Թբիլիսիում փակվել է Դեմիրելի անվան քոլեջը

սեպտեմբեր 03, 2017 - 17:51        Viewed: 143       

Կրթության և գիտության նախարարությունը որոշում է կայացրել փակել Սուլեյման Դեմիրելի անվան դպրոցը, որը Թբիլիսիում գործում էր 1993թ-ից: Դպրոցը փակվել է ուսումնական տարվա մեկնարկից 16 օր առաջ: Դա նշանակում է, որ Դեմիրելի անվան քոլեջի ուսանողները երկու շաբաթվա ընթացքում ստիպված են գտնել այլ ուսումնական հաստատություն:

Քոլեջի փակման պաշտոնական պատճառը նախարարությունում անվանել են հաստատության աշխատանքներում տեղ գտած թերությունները: Խոսքը, այդ թվում նաև, խարդախության մասին է:

«Ինտերպրեսսնյուսի» թղթակցի հետ զրույցում կրթության նախարարության իրավազորման պետական հանձնաժողովի փոխնախագահ Գիա Մուրգուլիան ասել է, որ Դեմիրելի անվան դպրոցը խնդիրներ է ունեցել միանգամից երեք ուղղություններով, որի պատճառով հետագա գործունեության համար արտոնագիր չի տրվել: Նրա խոսքով՝ առավել սուր էր դրված օտարերկրացիների հետ դպրոցի հարաբերությունների հարցը: Օրինակ, Մուրգուլիան ասում է, որ Իրանից կամ Իրաքից ժամանած ուսանողները մեկ օրում կարող էին հանձնել միանգամից մի քանի քննություն, ինչը շատ դժվար է պատկերացնել:

«Այլ երկրների քաղաքացիները հաճախ դպրոց էին ընդունվում մեկ օրում, նրանց համար կազմում էին անհատական ուսումնական ծրագիր: Սովորողները մեկ օրում հանձնում էին 6-7 քննություն, ինչպես վրացերնի և գրականության, այնպես էլ ֆիզիկայի և քիմիայի, պատմության կամ կենսաբանության դեպքում: Դա անհավանական է, անթույլատրելի խախտում է: Բացի այդ, դպրոցի գործունեության մեջ նկատվել են խարդախության նշաններ»,- ասել է Գիա Մուրգուլիան:

Դեմիրելի անվան քոլեջն արդեն մի քանի ամիս գտնվում է սկանդալների մեջ: Մայիսի 24-ին՝ այն բանից հետո, երբ այցով Վրաստան ժամանեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալեցին քոլեջի տնօրեն Էմրե Չաբուկին: Թուրքական կողմը պահանջում է նրան արտահանձնել Թուրքիա:

Չնայած այն բանին, որ քոլեջի ներկայացուցիչները կտրականապես հերքում են իրենց կապը թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ուսումնական հաստատության խնդիրները դիտվում են հենց Գյուլենի դեմ ծավալված արշավի կոնտեքսում:

Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նախկին համախոհ, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենն անցյալ տարվա վերջին մեղադրվեց Թուրքիայում հեղաշրջման կազմակերպման փորձի մեջ, նրա համախողները Անկարայում սուր հետապնդումների են ենթարկվում: Գյուլենի կազմակերպությունները Թուրքիայում հայտարարվել են ահաբեկչական: Գյուլենի բոլոր ուսումնական հաստատությունները Թուրքիայի իշխանությունները փակել են (Գյուլենի հովանավորությամբ ուսումնական հաստատություններ գործում են ամբողջ աշխարհում), նրա հազարավոր համախոհներ հայտնվել են ճաղերի ետևում: Նմանատիպ գործողություններ Էրդողանը պահանջում է նաև բարեկամ երկրներից:

Վրացի փորձագետները Չաբուկի ձերբակալություն և Դեմիրելի անվան դպրոցի փակումը պայմանավորում են Անկարայի կողմից Թբիլիսիի վրա ճնշումներով:

Դեմիրելի անվան քոլեջը Վրաստանի միակ ուսումնական հաստատությունը չէ, որի մոտ խնդիրներ են առաջացել Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու պատճառով: Ավելի վաղ կրթության և գիտության նախարարությունը կասեցրել էր Բաթումիում գտնվող Շահինի անվան դպրոցի արտոնագիրը:

Օրացույց