Հայաստանում տեղի է ունեցել հայ-վրացական երիտասարդ երաժիշտների փառատոն

սեպտեմբեր 06, 2017 - 08:30        Viewed: 265       

Դիլիջանում ավարտվել է հայ-վրացական երիտասարդ երաժիշտների փառատոնը: Դրան մասնակցել են Հայաստանն ու Վրաստանը ներկայացնող կոմպոզիտորներ և կատարողներ, Երևանի և Թբիլիսիի կոնսերվատորիաների և երաժշտական այլ կրթական հաստատությունների սաներ: Փառատոնի շրջանակում նրանք հանդես են եկել նաև առանձին համերգներով և համատեղ կատարումներով:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասել է, որ երկու երկրների երիտասարդ երաժիշտներին միավորում է երաժշտությունը. «Իրար մերվում են, իրար հետ նվագում են երկու երկրների երիտասարդներ: Ես կարծում եմ, որ նման փառատոնները պետք է պարբերական լինեն»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ խոսել է փառատոնի նպատակների և հայ-վրացական մշակությանի կապերի սերտացման մասին:

«Նրանք, ովքեր պետք է ապագայի կամուրջները կապեն՝ երիտասարդներն են, նրանք պետք է ստեղծեն հայ-վրացական նոր փոխհարաբերությունները: Իսկ բոլորիս հայտնի է, որ արվեստի ճանապարհը ամենաուղիղ ճանապարհն է դեպի մարդկանց սրտերը և հոգիները: Ես կարծում եմ, որ այս տասնօրյա համատեղ ստեղծագործական ճամբարը կնպաստնի, որ ոչ միայն նրանք բարեկամանան, այլ նաև ստեղծեն նոր մշակութային ձեռնարկներ, նոր գաղափարներ հղանան:

Առջևում մենք ունենք հայ-վրացական երիտասարդ կինոգործիչների ֆորում, որը տեղի է ունենալու Գյումրիում-Ախալքալաքում-Թբիլիսիում-Երևանում, և թե՛ կինոն, թե՛ երաժշտությունը, թե՛ արվեստի մյուս տեսակները պետք է լինեն մեր երկու ժողովուրդների շփման ամենակարևոր հարթակները», -նշել է նախարարը:

Օրացույց