Հայաստանը ստորագրելու է Եվրամիության հետ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

սեպտեմբեր 04, 2017 - 09:40        Viewed: 165       

Հայաստանը ստորագրելու է Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք», -ասել է ՀՀ նախագայ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ փաստաթուղթը կստորագրվի աշնանը, ինչպես և նախապես հայտարարվում էր. «Ինչո՞ւ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, և դրանից հետո նախաստորագրեցինք»:

Հայաստանյան փորձագիտական և քաղաքական որոշ շրջանակներ կասկածամտորեն են վերաբերում այս գործընթացին` նշելով, որ Հայաստանը կարող է կրկնել 2013թ.-ի պատմությունը և վերջին պահին Ռուսաստանի ճնշման տակ չստորագրել այն։

4 տարի առաջ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը հրաժարվում է ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը և որդեգրում է Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը, Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադությամբ, ինչը և տեղի ունեցավ 2015թ.-ին ։

Եվրասիական տնտեսական միությունը հիմնվել է 2015թ. Ռուսաստանի գլխավորությամբ: Այսօր, Ռուսաստանից բացի, դրա կազմի մեջ մտնում է ևս 4 երկիր՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան: Միության հայտարարված նպատակն է՝ ապահովել տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը: Միության անդամ-երկրների տարածքներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն: Միավորման մեջ մտնող պետությունները նաև պարտավորվում են միմյանց հետ համակարգել իրենց ներքին տնտեսական քաղաքականությունը:

Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այդ իրադարձություններին, ասել է, թե որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013թ. Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը ներկայացնել «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում»՝ անհիմն են և պարզապես ծիծաղելի:

«Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք», -բացատրել է նախագահ Սարգսյանը:

Օրացույց