Հայաստանում շատերը երկրի ապագան համարում են Եվրամիությանն անդամակցությունը

սեպտեմբեր 13, 2017 - 08:20        Viewed: 135       

Հայաստանցիների մեծ մասը Եվրամիության հետ հարաբերությունների ակտիվացումը գնահատում է դրական: Այս մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով կազմակերպության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները:

Դրանց համաձայն՝ մարդկանց 88.6 տոկոսը դրական է գնահատում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացումը:

Ավելին, հարցվածների կեսից ավելին Հայաստանի ապագան ԵՄ անդամակցության հետ են կապում: Ըստ տվյալների՝ բնակչության 40 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում, 29 տոկոսը կարծում է նաև, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները մասամբ կարող են խոչընդոտել ԵՄ-ի հետ հարաբերություններին:

Իշխող «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը խոսելով հարցման մասին, ասել է, որ հարգում է Ստեփան Գրիգորյանին ու իր ղեկավարած կենտրոնը, բայց, իր կարծիքով, սոցիոլոգիական հարցումների պակաս մեր երկրում չկա, իսկ դրանց արդյունքների հավաստիությունը պայմանավորված է դրանով, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվել նյութերը հավաքելու և ամփոփելու ընթացքում: «Քաղաքացիների մեծ մասը Եվրոպական ինտեգրման տակ չեն հասկացել այն, ինչ հասկանում եք դուք», -ասել է Արմեն Աշոտյանը:

Հարցումն իրականացվել է Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի և այլ համայնքներում 2017 թ.-ի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը, դրան մասնակցել են 900 մարդ: Հարցվածների կեսից ավելին՝ 496-ը կանայք են եղել, 404-ը՝ տղամարդ:

JamNews

Օրացույց