Ինչպես են առնում համակրանքը. միջազգային հետաքննություն Ադրբեջանի օրինակով

սեպտեմբեր 08, 2017 - 07:43        Viewed: 131       

The Guardian -Այս շաբաթ Ադրբեջանը և երկրի իշխանությունները հայտնվել են միջազգային խոշոր սկանդալի կենտրոնում: Եվրոպական 11 պարբերական (այդ թվում՝ Le Mond, Guardian, Süddeutsche Zeitung) OCCRP- ի հովանու ներքո հրապարակել են համատեղ հետաքննության արդյունքներն այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները գնել Եվրամիության քաղաքական գործիչների լոյալությունը և փողեր լվացել:

Ինչպես հայտնի է դարձել անգլիական Guardian-ին և եվրոպական մեդիայի մի շարք ներկայացուցիչներին, ադրբեջանական իշխանությունները մի քանի տասնյակ միլիոն դոլար են ծախսել իրենց իմիջի ամրապնդման և եվրոպացի քաղաքական գործիչներին առնելու համար: Լվացված միջոցների ընդհանուր գումարը հասնում է շուրջ 3 միլիադ դոլարի:

Հետաքննությունը ներառում է 2012-2014թթ.: Սխեմայի կենտրոնում գտնվել են Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունները: Էստոնիայում Danske բանկի մասնաճյուցի միջոցով նրանք ստացել են գումարներ Ադրբեջանի իշխանությունների և Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող ընկերություններից: Այնուհետև այդ միջոցներն օգտագործվել են Եվրոպայում անշարժ գույք, էլիտար ապրանքներ, այդ թվում՝ թանկարժեք ավտոմեքենաներ, գնելու, ինչպես նաև ադրբեջանական էլիտայի ներկայացուցչների երեխաների ուսման վարձը, բժշկական ապահովագրությունները վճարելու համար:

Բայց եղել է նաև այլ նպատակ, որի վրա զգալի գումարներ են ծախսվել. այն է՝ ամրապնդել Ադրբեջանի իմիջը, որին հաճախ մեղադրում են լրագրողներին, իրավապաշտպաններին հետապնդելու, անարդար ընտրություններ անցկացնելու մեջ:

Այդ գումարները ստացող եվրոպացի քաղաքական գործիչների և պաշտոնական անձանց թվում հիշատակվում է օրինակ գերմանացի խորհրդարանակ, Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անդամ Էդուարդ Լինտները, իտալական աջ կուսակցություններից մեկի առաջնորդ Լյուկա Վոլոնտեն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ Կալին Միտրևը, որը ներկայացնում է Բուլղարիան:

Guardian-ը՝ որպես լոբբիստական հաջողված նախագիծ, հիշատակում է 2013թ. ԵԽ-ի բանաձևի ընդունման ձախողումը, որը քննադատում էր ադրբեջաական իշխանություններին, ինչպես նաև«Ադրբեջանը՝ տոլերանտության երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-գրասենյակում, վերջինս ղեկավարում է Միտրևի կինը՝ Իրինա Բոկովան:

Guardian- նշում է, որ ադրբեջանական կողմից սխեմային մասնակցել են հետևյալ անձինք և ընկերությունները. Յագուբ Էյուբովը՝ վարչապետի առաջին տեղակալը, նրա որդին՝ Էմինը՝ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը, նախագահի խոսնակ Ազեր Գասիմովը, տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամադովը և նրա որդին՝ Անարը, Ադրբեջանի Միջազգային բանկը, Հեյդար Ալիևի Հիմնադրամը և Baktelecom MMC ընկերությունը:

Ադրբեջանի իշխանություններն անհապաղ արձագանքեցին այս մեղադրանքներին: Նախագահի օգնական Ալի Գասանովը հրապարակումն անվանել է կեղտոտ սուտ: Նրա կարծիքով՝ «Ադրբեջանը դարձել է արշավի զոհ, որի կազմակերպիչներն են անգլիական հետախուզությունը, Միացյալ Նահանգերը, ԱՄՆ-ում հայկական սփյուռքը»:

Հետաքննության հեղինակները կարծում են, որ սխեման կարող է էլ ավելի հեռուն գնալ, և երեք միլիարդ դոլարը, որը լվացել են և օգտագործել լոբբիստական նպատակների համար, այսբերգի միայն գագաթն է:

Չի բացառվում, որ այս հետաքննությունը հետաքրքիր գործնթացի միայն սկիզբն է, որին ականատես կլինենք առաջիկա ամիսներին:

ԱՄՆ-ում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննում է Ռուսաստանի հավանական միջամտությունը նախագահական ընտրություններին: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հետաքննության ընթացքում նա հետաքրքվել է նախագահ Թրամփի, ինչպես նաև վերջինիս շրջապատի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի հետ ունեցած կապերով:

Հիշեցնենք, որ Թրամփի նախընտրական շտաբի թիմի հետ շփումներում մասնակցել է Էմին Ագալարովը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի նախկին փեսան: Guardian-ը հիշատակում է նաև Անար Մամադովի անունը, թերթի տվյալներով՝ նա Թրամփի գործընկերն է Ադրբեջանում և նրա դուստր Իվանկայի ընկերը:

Բացառված չէ, որ փողերի լվացման սխեմաների եվրոպական և ամերիկյան հետաքննությունները, որոնք կապված են Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, մի ամբողջության մաս են, ինչը կնշանակի քաղաքական մեծ ցնցումներ ողջ աշխարհի համար:

Օրացույց