Վրաստանը: Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն, և վրացական բանակի գործողությունները պատասխան էին այդ սպառնալիքին և հարավօսական իշխանությունների սադրանքներին: 

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական կապերը խզվել են: Հատուկ հանձնաժողովի հաշվետվության համաձայն, որը ստեղծվել է Եվրամիության կողմից տեղի ունեցածի հանգամանքները հետազոտելու համար, օսական կողմից 365 զինվորական և քաղաքացիական անձ է զոհվել, վրացական կողմից՝ 412:

Զոհվել է նաև 67 ռուս խաղաղապահ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու ավելացել փախստականների և բռնի տեղահանվածների թվին:

Հրադադարի ռեժիմը Հարավային Օսիայում սկսել է խախտվել 2008թ-ի հուլիսին, ինչի համար կողմերը միմյանց մեղադրում էին: Օգոստոսի 7-ի երեկոյան վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատար Մամուկա Կուրաշվիլին հայտարարել է այն մասին, որ սահմանադրական կարգի վերականգնման մասին որոշում է կայացվել:

Օգոստոսի 8-ին ինտենսիվ մարտեր են սկսվել վրացական զինված ուժերի և ռուսական բանակի ստորաբաժանումների միջև:

Օգոստոսի 12-ին Մոսկվայում Ֆրանսիայի նախագահ (միջնորդ) Նիկոլա Սարկոզին և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Վրաստանում ռազմական գործողությունների դադարեցման մասին 6 կետ պարունակող փաստաթուղթ են ստորագրել:

Հնգօրյա պատերազմից հետո՝ 2008թ-ի օգոստոսի 26-ին, Ռուսաստանը հայտարարել է Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանության ճանաչման մասին:

Թբիլիսին ու Մոսկվան խզել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք չեն վերականգնվել մինչև այսօր:

Վրաստանի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ չնայած հրադադարի մասին 2008թ-ի օգոստոսի 12-ի փաստաթղթով իր վրա վերցրած պարտավորություններին՝ «Ռուսաստանը, խախտելով միջազգային իրավունքը, շարունակում է ինքնիշխան անկախ պետության շրջանների օկուպացիան»:

Այսօր հրադադարի մասին 2008թ-ի օգոստոսի 12-ի համաձայնագրի հիման վրա ստեղծվել է Բանակցությունների ժնևյան միջազգային ձևաչափ, որի նպատակը Ռուսաստանի և Վրաստանի միջև անվտանգության և հումանիտար հարցերի կարգավորումն է:

Չնայած դրան՝ հակամարտության գոտում նախկինի պես Վրաստանի քաղաքացիների առևանգման և ապօրինի ձերբակալման դեպքեր են գրանցվում: Դրա հետ մեկտեղ ռուս զինվորականները շարունակում են փշալարերի և սահմանային պաստառների մոնտաժն այսպես կոչված սահմանի երկայնքով: Ռուս-վրացական պատերազմի ընթացքում կատարված հնարավոր ռազմական հանցագործություններն այսօր ուսումնասիրվում են Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի գրասենյակում:

Դավիթ Կակուլիա

Օրացույց