Արցախյան կարգավորման ձևաչափն անխուսափելիորեն կփոխվի

սեպտեմբեր 14, 2017 - 08:20        Viewed: 242       

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նամակ է ուղարկել սենատոր Բոբ Կորքերին Պետդեպարտամենտում նախատեսվող առաջիկա փոփոխությունների վերաբերյալ: Թիլերսոնն առաջարկում է կրճատել առնվազն 30 հատուկ բանագնացի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին: Առաջարակվում է նրա պարտականությունները փոխանցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին: Նշվում է, որ պետքարտուղարի տեղակալի օգնականը ամբողջությամբ կստանձնի համանախագահի լիազորությունները, կպահպանվի նաև անձնակազմը:

Որոշում դեռևս չի կայացվել, բայց արդեն կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության ձևաչափում փոփոխությունների մեկնարկի մասին: Եթե Միացյալ Նահանգները վերացնի առանձին համանախագահի պաշտոնը, ապա Ռուսաստանը և Ֆրանսիան, ըստ ամենայնի, ևս համանման քայլ կձեռնարկեն: Իսկ դա, իր հերթին, կհանգեցնի համանախագահների ակտիվության նվազեցմանը, որոնք հաճախ մեկնում էին տարածաշրջան և հանդես գալիս հայտարարություններով՝ իրավիճակը պահելով վերահսկողության ներքո:

Այն մասին, որ շուտով ղարաբաղյան հակամարտության ձևաչափը կփոխվի, Հայաստանում խոսում են Հայաստանի Սահմանադրության բարեփոխումից ի վեր: 2018թ. ապրիլին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն, և այդ օրվանից Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն: Այդ ժամանակ նախագահի պաշտոնը կզրկվի հիմնական առաջնորդի նախկին գործառույթներից, կընդլայնվեն վարչապետի լիազորությունները:

Սակայն վարչապետը չի վերահսկի անվտանգության և արտաքին քաղաքականության խնդիրները ու դժվար թե մասնակցի բանակցություններին: 2007թ. ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները չհայտարարաված պայմանավորվածությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Եթե 2018թ. ապրիլից Հայաստանում այլևս նախագահ չլինի, ո՞ վ է մասնակցելու բանակցություններին: Այս հարցը դեռ պատասխան չունի: Եվ եթե բանակցություններին մասնակցի, ասենք թե, Հայաստանի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող փոխվարչապետը, արդյոք Ադրբեջանի նախագահը կխոսի նրա հետ:

Մի խոսքով՝ ձևաչափը փոխվում է, բայց դեռս հայտնի չէ՝ որ կողմ:

Փոփոխություններ, ի դեպ, սպասվում են նաև Ադրբեջանում: 2018թ. այս երկրում նախագահական ընտրություններ են անցկացվելու, և գնալով ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Իլհամ Ալիևը նախընտրում է պաշտոնին առաջադրել կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, որին տարեսկզբին նշանակեց փոխնախագահ: Դա ևս կազդի ղարաբաղյան բանակցությունների ձևաչափի և բնույթի վրա. Մեհրիբան-խանումը մի քանի անգամ հանդես է եկել ավելի քիչ ռազմականացված դիրքորոշմամբ, քան ամուսինը:

Փոփոխություններ կլինեն նաև Ղարաբաղում, որը, ճիշտ է, դեռևս ուղիղ մասնակցություն չունի բանակցություններին, բայց և միջնորդները, և հայկական կողմը պնդում են, որպեսզի Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Դեռևս հայտնի չէ՝ ով կներկայացնի Ղարաբաղը, եթե հանկարծ վերջինիս մասնակցությամբ ձևաչափը վերականգնելու որոշում կայացվի:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ղարաբաղն անցում է կատարել կառավարման նախագահական ձևի: Երկիրը հրաժարվում է վարչապետի ինտիտուտից: Փոխարենը ստեղծվում է նոր պաշտոն՝ պետական նախարարի:

Կառավարությունը վաղը հրաժարական կտա և կարծիք կա, որ կփոխվի նաև արտգործնախարարը: Չի բացառվում, որ Ղարաբաղը կսկսի ավելի ինտենսիվ պնդել, որպեսզի մասնակցի բանակցություններին և չի երկարացնի մանդատը, որով Հայաստանի նախագահը Ղարաբաղի անունից մասնակցում է բանակցություններին:

Ղարաբաղյան հակամարտության այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքների մշակումից 10 տարի անց գնալով ավելի բարձր են խոսում դրանց «անժամանակ վախճանի» մասին: Այդ սկզբունքներն առաջարկում են կարգավորման փոխզիջումային տարբերակ, մասնավորապես ՝ «կարգավիճակ տարածքային զիջումների դիմաց»:

Բայց 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը դադարել է խոսել զիջումների մասին, իսկ միջնորդներն ավելի շատ շեշտը դնում են հրադադարի պահպանման և կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման, քան «մադրիդյան սկզբունքների» կատարման վրա:

Մասնավորապես, միջնորդները՝ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, կոչ են անում շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմ, սակայն Ադրբեջանը կտրականապես մերժում է նման հնարավորությունը:

Փորձագետներն ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Արևմուտքը, ամենայն հավանականությամբ, Ղարաբաղի հարցով ընդունել է քաղաքական լուծում՝ անկախության ճանաչում:

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը Tert.am-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Արևմուտքը կգնա Ղարաբաղի «ինքնիշխանության» ճանապարհով: «Իսկ Ռուսաստանն այս հարցում ոչ մի բանով չի կարող օգնել», -ասել է նա:

Նրա խոսքով՝ այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն անխուսափելի է դառնում, իսկ այդ պատերազմի հետևանքների պատասխանատվությունը «կդրվի ՌԴ-ի վրա»:

Դժվար է հաստատել կամ հերքել նման ծրագրի առկայությունը, սակայն կարելի է նկատել, որ ինչ որ պահից սկսած Միացյալ Նահանգները ղարաբաղյան խնդիրը չի ներառում այն հակամարտությունների թվին, որոնց դեպքում պահանջում է տարածքային ամբողջականության պահպանում: Այդ ցուցակում, որպես կանոն, ներառում են աբխազական, հարավօսական, ուկրաինական և մերձդնեստրյան խնդիրները:

Նաիրա Հայրումյան

Օրացույց